Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արման Թաթոյեան. «Հայաստանում կայ երկու զուգահեռ իրականութիւն»

«ԱԼԻՔ» – Արցախեան 44-օրեայ պատերազմի տարելիցի՝ սեպտեմբերի 27-ի առիթով, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյեանը գրառում է կատարել՝ նշելով, որ Հայաստանում կայ երկու զուգահեռ իրականութիւն. մէկում յանուն մեր ապագայի կեանք ու առողջութիւն տւած հերոսներն ու նրանց հարազատներն են, իսկ միւսում իշխանութիւնը չի էլ յիշում նրանց ու ամէն ինչ անում է, որ ուրիշները նոյնպէս չյիշեն:

«Այսօր (սեպտեմբերի 27-ԽՄԲ.)շատ մարդիկ օրը սկսել են վաղ առաւօտեան Եռաբլուրում խնկարկումով: Նրանք մեր հերոսների հարազատներն են, հերոսների սխրանքը չմոռացող մարդիկ, որովհետեւ 5 տարի առաջ այս օրն էր սկսւել 44-օրեայ պատերազմը։

Ցաւօք, ստացւել է այնպէս, որ մեր երկրում կայ երկու զուգահեռ իրականութիւն. մէկում յանուն մեր ապագայի կեանք ու առողջութիւն տւած հերոսներն ու նրանց հարազատներն են, իսկ միւսում իշխանութիւնը չի էլ յիշում նրանց ու ամէն ինչ անում է, որ ուրիշները նոյնպէս չյիշեն:

Հերոսական ծառայութիւն անցած Ալբերտ Յովհաննիսեանի ու մայոր Արթուր Ալավերդեանի հայրերին այսօր հանդիպեցինք նորաբաց տուն-թանգարանում։

Նրանք հպարտութեան զգացումով իրար թեւ ու թիկունք դարձած տարիներ են անցկացրել Ալբերտ Յովհաննիսեանի տուն-թանգարանի կառուցման համար։

Մենք եւս մէկ անգամ վերապրեցինք նրանց հերոսական ծառայութիւնը, թէ ինչպէս են մինչեւ վերջին շունչը պայքարել յանուն հայրենիքի, յանուն խաղաղութեան։ Ալբերտի ու Արթուրի օրինակով հազարաւոր երիտասարդներ են այդպէս կռւել։ Կասկած չկայ։

Մենք մեր հերոսներին ուժեղ հայրենիք ենք պարտք եւ նրանց յիշող սերունդներ, եւ մենք կունենանք այդպիսի երկիր»,- ֆէյսբուքեան իր էջում գրել է նա:

Նշենք, որ աւելի վաղ, Թաթոյեանը սեպտեմբերի 27-ի առիթով մէկ այլ գրութիւն էր կատարել՝ նշելով. «Իրական խաղաղութիւնը միայն իրական երաշխիքներով է լինում, ուժեղ ու դիմակայուն պետութիւն ունենալով է լինում, որտեղ չկայ ներքին պառակտում, որտեղ հանրային համերաշխութիւնն ու իրաւունքը խաղաղութիւն են ապահովում նաեւ երկրի ներսում:

Խոնարհումս բոլոր նրանց յիշատակի առաջ, որոնք ընկան յանուն հայրենիքի»,- գրել է նա:

Related Articles

Back to top button