Գագիկ Յարութիւնեան. «ԱՄՆ-ի կողմից ճանապարհի հսկողութեանը դէմ կը լինեն ՌԴ-ն եւ Իրանը. ՀՀ-ում դժգոհութիւնները պէտք է վերածել քաղաքական փոփոխութիւնների»

Յուլիսի 11-ին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը ճեպազրոյցի ժամանակ լրագրողներին յայտնել է, որ Միացեալ Նահանգներն առաջարկել է վերահսկողութեան տակ վերցնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախատեսւած տրանսպորտային միջանցքը՝ փորձելով առաջ մղել կովկասեան երկու երկրների միջեւ վաղուց փակուղային դիւանագիտական բանակցութիւնները: Այս մասին գրել է Middle East Eye-ը։
«Թուրքիան աշխարհի կենտրոնում է: Թուրքիան այդ ամէնի կենտրոնում է՝ ինչպէս Ադրբեջանն ու Հայաստանը: Նրանք վիճում են 32 կիլոմետր ճանապարհի համար, բայց սա կատակ բան չէ: Սա շարունակւում է մի ամբողջ տասնամեակ՝ 32 կիլոմետրանոց ճանապարհի համար: Եւ ինչ է տեղի ունենում. Ամերիկան գալիս եւ ասում է. «Լաւ, մենք դա կը վերցնենք մեզ վրայ: Տւէք մեզ 32 կիլոմետրանոց ճանապարհը հարիւր տարւայ վարձակալութեամբ, եւ բոլորդ կարող էք օգտւել դրանից»: Բայց այս ցեղային մտածողութիւնը չի վերանում: Մենք հասել ենք «e pluribus unum» կոչւող իրավիճակի: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է հրաժարւել զանգւածներից մէկի համար: Դա կայ Ամերիկայում: Դա չկայ այնտեղ: Այնտեղ առաջնայինը, նախ անհատն է, ընտանիքը, ցեղը եւ յետոյ նոր ազգը: Բայց ես յոյս ունեմ, որ ժամանակի ընթացքում այս «e pluribus unum»-ը կը տարածւի, եւ մենք լատիներէնից կանցնենք արաբերէնի, արաբերէնից՝ ռուսերէնի, ռուսերէնից՝ չինարէնի. գուցէ հնարաւորութիւն կայ»,- յայտարարել էր նա։
Օրերս էլ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարեանը «Ազատութեան» հետ հարցազրոյցում ասել էր, որ «Սկզբունքների պահպանման դէպքում Հայաստանը դէմ չէ Սիւնիքի ճանապարհի արտապատւիրակմանը»:
Յուլիսի 14-ին Նիկոլ Փաշինեանի խօսնակ Նազելի Բաղդասարեանը «Արմէնպրես»-ին ասել էր, որ «Հայաստանը չի քննարկել եւ չի քննարկում որեւէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողութիւնն արտապատւիրակելը: ՀՀ տարածքի որեւէ հատւած չի կարող լինել ՀՀ տարածքային ամբողջականութիւնից, ինքնիշխանութիւնից, իրաւազօրութիւնից դուրս»։
Ցանցային հետազօտութիւնների ինստիտուտի տնօրէն, քաղաքագէտ Գագիկ Յարութիւնեանի խօսքով՝ եթէ ՀՀ իշխանութիւնը երկրի ինքնիշխանութիւնը յանձնում է այլ երկրի, ապա նման քայլ անելու դէպքում առաջինը կարձագանքեն Իրանը եւ Ռուսաստանը։
«Կարծում եմ՝ սա զուտ քարոզչական բնոյթ է կրում, մենք ապրում ենք տեղեկատւական պատերազմի դարաշրջանում եւ սա աւելի շուտ տեղեկատւական յայտարարութիւն է Միացեալ Նահանգների կողմից եւ ոչ աւելին։ Տեղեկատւական պատերազմի նոր միջոց է, աղմուկ բարձրացնելու համար, ինչը յաջող կերպով կիրառում է Թրամփը:
Ինքս այս վարչակազմից ամէն ինչի սպասում եմ, նոյնիսկ եթէ գնան այդ քայլին, ապա հնարաւոր փոփոխութիւնների դէպքում հնարաւոր կը լինի հրաժարւել այդ փաստաթղթից, որը կը վերաբերւի այդ, այսպէս կոչւած՝ վարձակալութեանը»,- 168.am-ի հետ զրոյցում նշել է Գագիկ Յարութիւնեանը։
Նա յիշեցրել է, որ Թրամփն իր խոստումների մեծ մասը չի կատարել, օրինակ, խոստացել էր, թէ յայտարարութիւն կանի, թէ ինչպէս պէտք է պատժի Ռուսաստանին, եթէ չհամաձայնւի «խաղաղութեան պայմանագիր» կնքել Ուկրաինայի հետ, սակայն որեւէ քայլ դրան չհետեւեց։
«Իրանը կատեգորիկ է արատայայտւել նման ծրագերի կապակցութեամբ, նրան ձեռնտու չէ, դա նշանակում է Միացեալ Նահանգների ներկայութիւն ՀՀ-ում։ Կարծում եմ՝ նման յայտարարութիւնները կարող են հիմք հանդիսանալ, որպէսզի Ռուսաստանն աւելի ակտիւ աշխատի Հարաւային Կովկասում»,- շեշտել է քաղաքագէտը։
Նա ընդգծեց՝ հայ ժողովուրդը պէտք է նման յայտարաութիւնների կապակցութեամբ արտայայտի իր դժգոհութիւնը եւ փորձի դիմադրել, որպէսզի հնարաւոր չլինի նման ծրագրի իրագործումը։
«Ինքս այս պահին մեծ յոյսեր եմ կապում, որ Սամուէլ Կարապետեանը գուցէ կարողանայ կազմակերպել նման դիմադրութիւնը։ Բոլորը դժգոհ են, արտայայտում են իրենց դժգոհութիւնը, բայց դրանից որեւէ բան չի փոխւում։ Այս դժգոհութիւնները պէտք է վերածել քաղաքական փոփոխութիւնների։ Օրինակ, յուլիսի 4-ի հաւաքը խելացի էր կազմակերպւած, պէտք է սպասել՝ հասկանալու համար, թէ այդ ամէնն ինչ շարունակութիւն է ունենալու»,- ընդգծել է Գագիկ Յարութիւնեանը։
ԶՒԱՐԹ ԽԱՉԱՏՐԵԱՆ