Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ինչ «պանդորայի արկղ» է բացում Փաշինեանը

Նիկոլ Փաշինեանը շարունակում է իր երազած «խաղաղութիւնն» Ադրբեջանի հետ կառուցելու իմիտացիան: Հիմա էլ մի յուսահատ յօդւած է գրել, թէ «խաղաղութեան բոլոր նախադրեալներն» առկայ են, ու ինքն իրեն յոյս է տալիս, որ ներկայ իրավիճակում «խաղաղութիւն» հնարաւոր է: Իրականութիւնից կտրւած այդ վերլուծութիւնից մի դրւագ կառանձնացնենք, որտեղ նա, ըստ էութեան, յայտարարում է, թէ ՀՀ ԶՈՒ-ն օկուպանտ է եղել:

Ադրբեջանի օկուպացիայի ներքոյ գտնւող տարածքներից խօսելով, նա նախ հերթական անգամ շեշտում է, որ Հայաստանը դրանք ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չի դնում՝ հարցը «սահմանազատման գործընթացով» է լուծւելու: Ապա յայտարարում է՝ «մեր բանակը ՀՀ միջազգայնօրէն ճանաչւած ինքնիշխան տարածքից դուրս չպէտք է կիրառւի»: Այս թէզով փաստացի Փաշինեանի իշխանութիւնն Արցախը մենակ թողեց ադրբեջանական ագրեսիայի դէմ եւ հիմա փորձում է լեգիտիմացնել Հայաստանի՝ «օկուպանտ» լինելու Բաքւի թէզը:

«2022 թ. հոկտեմբերին, Պրահայում, չունենալով դրա իրաւունքը, Փաշինեանը ճանաչում է Ադրբեջանի գերիշխանութիւնն Արցախի նկատմամբ՝ դրանով իսկ Փաշինեանը Հայաստանի Հանրապետութիւնը յայտարարում է որպէս ագրեսոր պետութիւն: Գիտակցւած է արել, թէ ոչ՝ դժւարանում եմ պատասխանել, բայց իր յայտարարութեամբ նա յայտարարում է, որ Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի ինչ-որ տարածքներ: Խորապէս համոզւած եմ, որ Ալիեւը, յղում կատարելով Փաշինեանի հէնց այդ յայտարարութեան վրայ, կարող է եւ կը ձեռնարկի քայլեր Հայաստանի դէմ»,- ասել է ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը՝ յաւելելով, որ այդ յայտարարութիւնն Ադրբեջանն օգտագործելու է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան դէմ՝ նրանց մեղադրելով «օկուպացիոն ռեժիմի հետ համագործակցութեան մէջ»:

Ա. Խաչատրեանը հարցրել է՝ ի՞նչ է արել Փաշինեանը, որ այդ ներկայացումը Բաքւում չբեմադրւի: «Ակնյայտ է, որ ճնշումների ու կեղծիքների միջոցով Ադրբեջանը կը կորզի ցուցմունքներ, կաղճատի մարդկանց խօսքը եւ դա կօգտագործի ՀՀ-ի դէմ, հաւանաբար, դրանից է մտահոգւած կամ վախեցած Փաշինեանը, որ իր այդ յօդւածով, փաստօրէն, Ադրբեջանին ասում է՝ լաւ, ինչ ուզել ես, զիջել եմ, էլ ի՞նչ ես ուզում: Փաշինեանի մօտ հոգու ճիչ է, նա յայտարարում է, որ գնացել է բոլոր զիջումներին, որոնք Ադրբեջանը պահանջել է, հիմա պատրաստ է լրացուցիչ զիջումների, միայն թէ ստանայ մի թղթի կտոր, որի վրայ գրւած կը լինի «խաղաղութիւն»՝ անկախ նրանից, որ այն ամբողջական կապիտուլիացիա կը լինի»,- շեշտել է պատգամաւորը՝ նկարագրելով այն սցենարը, որն ակնկալում է Փաշինեանը այդ թղթով գնալ ընտրութիւնների ու ասել՝ ձեզ խաղաղութիւն էի խոստացել՝ բերել եմ, հիմա էլ Եւրոպա եմ խոստանում՝ կը տանեմ:

Արթուր Խաչատրեանը յիշեցրել է՝ ի հեճուկս Փաշինեանի, Ալիեւը երբեք չի յայտարարել, որ ճանաչում է ՀՀ 29 հազար 743 կմ տարածքը: Աւելին, յայտարարում է, որ ՀՀ տարածքի զգալի մասը «պատմական Ադրբեջանն է»: «Նման յայտարարութիւն արել է Շառլ Միշէլը, հետեւաբար, Ալիեւը կարող է ասել՝ Շառլ Միշէլն է ասել, նրանից էլ պահանջէք, բայց, ի տարբերութիւն Ալիեւի, Փաշինեանն ասիմետրիկ զիջումների է գնացել՝ բազմաթիւ անգամներ քառակուսի կիլոմետրերով յայտարարելով, թէ ինքն ինչ տարածքով է ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը, մինչդեռ, տրամաբանութիւնը պահանջում էր համաժամանակեայ նման յայտարարութիւն»: Նման գործելաոճը Խաչատրեանը սեփական ժողովրդի դէմ ուղղւած շանտաժ է որակում, որը տեղաւորւում է «եթէ զիջման չգնանք՝ կը լինի պատերազմ» բանաձեւի ներքոյ, իսկ զիջումները փորձում է ներկայացնել որպէս ազգի փրկութեանն ուղղւած քայլեր. «Իրեն պարտադրել են դաւաճանել Արցախը, հրաժարւել Արցախի անվտանգութեան երաշխաւորը լինելու յանձնառութունից, ինքը դա ներկայացնում է որպէս փրկութիւն, թէ այդ թոկից կտրւեցինք»:

Ինչ վերաբերում է ՀՀ Զինւած ուժերի մասին Փաշինեանի ասածին, պատգամաւորը յիշեցրել է՝ ադրբեջանական օկուպացիայից յետոյ նա շարունակ կրկնում է՝ մենք պատերազմ չենք սկսելու, խաղաղ ճանապարհով ենք յետ բերելու. «Դուրս կը գա՞ն ադրբեջանցիներն օկուպացւած տարածքներից, ե՞րբ դուրս կը գան, եթէ Փաշինեանը մնայ: Փաշինեանը նախապատրաստել է ժողովրդին, որ ադրբեջանցիները երկար են վայելելու այդ հիւրընկալութիւնը, յիշո՞ւմ էք՝ յայտարարում էր, թէ մենք իրենց ենք տանջել, իրենք էլ հիմա մեզ են տանջելու»:

Իսկ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է «տեղեկութիւն տրամադրել ղարաբաղեան առաջին պատերազմում անհետ կորած ադրբեջանցիների մասին», խօսում է պատերազմի ընթացքում «զոհւած ադրբեջանցի զինծառայողների եւ խաղաղ բնակիչների եղբայրական գերեզմանների» մասին, Հայաստանից պահանջում է ներողութիւն խնդրել «պատերազմական յանցագործութիւնների» համար։

«Եթէ ընդունել է, որ Արցախն Ադրբեջանի մաս է, ընդունել է, որ Հայաստանն ագրեսոր պետութիւն է, հիմա ակնյայտ է, որ Ադրբեջանը պէտք է պահանջի, որ Հայաստանը ներողութիւն խնդրի «ագրեսիայի» համար, փոխհատուցում տայ, որը 20 միլիարդի կարգի են գնահատել ու էլ աւելի կը մեծացնեն, յաւելեալ պահանջներ կը ներկայացնեն, այսպէս կոչւած, եղբայրական գերեզմանների տեղերի, մի քանի հազար անհետ կորածների մասով: Այսինքն, որքան Հայաստանը՝ Փաշինեանի ղեկավարութեան ներքոյ խեղճանում է, Ալիեւն այնքան լկտիանում է, եւ Փաշինեանն էլ աւելի ստրկացնող պարտաւորութիւնների տակ է մտնում ու յայտարարութիւններ անում: Հետեւաբար, նրան տուն ուղարկելը մեր ազգային անվտանգութեան խնդիրն է»,- եզրափակել է Խաչատրեանը:

ՄԱՐԻԱՆՆԱ ՂԱՀՐԱՄԱՆԵԱՆ

«Հրապարակ»

Related Articles

Back to top button