Ի՞նչ է բերել Նիկոլ Փաշինեանն իր հետ ԱՄՆ-ից
![](/wp-content/uploads/2025/02/663-780x470.jpg)
ԲԵՆԻԱՄԻՆ ՄԱՏԹԷՈՍԵԱՆ
Քաղաքագէտ
Նիկոլ Փաշինեանն անցած գրեթէ ամբողջ շաբաթն անցկացրեց ԱՄՆ-ում: Այցի պաշտօնական պատճառն էր մասնակցութիւնը Միջազգային կրօնական ազատութիւնների գագաթնաժողովին, որի ընթացքում նա ելոյթ ունեցաւ եւ պատասխանեց մոդերատորի հարցերին:
Սկսած 2021 թւականից, ամէն տարի Վաշինգտոնում տեղի է ունենում Միջազգային կրօնական ազատութիւնների գագաթնաժողովը (IRF Summit)՝ միջազգային իրադարձութիւն, որը նւիրւած է կրօնական իրաւունքների եւ ազատութիւնների պաշտպանութեան խնդիրներին: Յատկանշական է, որ ուսումնասիրելով գագաթնաժողովի բանախօսների ցանկը (որի մէջ ընդգրկւած են դերասան, Վիետնամի քաղաքական եւ կրօնական բանտարկեալների ընկերակցութեան առաջնորդը, դերասան եւ մարդու իրաւունքների պաշտպան եւ այլն), պարզ է դառնում, որ Փաշինեանի կարգավիճակին համարժէք բանախօսներ գագաթնաժողովում չկային:
Ի սկզբանէ հասկանալի էր, որ գագաթնաժողովը միայն պատրւակ է ԱՄՆ մեկնելու համար: Փաշինեանին անհրաժեշտ էին հանդիպումներ նոր նախագահական վարչակազմի առաւել մեծ թւով ներկայացուցիչների հետ: Կարեւոր է ընդգծել, որ, ըստ օրէնքի, ԱՄՆ արտաքին քաղաքականութիւնը սահմանում է նախագահը եւ իրականացնում պետական դեպարտամենտը՝ պետական քարտուղարի գլխաւորութեամբ: Հէնց այս գործիչների հետ պէտք է հանդիպէր Փաշինեանը, որպէսզի պարզէր, թէ որոնք են Թրամփի առաջնահերթութիւնները Հարաւային Կովկասում: Սակայն եւ Մարկ Ռուբիոն, եւ Դոնալդ Թրամփը «ժամանակաւորապէս անհասանելի էին»: Վարչակազմի միակ բարձրաստիճան պաշտօնեան, ում հետ Փաշինեանին յաջողւել է հանդիպել, եղել է ԱՄՆ փոխնախագահ Ջէյմզ Դէյւիդ Վենսը:
Վենսը ոչ միայն չի որոշում երկրի արտաքին քաղաքականութիւնն, այլեւ, ընդհանուր առմամբ, փոխնախագահի հիմնական սահմանադրական գործառոյթն այն է, որ նա փոխարինում է ԱՄՆ նախագահին, եթէ նա մահանայ կամ պաշօտնից հրաժարւի։
Խնդիրները ոչ միայն չեն լուծւել, այլեւ, դատելով ՌԴ ԱԳՆ յայտարարութիւններից (Փաշինեանին ամենահաւատարիմ կառոյցը ՌԴ-ում), խնդիրներն աւելի են շատանում, եւ «աշխարհաքաղաքական մանեւրի տարածքը» փոքրանում է:
Այսպէս, ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը «Իզւեստիա»-ի հետ հարցազրոյցում նշել է, որ Եւրամիութիւնն արդէն պահանջում է Հայաստանից քաղաքական հաւատարմութիւն եւ միանալ հակառուսական պատժամիջոցներին, միեւնոյն ժամանակ փոխարէնը ոչինչ չխոստանալով: ԱԳՆ փոխնախարարը նաեւ յիշեցրել է, որ Մոսկւան Երեւանի համար յստակ նշել է Եւրասիական տնտեսական միութեանը եւ Եւրամիութեանը միաժամանակեայ անդամակցութեան անհնարինութիւնը:
Հայաստանը գնալով աւելի է մօտենում մի իրավիճակի, երբ ստիպւած կը լինի պատասխանել մարտահրաւէրների մի ամբողջ շարքին, ներառեալ անվտանգութեան ոլորտում: Կարեւոր է սակայն, որ բազմաթիւ խնդիրներ պայմանաւորւած են Փաշինեանի անձնական որոշմամբ՝ ոչ միայն Արցախը զիջելու, այլ դա անել 2020 թւականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չեղարկելու համար: Արցախը յանձնւել է, բայց խնդիրները լուծւած չեն։
Մտածէ՛ք այդ մասին․․.:
Alpha News