Տիգրան Աբրահամեան. «Պատերազմից 5 տարի է անցել, պարտութեան հիմքում դրւած պատճառները փոփոխութեան չեն ենթարկւել»

«ԱԼԻՔ» – Սեպտեմբերի 27-ի՝ Արցախեան 44-օրեայ պատերազմի յիշատակի օրւայ առիթով, ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան գրառում է կատարել՝ նշելով.
«44-օրեայ պատերազմից 5 տարի է անցել, սակայն այն պատճառները, որոնք դրւած էին պարտութեան հիմքում, փոփոխութեան չեն ենթարկւել:
Ինչպէ՞ս կարող էր յաջողութիւն գրանցւել, երբ երկրի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը, պատերազմի անմիջական վտանգի դէպքում, պետութիւնը խաղաղից պատերազմական ռելսերի չի տեղափոխում:
Երբ թշնամու ակնյայտ գործողութիւնների պայմաններում զօրքերը պահպանութիւնից պաշտպանութեան ռեժիմի չեն բերւում:
Երբ կառավարումը ձախողւում է, իսկ կարեւորագոյն որոշումների վրայ ազդեցութիւնը պատկանում է մարդկանց, ովքեր նոյնիսկ մօտիկից համազգեստ չեն կրել կամ առաջնորդւում են բացառապէս փառասիրութեան դիրքերից:
Երբ պահեստազօրի` նախապէս հաստատւած պլանների փոխարէն իրականացւում է ջոկատ հաւաքելու եւ հրամանատար ընտրելու ճանապարհը: Իսկ զօրքը համալրելու փոխարէն ընտրւում է անյայտ ուղղութեամբ ու անյայտ նպատակներով ջոկատների տեղակայումները:
Պարտութեան պատճառները շատ են, սակայն գլխաւորը` պատերազմի ժամանակ գերագոյն հրամանատարի կարգավիճակում յայտնւած անձի գաղափարական, արժէհամակարգային մօտեցումներն էին, որի պարագայում այս պատերազմը չսկսւած արդէն իսկ պարտութիւնը երաշխաւորւած էր»: