Տաթեւիկ Հայրապետեան. «Ադրբեջանի ղեկավարութիւնը պարզ եւ ուղիղ տեքստով ասում է, որ Հայաստանը զաւթելը իրենց «ազգային նպատակն է»»

Ադրբեջանագէտ Տաթեւիկ Հայրապետեանը գրում է.
«Եւս մէկ անգամ տեղադրում եմ այն թէզերը, որոնք հանրային դաշտը պէտք է օգտագործի Ադրբեջանի զաւթողական ծրագրի մասին խօսելիս։
Ադրբեջանը պետական մակարդակով Հայաստանի Հանրապետութեան դէմ մշակում է զաւթողական ծրագիր, որը կրում է «Արեւմտեան Ադրբեջան» շինծու անունը։ Այն հրահանգւում եւ ֆինանսաւորւում է Ադրբեջանի նախագահի կողմից։ Այս ծրագիրը ուղիղ սպառնալիք է թէ՛ Հայաստանի, թէ՛ ողջ տարածաշրջանի համար։
Ադրբեջանում մեծանում է սերունդ, որին դպրոցական դասագրքերում սովորեցնում են, թէ իրենց հարեւանութեամբ գտնւող Հայաստանը իբր իրենց «պատմական հողն է», որտեղից իրենց «քշել են ցեղասպան հայերը»։ Պատմական, քաղաքական ու փաստական որեւէ քննութեան չդիմացող այս թէզը անհնար է դարձնում խաղաղութեան մասին որեւէ իրական խօսակցութիւն։
Այս զաւթողական ծրագիրը պէտք է կանխել հիմա՝ մեր ձեռքին եղած բոլոր քաղաքական, դիւանագիտական, տեղեկատւական մեթոդներով։ Մեր ձեռքին են փաստերը, իրաւունքները եւ հնարաւորութիւնները։ Եթէ այսօր չկանխենք դա քաղաքական դաշտում, վաղը հարկադրւած ենք լինելու գործել ռազմական դաշտում։
Ադրբեջանի ղեկավարութիւնն ապացուցել է, որ երբեք չի սահմանափակւում քարոզչութեամբ։ Իրենք պարզ եւ ուղիղ տեքստով ասում են, որ Հայաստանը զաւթելը իրենց «ազգային նպատակն է»։ Ուստի չի կարող լինել թիւրըմբռնում, թէ սա ասւում է զուտ ներքին լսարանի համար։
Ի շարս այս հարցերի՝ Ադրբեջանը մեր դէմ մղում է նաեւ կազմակերպւած տեղեկատւական ու հոգեբանական պատերազմ, ուստի շատ կարեւոր է չկիրառել ադրբեջանական տերմինաբանութիւնը, չընկնել գոյութիւն չունեցող իրաւունքների մասին խօսակցութեան իրենց թակարդը, այլ տալ ուղիղ քաղաքական գնահատականներ այս թեմային։ Կարեւոր է նաեւ յստակ ցոյց տալ հանրութեանը, որ կան լուծումներ, որոնք ներկայիս իշխանութիւնը չի կիրառում՝ փոխարէնը «նորմալ» դարձնելով Ադրբեջանի շատ վտանգաւոր զաւթողական ծրագրերը։
Այս զաւթողական հայեցակարգը խելացի, կամային եւ յամառ աշխատանքի դէպքում կարելի է դարձնել Ադրբեջանի ղեկավարութեան մեծագոյն գլխացաւանքը։ Մենք բոլոր հնարաւորութիւններն ունենք դրա համար»:



