Գեներալ Իշխան Մատթէոսեան. «Երկիրը յանձնւած է արտաքին ղեկավարման ռեժիմի, որում սպասարկւում են բոլորի շահերը՝ բացի Հայաստանից»
Ծայրաստիճան վտանգաւոր այն իրադրութիւնը, որը ստեղծւել է մեր պետութեան շուրջ եւ առհասարակ Հարաւային Կովկասում, մէկ օրւայ գործ չէ, դրա սկիզբը դրւել է վաղուց։ Ինչ վերաբերում է մեր երկրին՝ ՀՀ-ին, դա այն գործունէութեան եւ քաղաքականութեան արդիւնքն է, որը վարում է ներկայ իշխանութիւնը՝ դրսեւորելով քաղաքական տհասութիւն։ Տարածաշրջանում ուժերի եւ իրողութիւնների դասաւորւածութիւնը մէկ օրւայ ընթացքում չի ձեւաւորւել ո՛չ երէկ, ո՛չ էլ մէկ ամիս առաջ։ Այն ձեւաւորւել է՝ սկսած 2018 թւականից, եւ արդիւնք է օրւայ իշխանութիւնների ապազգային քաղաքականութեան։ Արդէն որեւէ մէկի համար գաղտնիք չէ, որ այս իշխանութիւնը սպասարկում է ցանկացած այլ ուժային կենտրոնի շահերը՝ բացի Հայաստանի շահից, եւ, որպէս կանոն, դա կատարւում է ի վնաս եւ ի հաշիւ Հայաստանի շահերի։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է յայտնել պահեստազօրի գեներալ-մայոր Իշխան Մատթէոսեանը։
«Մեր երկրի շուրջ մենք տեսնում ենք աշխարհաքաղաքական լուրջ ուժային կենտրոնների շահերի բախում, որը կարծես հասել է իր կիզակէտին։ Մի կողմից՝ տեսնում ենք Իրանի Իսլամական Հանրապետութեան դիրքորոշումը, ապա՝ հաւաքական Արեւմուտքի, Թուրքիայի, Ադրբեջանի, ինչո՞ւ չէ՝ այս հարցերն ինչ-որ չափով վերաբերում են նաեւ Կենտրոնական Ասիայի հզօր պետութիւններին։ Տեղի է ունեցել շահերի բախում, որտեղ իւրաքանչիւր պետութիւն ուզում է օգտւել ընձեռւած հնարաւորութիւնից՝ յօգուտ իր շահերի, եւ չգալով համաձայնութեան՝ ստեղծւել է կոնֆլիկտային պոտենցիալ, պատերազմի վերսկսման նախադրեալներ, որն այսօր ունենք։ Դա չեն թաքցնում նաեւ օրւայ իշխանութիւնները»,- ասել է ռազմական գործիչը։
«Հիմնական պայքարը Մեղրիի միջանցքի եւ Սիւնիքի շուրջ է։ Բոլորս էլ հասկանում ենք՝ ինչ է իրենից ներկայացնում Մեղրիի միջանցքը։ Դա ուղղակի 42 կմ.-անոց ճանապարհահատւած չէ, այն մեծ լոգիստիկ, կոմունիկացիոն ճանապարհի ընդամէնը մի շղթայ է, բայց շատ կարեւոր է։ Որ պետութիւնը դրան տիրի, կը դառնայ Հարաւային Կովկասի հիմնական քաղաքական դերակատար։ Ճապոնիայի ափերից սկսւող այս մեծ եւ երկար երթուղին, անցնելով Չինաստանով, Միջին Ասիայով, Հայաստանի տարածքով կամ կողքով, գնալով Թուրքիա՝ հասնում է մինչեւ Եւրոպա։ Ի՞նչ է դա տալիս՝ տնտեսական աճի հնարաւորութիւն այն պետութիւնների համար, որոնց տարածքով այս աշխարհաքաղաքական միջանցքն անցնում է։ Իսկ տնտեսական ուժը վաղ թէ ուշ վերածւում է ռազմական հզօրութեան»,- նշել է Մատթէոսեանը։
Գեներալի կարծիքով՝ մի քանի տարուց մենք կարող ենք տեսնել ուժերի այլ դասաւորութիւն, որին մեր երկիրը պատրաստ չէ․ «Մեր երկիրը կանգնած է պատերազմի շեմին։ Եթէ նայում ենք միջազգային պրակտիկային եւ քաղաքագիտութեան օրէնքներին, ինչպէ՞ս են լուծւում կոնֆլիկտները։ Դրանց լուծման չորս հիմնական ճանապարհ կայ՝ քաղաքական, տնտեսական, դիւանագիտական եւ ռազմական։ Վերջինն ամենաարդիւնաւէտն է։ Թէ՛ քաղաքական, թէ՛ տնտեսական, թէ՛ դիւանագիտական առումներով ներկայիս իշխանութիւնների պոտենցիալը գրեթէ զրոյական է։ Նրանք այլեւս որեւէ գործընթացի վրայ չեն էլ կարողանում ազդել։ Շատ մայրաքաղաքներում հանդիպում են մեր տարածաշրջանային կենտրոնների ղեկավարները եւ քննարկում են իրավիճակը Հարաւային Կովկասում՝ առանց Հայաստանի իշխանութիւնների ներկայացուցիչների։ Ստացւում է, որ մեր երկրի ճակատագիրը, ապագան արդէն դուրս է եկել մեր ազդեցութեան կամ կառավարման տիրոյթից, եւ դա տնօրինում են այլ ուժային կենտրոնները»:
«Այս պայմաններում պատերազմի վտանգն անգամներով աճել է։ Օրւայ իշխանութիւնները շաբաթը մէկ-երկու անգամ քաղաքականութեան շրջադարձի մասին քաղաքական յայտարարութիւններ են անում, որոնք մթնոլորտը շիկացնում են՝ փոխանակ մեղմացնեն։ Մեր երկիրն արդէն վաղուց գտնւում է արտաքին ղեկավարման ռեժիմում, խելամիտ մարդն իր երկրի նկատմամբ իրեն այսպէս պահել չէր կարող։ Փաստ է, որ կայ պատերազմի սպառնալիք։ Ինչո՞վ ենք մենք դրան հակազդելու, ի՞նչ վիճակում ենք գտնւում։ Երկիրը միտումնաւոր մտցւած է խափանման ռեժիմի մէջ, որտեղ ամէն դէպք եւ իրադարձութիւն ոչ թէ պատահականութիւն է, այլ համակարգւած խափանում»,- ամփոփել է Իշխան Մատթէոսեանը: