Հայաստան - ԱրցախՔաղաքական

Հռիփսիմէ Առաքելեան. «Փաշինեանի լպիրշութիւնն այն աստիճանի է հասել, որ 5000-ից աւելի մարդ կոտորեց, բայց յոխորտում է, ահաբեկում»

«ԱԼԻՔ» – 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը յարձակւեց Արցախի վրայ. այդ օրերին Նիկոլ Փաշինեանը կոչ էր անում տնից կասկա եւ բրոնեժիլետ վերցնել եւ մեկնել ռազմաճակատ, քանի որ, ըստ նրա՝ դա մեր երկրորդ Սարդարապատն է: 44-օրեայ պատերազմի արդիւնքում ունեցանք հազարաւոր զոհեր, վիրաւորներ, ի վերջոյ, կորցրինք Արցախը: Հիմա Փաշինեանն ասում է, որ սխալւել է, որ այն ժամանակ հայրենասիրութեան այլ մոդելի մէջ է եղել:

168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում հեռուստալրագրող Հռիփսիմէ Առաքելեանը ցաւով արձանագրել է, որ արիւնալի պատերազմից 5 տարի անց Փաշինեանը, որը խոստովանել էր, որ կարելի էր նոյն արդիւնքն ունենալ, պարզապէս առանց զոհերի, չի կանգնել դատարանի առջեւ՝ պետական դաւաճանի յօդւածով դատապարտւելու, բայց Առաքելեանը լիայոյս է, որ այս «դարակազմիկ յանցագործութիւնների համար, որ այդ մարդը կատարել է հայ ժողովրդի հանդէպ՝ Արցախից մեզ զրկելու խայտառակ ակտի շրջանակում, նա միանշանակ պատասխան է տալու»:

Նիկոլ Փաշինեանն այսօր (սեպտեմբերի 27-ԽՄԲ.) միայն ՔՊ համագումարից լուսանկար էր հրապարակել, որում ինքը խոնարհւած է, այն մակագրելով. «Փառք նահատակներին եւ կեցցէ՛ Հայաստանի Հանրապետութիւնը»: Ոչ մի խօսք ո՛չ Արցախի, ո՛չ իր մարտակոչի, ո՛չ Ադրբեջանի ռազմական յանցագործութիւնների մասին:

«Փառք նահատակներին՝ այն նահատակներին, որոնց ինքը կասկա-բրոնեժիլետ վերցնելու եւ ռազմաճակատ մեկնելու կոչ էր անում, եւ արդիւնքում սեպտեմբերի 27-ից այդ կոտորածը՝ յատուկ օպերացիան, որը հեղինակեց նա՝ թշնամի ղեկավարի յատուկ ցուցումով, կամ յատուկ պրովոկացիա արեց, որ դա տեղի ունենայ, այդ կասկա-բրոնեժիլետներով տարաւ՝ 5000-ից աւելի մարդու կոտորեց եւ արդիւնքում ամբարտաւան կերպով յոխորտում է մեզ վրայ:

Այսօր նա արդէն ահաբեկում է բոլորիս: Խօսքի ազատութիւնը մեր երկրում տոտալ սահմանափակւել է: Իր լկտիութիւնն ու լպիրշութիւնն արդէն հասել է այն չափերի, որ այլեւս ինքը չի էլ ամաչում եւ նոյնիսկ այդ ամենի տակ կեղծ օրէնք էլ չի դնում, ասում է՝ ես այսպէս եմ ուզում, այսպէս եմ անում: Բայց այս բարձիթողի վիճակի պատճառը նաեւ մենք ենք, որ թոյլ ենք տալիս այս սարսափելի յանցագործութիւնները կատարի մեր գլխին:

Մենք չենք կարողանում բռնել նրա ձեռքը, բայց նա մուրճով… Մի մարդ, որ 2020 թ. կոտորածից յետոյ 2021-ին մուրճով գնար խորհրդարանական ընտրութիւնների, յետոյ ո՞նց կարող էր նոյնը չլինել: Կարող է այս անգամ էլ կացինով գնալ ընտրութիւնների: Նրա լկտիութեան եւ լպիրշութեան չափը հասել է այնպիսի գերադրական աստիճանի, որ նա կարող է արդէն մուրճի փոխարէն՝ կացինը ձեռքին գնալ-մասնակցել նախընտրական քարոզարշաւին»,- շեշտել է Հռիփսիմէ Առաքելեանը:

Related Articles

Back to top button