
«ԱԼԻՔ» – Ի պատասխան Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի աղաղակող յայտարարութիւններին՝ Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութեան ներկայացուցիչն ընդգծել է. «Մեր սկզբունքային դիրքորոշումներում հաստատակամ ենք»:
Իսմայիլ Բաղային, ի պատասխան Թուրքիայի արտգործնախարարի յայտարարութեանը նշել է, որ տարածաշրջանային զարգացումներում Ամերիկայի եւ Իսրայէլի ակնյայտ դերակատարութեան վրայ աչք փակելը փոքր սխալ չէ: «Հասկանալի է, որ, Թուրքիայի արտգործնախարարի խօսքերով, տարածաշրջանը պէտք է ազատւի միւսների նկատմամբ միւս երկրի գերիշխանութեան մշակոյթից: Ո՛չ արաբները, ո՛չ թուրքերը, ո՛չ քրդերը, ո՛չ իրանցիները, ոչ մէկը չպէտք է ձգտի տիրել միւսին, անհանգստութիւն առաջացնել կամ սպառնալ»: Սակայն ի՞նչ կասէք Իսրայէլի մասին»-, ակնարկելով Իսրայէլին ապահով անկիւն մղած Ֆիդանի ելոյթի մասին յիշեցրել է ԱԳ ներկայացուցիչը. Տեղեկացրել է Թասնիմը:
Աղբիւրի համաձայն Բաղաին նշել է նաեւ, որ Թուրքիայի կողմից աջակցւող ուժերի կողմից Դամասկոսի անկումից մի քանի օր անց Իսրայէլը զանգւածային յարձակումներ է իրականացրել Սիրիայի ռազմական եւ պաշտպանական կենտրոնների ու ենթակառուցւածքների վրայ, նոյնիսկ գիտական եւ հետազօտական կենտրոնների վրայ՝ ոչնչացնելով դրանց աւելի քան իննսուն տոկոսը: Նա յաւելել է. «Բացի այդ, Իսրայէլը կրկին օկուպացրել է Գոլանի ողջ բարձրունքները եւ, շարունակելով իր ծաւալապաշտական մղումը, այժմ գրաւել է սիրիական տարածքի կարեւոր հատւածները»։
Բաղային նշել է, որ Իսրայէլն այժմ վերահսկում է Սիրիայի ամենակարեւոր ջրային պաշարները եւ շարունակում է խախտել այդ երկրի տարածքային ամբողջականութիւնն ու ինքնիշխանութիւնը։ Սրանք սխալ քաղաքականութեան արդիւնքներ են Սիրիայի, Պաղեստինի եւ ողջ տարածաշրջանի ժողովուրդների համար, ինչն արդիւնք է Թուրքիայի հովանաւորութեան ներքոյ գտնւող խմբաւորումների գործողութիւնների։
Բաղային յիշեցրել է, որ Իրանը վերջին հինգ տասնամեակում տարածաշրջանային որեւէ յաւակնութիւն չի հետապնդել: «Մեր ամբողջ մտահոգութիւնը եղել է աջակցել Պաղեստինի ժողովրդին ու նրա իդիալներին՝ բռնութեան եւ ագրեսիայի դէմ պայքարում, ինչպէս նաեւ տարածաշրջանում Իսրայէլի գերիշխանութիւնը կանխելը»-, յաւելել է նա:
Նա ընդգծել է, որ այսօր Պաղեստինի դատն աւելի քան երբեւէ խոցելի է դարձել, իսկ Իսրայէլն աւելի ատելի, քան երբեւէ։ «Եթէ չլինէին թիկունքից հարւածողները, ոչ ոք չէր համարձակւելու խօսել Գազայից պաղեստինցիների բռնի տեղահանման կամ Արեւմտեան Ափը իր երկրին կցելու մասին»,- նշել է նա։
Բաղաին ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը մշատպէս աջակցել է «Դիմադրութեան»-ը, միեւնոյն ժամանակ ազնւօրէն դիմակայել է ահաբեկչութեանը։ «Մենք առաջին երկիրն էինք, որ մեր ազգային հերոս նահատակ Սուլէյմանիի ձեռքով բարձրացրինք ԴԱԷՇ-ի եւ ծայրահեղականութեան դեմ պայքարի դրօշը նրանց յաղթելով տարածաշրջանում»,- յիշեցրել է Բաղային։
ԱԳՆ խօսնակը յիշեցրել է, որ մենք առաջին երկիրն ենք եղել, որ դէմ ենք գնացել Թուրքիայի կառավարութեան դէմ յեղաշրջմանը։ Մենք առաջին երկրներից էինք, որ ողջունեցինք PKK-ի կողմից զէնքերը վար դնելու պահանջները այն համարելով կարեւոր քայլ Թուրքիայում անվտանգութիւնն ամրապնդելու համար:
Բաղաին ընդգծել է, որ մենք հաստատակամ ենք մեր սկզբունքային դիրքորոշումներում եւ ամէն օր չենք փոխում մեր դիրքորոշումները մի քաղաքականութիւնից միւսը։
Նշենք, որ Al Jazeera-ին տւած հարցազրոյցում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը աղաղակող յայտարարութիւններ է արել Իրանի Իսլամական Հանրապետութեան դէմ՝ սխալ անւանելով Իրանի տարածաշրջանային քաղաքականութիւնը եւ պնդել, որ այդ քաղաքականութիւնը երբեմն կարող է յաջողութիւններ ունենալ, սակայն երկարաժամկէտ հեռանկարում այն թանկ է նստելու Իրանի ու տարածաշրջանի վրայ։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, անուղղակի սպառնալիքով Իրանին, յայտարարել է. «Ձեր ունեցած հնարաւորութիւններն ու շարժերը տեսանելի են նաեւ ուրիշների համար: Համապատասխանաբար, եթէ չես ուզում, որ մարդիկ քարեր նետեն քո պատուհանի վրայ, քար մի՛ նետիր ուրիշների պատուհաններին»: