Հայաստան - ԱրցախՔաղաքական

Էդւարդ Շարմազանով. «Թող իրերը հաւաքի ու գնայ. նորմալ երկրում ցանկացած ղեկավար նման բաներ ասելուց յետոյ պէտք է ասէր՝ կը ներէք, ժողովուրդ, ես գնացի տուն»

«ԱԼԻՔ» – «Հայաստանի անվտանգութեան դէմ Ադրբեջանում գեներացւում են իրական սպառնալիքներ»,- իր հերթական հարցազրոյցի ժամանակ ասել է Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինեանը՝ ընդգծելով՝ ««Արեւմտեան Ադրբեջան» խօսոյթը հովանաւորւում է Ադրբեջանի բարձրագոյն ղեկավարութեան կողմից, եւ համանուն կազմակերպութեան հիմնարար փաստաթղթերում Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքի շուրջ 60 տոկոսն անւանւում է «ներկայումս Հայաստանի Հանրապետութեան վերահսկողութեան ներքոյ գտնւող տարածքներ» կամ «ներկայումս Հայաստանի Հանրապետութիւն կոչւող քաղաքական եւ իրաւական միաւորի կողմից վերահսկւող տարածք»:

Մատնանշելով Հայաստանի դէմ ուղղւած սպառնալիքները` միեւնոյն ժամանակ Փաշինեանը հարցազրոյցի վերջում ասել է նոյն հարցազրոյցի սկզբում ասածի ճիշտ հակառակը՝ շեշտելով՝ Հայաստանի դէմ էսկալացիայի հիմք չկայ։

«Ինչ ասեմ՝ դասական նիկոլիզմ է սա, ուրիշ ոչինչ։ Հարցազրոյցի սկզբում ասում է մի բան, վերջում՝ տրամագծօրէն հակառակը։ Ընդհանուր առմամբ, Փաշինեանի այս հարցազրոյցն Ադրբեջանի կողմից սպառնալիքների մասին է։ Այս ամէնի մեղաւորը Նիկոլ Փաշինեանն է, որովհետեւ խաղաղութիւնը կնքում են երկու կողմերը, իսկ Ալիեւը չի ցանկանում խաղաղութեան տանգօ պարել Նիկոլի հետ, կամ էլ՝ ուզում է, բայց միայն իր պայմաններով։ Այնպէս որ՝ այս հարցազրոյցն Ալիեւից խաղաղութիւն աղերսելու մասին էր»,- 168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի կողմից բարձրաձայնւող սպառնալիքներին եւ, միեւնոյն ժամանակ, առաջարկւող Խաղաղութեան օրակարգին, նման տեսակէտ է յայտնել ՀՀԿ ԳՄ անդամ Էդւարդ Շարմազանովը։

Նրա խօսքով՝ Փաշինեանը հերթական անգամ ինքնախոստովանութիւն է արել առ այն, որ իր առաջարկած Խաղաղութեան օրակարգը ձախողւել է։

«Նորմալ երկրում ցանկացած ղեկավար նման բաներ ասելուց յետոյ պէտք է ասէր՝ կը ներէք, ժողովուրդ, ես գնացի տուն։ Կարիք չկայ նման յօդւածից յետոյ, որ ընդդիմադիրները ներկայացնեն, թէ ինչ արհաւիրք է բերել հայ ժողովրդի գլխին այս մարդը»,- ասել է Էդւարդ Շարմազանովը՝ ընդգծելով՝ Փաշինեանն իր վարած քաղաքականութեան հետեւանքով Հայաստանը դարձրել է աշխարհից մեկուսացւած մի երկիր։

«Վճռական մենակն է դարձել, թող իրերը հաւաքի ու գնայ, պետութեան ղեկավարը նրա համար չէ, որ պետութիւնը դարձնի իզոլացւած… Նիկոլ Փաշինեանի պէս քաղաքական թիւրիմացութիւնն է Հայաստանի գլխին կանգնած։ Կրկնում եմ՝ Փաշինեանի այս հարցազրոյցն այն մասին է, որ իր Խաղաղութեան օրակարգը հաւասար է զրոյի»,- նշել է նա։

Ինչ վերաբերում է իշխանութեան կողմից իրականացւած աղէտալի սխալների բարձրաձայնումը ռեւանշիզմի ցանկութիւն որակելուն, որի մէջ իշխանութիւնը մեղադրում է ընդդիմութեանը, ապա ՀՀԿ ԳՄ անդամը նկատել է.

«Ասում են՝ պատերազմ էք ուզում. ո՛չ, չենք ուզում, բայց Նիկոլի բերած խաղաղութիւնն էլ չենք ուզում։ Արցախում էլ հիմա խաղաղութիւն է, բայց հայ չկայ։ Ալիեւին իր ուզածը տւեց, Էրդողանին էլ՝ իր ուզածը, տակը Հայաստան չի մնալու, այնպէս որ, թող իր իրերը հաւաքի, գնայ տուն, տեսնենք, Հայաստանը մնո՞ւմ է, թէ՞ ոչ։ Հայաստանի թիւ մէկ սպառնալիքը նիկոլիզմն է՝ Ալիեւին եւ Էրդողանին հաւասար սպառնալիք»:

Related Articles

Back to top button