Այդ հանրաքւէով թակարդ է պատրաստում՝ չի ստացւելու
ԱՄՆ ազգային անվտանգութեան գծով խորհրդական Ջէյք Սալիւանը Շւէյցարիայում յայտարարել էր, որ, անկախ պատերազմի արդիւնքներից, Ռուսաստանը պարտաւոր է ճանաչել Ուկրաինայի տարածքային ամբողջականութիւնը: Այսինքն՝ պատերազմի արդիւնքները չեն կարող հիմք հանդիսանալ աշխարհակարգի ձեւաւորման համար: Անգամ Գազայի խնդիրը չի լուծւում յօգուտ ուժեղի, շատ զէնք ունեցողի: Բոլոր դէպքերում պետութիւնները բանակցութիւններ են վարում, դիւանագիտութիւնն է աշխատում: Ո՛չ պատերազմում պարտւողներն են արագ զիջում, ո՛չ յաղթողներն են կարողանում իրենց յաղթանակները կապիտալիզացնել: Նոյն Զելենսկին չի ուզում գէթ մէկ միլիմետր զիջել իր սուվերեն տարածքից եւ չի համաձայնում խաղաղութիւն կնքելու ռուսական նախապայմաններին: Ռուսաստանն էլ՝ այսքան կորուստներից յետոյ, չի գնում խաղաղութեան, փորձում է աւելին ստանալ: Միայն Հայաստանն է արագութեամբ, առանց չնչին իսկ դիմադրութեան զիջում իր կենսական տարածքները՝ տեղի տալով թշնամու եւ արեւմտեան տարբեր կենտրոնների յորդորներին: Նոյն Սալիւանը մի անգամ նման բոցաշունչ ելոյթ չունեցաւ բզկտւող Հայաստանի ու հայաթափւող Արցախի մասին: Հայաստանի «ֆենոմենի» մասին «Հրապարակը» զրուցել է դիւանագէտ Վահագն Մելիքեանի հետ։
– ՀՀ իշխանութիւններն ինչո՞ւ են ադրբեջանաթուրքական տանդեմի հետ յարաբերւելիս սուլթան-վասալ փոխյարաբերութիւնների մոդելն ընտրել, երբ աշխարհում կան Ուկրաինայի ու Գազայի նման օրինակներ:
– Պատճառն ազգային օրակարգի բացակայութիւնն է: Այս իշխանութիւնները բացարձակապէս չեն շարժւում ազգային օրակարգով, չունեն օրակարգ, եթէ ունեն՝ դա օտարի օրակարգ է, եւ իրենք ընդամէնը սպասարկում են օտարի օրակարգը: Դա է խնդիրը: Չունեն մշակւած, կանխամտածւած, պատրաստւած դիւանագիտութիւն: «Դիւանագիտութիւն» բառն էլ սազական չէ, որ ես օգտագործեմ իրենց պարագայում, որովհետեւ իրենց մօտ մինուսային սանդղակի մէջ է դիւանագիտութիւնը: Չգիտեն միջազգային յարաբերութիւններ, չգիտեն, թէ ինչ է շահերի համադրելիութիւն, չգիտեն՝ ինչ է այսրոպէութիւնը եւ ապագան, չգիտեն՝ ինչ են անցեալից եկած սխալները եւ այդ սխալները չկրկնելը եւ այլն, եւ այլն: Իրենք սուբիեկտայնութիւն կորցրած խումբ են, որը կատարում է որոշակի ծրագիր, հետեւողականօրէն իրագործում այդ ծրագիրը, թելադրանքի ծրագիր է դա, սպառնալիքի ծրագիր է, ուժի ծրագիր է դա: Այս մարդիկ բացարձակապէս որեւէ կապ չունեն մեր ազգայինի, մեր ինքնութեան, մեր պատմութեան հետ: Ո՛չ պէտք է իրենց մեկնաբանել եւ ո՛չ էլ պէտք է անդրադառնալ իրենց ասածներին: Իրենք անում են այն, ինչ իրենց ասում են, եւ դա անում են շատ լաւ՝ իմիջիայլոց: Իրենց չի հետաքրքրում, եւ թքած ունեն՝ ժողովուրդ, վաղւայ օր, հող, հայրենիք եւ այլն: Այդ օրինակները, որ բերում էք, այդ մարդիկ, բացի ամէն ինչից, ունեն նաեւ իրենց ազգային օրակարգը: Մեր ազգային օրակարգը, եթէ նոյնիսկ կայ այդպիսին, մեզ հետ որեւէ կապ չունի, հայ ժողովրդի հետ կապ չունի այդ օրակարգը: Ուղղակի ամէն ինչ արւում է ժողովրդի հաշւին՝ չգիտակցելով, որ իսկապէս կարող ենք մի կէտի հասնել, որն անդառնալի կը լինի: Արտգործնախարարութեան երէկւայ յայտարարութիւնը նայէք՝ խայտառակութիւն է: Այսինքն՝ ձեզ քանի՞ տարի էր հարկաւոր, որ հասկանայիք, որ այս ամէն ինչը գնալու է դէպի պատերազմ, որ վիժեցւելու է ձեր իսկ հռչակած խաղաղութեան օրակարգը: Միակողմանի զիջողականութեան արդիւնքն էլ սա է՝ բախւել էք մի իրականութեան հետ, որի հետ հաշտ չէիք, համաձայն չէիք, երբ որ վաղուց նախազգուշացւում էր, ահազանգւում էր, ասւում էր մասնագէտների կողմից՝ այդ նոյն թոշակառու եւ դեզերտիր դիւանագէտների կողմից: Ես եւ իմ գործընկերները՝ նոյն այդ թոշակառուները, երկու տարի է՝ ասում ենք եւ 24 ժամ կրկնում:
– Երբեմն Արեւմուտքին ուղղւած քննադատութիւններ են հնչում, որ, տեսէք՝ Արեւմուտքը յարգում է Ուկրաինայի տարածքային ամբողջականութիւնը, նոյնիսկ կռիւ է տալիս դրա համար, իսկ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելում է Շուշի: Ինչո՞ւ նոյն վերաբերմունքը չկայ ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ, այլ հակառակը՝ խրախուսում են Ադրբեջանի ագրեսիւ ու զաւթողական քաղաքականութիւնը: Արդարացւա՞ծ են այս քննադատութիւնները:
– Ի՞նչ էք ուրիշներից ուզում, եթէ ձեր երկրի ղեկավարը, որն առաջին հերթին պիտի լինէր երաշխաւորը ե՛ւ անվտանգութեան, ե՛ւ իրաւունքի, թքած ունի ընդհանրապէս ամէն ինչի վրայ: Հիմա այս մարդն ասել է՝ արել է, եւ տարիներ առաջ իր արած յայտարարութիւնները եւ հիմիկւայ արած քայլերը կապ չունեն մէկը միւսի հետ: Վերջապէս դա էլ ասւեց, չէ՞, որ 18-ին ես կարող էի դա ասել (որ Արցախը չի կարող չլինել Ադրբեջանի կազմում՝ Հ. Ա.), իբր ձախողել է, որ չի ասել: Ոչ, դու սուտ ես ասել, մարդկանց խաբել ես, որպէսզի գաս իշխանութեան եւ ամէն գնով հիմա իշխանութիւնդ պահես: Ո՞ւմ հաշւին՝ ժողովրդի՞ հաշւին, հողերի՞ հաշւին, կորուստների՞ հաշւին։ Չի ստացւելու: Իսկ թէ ինչու Արեւմուտքը՝ այսպէս, ռուսները՝ այնպէս եւ այլն, որովհետեւ բոլորը զբաղւած են իրենց պետական ազգային շահերի հետեւողական իրականացմամբ, շահերի պաշտպանութեամբ, շահերի անվտանգութիւնը վեր դասելով ամէն ինչից, որովհետեւ իրենք հասկանում են՝ հայրենիքն ինչ բան է, ոչ թէ ասում են՝ պետութիւնն աւելի բարձր բան է, քան հայրենիքը: Այդ մոգոնած մտքերը, անհասկանալի սիմւոլիկաները պահէք ու ասէք այնտեղ, որտեղ դրանց հաւատում են:
– Փաշինեանը յայտարարեց, որ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի կապակցութեամբ կարող է հանրաքւէ իրականացւել: Ի՞նչ է դա նշանակում Հայաստանի համար:
– Շատ մեծ, նոր թակարդ է պատրաստւում՝ ես հիմիկւանից նախազգուշացնում եմ: Այստեղ՝ սրա տակ, շատ խոր վտանգ կայ, այդ հանրաքւէն, իմ խորին համոզմամբ, մի կէտից չի լինելու բաղկացած: Այդ հանրաքւէն մի քանի կէտ է իր մէջ ունենալու․ արդէն որոշակի ելոյթներ, քննարկումներ են սկսել՝ Եւրոմիութեանն անդամակցութեան հետ կապւած հանրաքւէ անել: Մի մոռացէք՝ Սահմանադրութեան հետ կապւած խնդիրները, որոնք բազում անգամ հնչեցւել են թէ՛ Բաքւից, թէ՛ նաեւ լատենտ ձեւով՝ Անկարայից: Հարցեր կան, որոնք ինքը պիտի տանի, իր պատկերացմամբ՝ հանրաքւէ: Ուզում է հարիւր հատ հանրաքւէի տանի՝ չի ստացւելու, որովհետեւ ժողովուրդն ինչ-որ իքս պահից արդէն հասկացել է, որ խաբւել է եւ լուրջ է խաբւել: Այդ մտավարժանքները եւ այդ մարմնի շարժումները, կը ներէք կոպիտ արտայայտւելու համար, այլեւս անախրոնիզմ են: Թող չփորձեն նոյն ոճով, նոյն ձեւով խօսել՝ այն պարզ պատճառով, որ ժողովուրդը չի թոյլատրի այլեւս, չի կարելի, հասկանո՞ւմ էք: Ամէն ինչն ունի իր չափը, էլ չեմ ասում, որ այդ չափը շատ վաղուց անցել են: Այդ հանրաքւէն հերթական թակարդն է, ու այդ հանրաքւէով, ամենայն հաւանականութեամբ, ոչ միայն սահմանազատման, այլեւ ուրիշ կողմնակի հարցեր էլ կը բերւեն՝ ընդհանուր փաթեթով այս անգամ փորձելու ինչ-որ լուծումներ տալ եւ այլն: Դա անում է մի իշխանութիւն, որի ռէյտինգն արդէն անտիռէյտինգին է մօտենում եւ լեգիտիմութեան լրջագոյն խնդիր եւ լրջագոյն պակաս ունի: Փաստ է ժողովրդի ներկայութիւնը, ժողովրդի արթնացումը, որ այդ հսկայական տասնեակ հազարները, որ հաւաքւել են ու իրենց ցասումն ու բողոքն են արտայայտում, այդ ժողովրդին փորձում են ամէն մէկին ականջներ դնել եւ հերթական անգամ իրենց ներկայ-նախկինները խաղարկել, որն էլի չի անցնելու, որովհետեւ շատ-շատ արագ ամէն ինչ հասկացւում է, գիտակցւում է, մարդիկ կոյր չեն: