Ադրբեջանն ու Թուրքիան շտապում են. ՀՀ-ի դէմ յարձակման վտանգը մեծ է
Պաշտօնական Կրեմլը յայտնում է, որ Ռուսաստանի Դաշնութեան նախագահի՝ Թուրքիա կատարելիք այցի ժամկէտները դեռեւս որոշւած չեն, սակայն չի բացառւում, որ այն կը կայանայ առաջիկայում՝ նախքան ՌԴ նախագահական ընտրութիւնները։ Աւելի վաղ հաղորդւել էր, որ այցը տեղի է ունենալու փետրւարի 12-ին, սակայն աւելի ուշ այս տեղեկութիւնը հերքւեց։
Յատկանշական է, որ Ռուսաստանի նախագահի այս այցի մասին աւելի քան մէկ տարի է՝ խօսւում է, սակայն այն տարբեր պատճառներով յետաձգւում է։ Փորձագէտների համոզմամբ՝ սա վկայում է երկկողմ յարաբերութիւններում առկայ որոշ խնդիրների մասին, որոնք հանրութեան համար դեռեւս տեսանելի չեն։
Oragir.News-ի հետ զրոյցում թուրքագէտ Տիրան Լոքմագեօզեանն ընդգծեց, որ չնայած Հայաստանում տարածւած կարծիքներին, ռուս-թուրքական յարաբերութիւններն այդքան էլ լաւ չեն։ Նրա համոզմամբ՝ Ռուսաստանն ու Թուրքիան պատմութեան մէջ ամենամեծ թշնամիներն են եղել, քանի որ իրենք այս տարածաշրջանի երկու մեծ ուժերն են, որոնք միշտ էլ իրար հետ խնդիրներ ունեցել են ու կը շարունակեն ունենալ։
«Թուրք-ռուսական յարաբերութիւնները երբեք լաւ չեն լինելու։ Իհարկէ առօրեայ քաղաքականութեան մէջ երկու երկրները միմեանց հետ համագործակցելու են, սակայն շարունակելու են մնալ այնպիսի թշնամիներ, ինչպիսին Հայաստանն ու Թուրքիան են։ Նրանք թշնամի են մնալու՝ հուր յաւիտեան, դա երբեք չի փոխւելու»,- ասաց նա՝ նշելով, որ չնայած այս ամենին երկու երկրները փորձում են համագործակցութեան եզրեր փնտրել, ինչն այսօրւայ աշխարհում նորմալ երեւոյթ է։
Հարցին, թէ որքանո՞վ է հաւանական, որ Պուտինի այցից յետոյ Ադրբեջանը Հայաստանի դէմ նոր ագրեսիա կը գործի՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ Ադրբեջանի նոր յարձակման մասին Հայաստանի վարչապետն էլ է խօսում։ Ըստ նրա՝ նման ձեւակերպումներ կարող են լրատւամիջոցները տան, սակայն նա պէտք է ասէր, թէ ստեղծւած իրավիճակում Հայաստանը ինչ քայլեր պէտք է ձեռնարկի։
Թուրքագէտն ուշադրութիւն է հրաւիրում այն բանին, որ Ադրբեջանն ու Թուրքիան շտապում են, քանի որ ձգտում են Հայաստանից շատ աւելին կորզել, քան իրենք ստացել են գլոբալ քաղաքականութեան արդիւնքում։ Նա այս համատեքստում նշեց, որ Ադրբեջանի կողմից նոր յարձակման վտանգը մեծ է, որին անհրաժեշտ է դիմագրաւել։
«Ադրբեջանը ձգձգում է խաղաղութեան պայմանագրի ստորագրումը, որպէսզի կարողանայ մեզնից աւելի շատ բաներ պոկել։ Տեւական ժամանակ էր, ինչ սահմաններին հանգիստ էր, Ադրբեջանը չէր կրակում, սակայն օրեր առաջ կրակոցները վերսկսեցին, եւ Ալիեւը սկսեց մեզ հետ յարձակւողական լեզւով խօսել։ Այդ պատճառով, այո՛, ժամանակը վտանգաւոր է, իսկ ինչ-որ բաներ ասելը, թէ երբ կը լինի ու ոնց կը լինի, դա գուշակութեան նման բան է»,- նկատում է թուրքագէտը։