Տիգրան Աբրահամեան. «Իշխանութիւնը ոչ մի կերպ չի կարողանում ոչնչացնել սեփական յանցագործութեան հետքերը»

«ԱԼԻՔ» – «Այն իշխանութիւնը, որը 2023-ին յանցաւոր անգործութեամբ յետեւում էր արցախցիների նկատմամբ ռազմական ագրեսիային ու Ցեղասպանութեան իրականացմանը, իր պահւածքով ու յայտարարութեամբ կանաչ լոյս վառում ադրբեջանցիների օկուպացիոն քաղաքականութեան համար, իսկ մինչեւ այդ յայտարարում, որ Արցախը Ադրբեջանի մաս է համարում, այսօր փորձում է իրադարձութիւններն այլ` իրականութիւնն ակնյայտ խեղաթիւրման ներքոյ ներկայացնել»,-գրում է ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը՝ արձագանգելով ԱԳ նախարարութեան վերջին յայտարարութեանը։
Նա նշում է՝ ԱԳՆ յայտարարութիւնն այն մասին, թէ «ԼՂ հայութեան բռնի տեղահանութեան եւ ԼՂ լուծարման վերաբերեալ հրամանագրի հրապարակումից յետոյ խնդիրը դուրս է եկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական յարաբերութիւնների կարգաւորման օրակարգից», ոչ այլ ինչ է, քան սեփական յանցագործութեան քողարկում:
«2019-ին Արցախի կենտրոնական հրապարակից «Արցախը Հայաստան է եւ վե՛րջ» գոռացող Փաշինեանն արդէն խոստովանել է, որ նա այդ ժամանակ ճիշտ հակառակն էր մտածում, սակայն մարդկանց իր իրական մտադրութիւնների եւ դիրքորոշման մասին չի համարձակւել ասել:
Ի վերջոյ, ՔՊ-ն ներկայացնող այն անձինք, երբ խօսում էին Արցախի ադրբեջանական լինելու մասին, ո´չ 2023-ի սեպտեմբերի յարձակումն էր եղել, ո´չ էլ Ադրբեջանի պարտադրւած հրամանագիրը, որի բովանդակութիւնը չէր էլ կարող հրամանագրով կարգաւորւել, առաւել եւս, որ այն ուժի մէջ մտնելու ընթացակարգերով չէր անցել, իսկ որոշ ժամանակ յետոյ չեղարկւել էր:
Իշխանութիւնը ոչ մի կերպ չի կարողանում ոչնչացնել սեփական յանցագործութեան հետքերը նոյնիսկ պատմութիւնը խեղաթիւրելու եւ բացայայտ կեղծիքների գնալու պայմաններում»,-ընդգծում է ընդդիմադիր պատգամաւորը։