Տիգրան Աբրահամեան. «Թուրքիան իր տնտեսական ազդեցութիւնը Սիւնիքում վերածելու է քաղաքական վերահսկողութեան»

Հայաստանի Սիւնիքի մարզի շուրջ ամերիկեան հետաքրքրութիւնը շարունակում է մեծանալ. այդ հետաքրքրութիւնների մասին է վկայում նաեւ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքի առաջարկը՝ 100 տարով Սիւնիքի մարզով անցնող ճանապարհը վարձակալելու մասին։
«Միացեալ Նահանգներն առաջարկում է 100 տարով վարձակալել Հայաստանի այն հատւածը, որ Ադրբեջանի արեւելեան շրջանները կապում է Նախիջեւանին։ Հայաստանն ու Ադրբեջանը վիճում են 32 կիլոմետր երկարութիւն ունեցող ճանապարհի շուրջ։ Մէկ տասնամեակ է՝ վիճում են 32 կիլոմետրանոց ճանապարհի շուրջ։ Եւ ահա թէ ինչ է տեղի ունենում։ Միացեալ Նահանգները գալիս է եւ ասում. շատ լաւ, մենք վերցնում ենք այն։ Տւէք մեզ վարձակալութեամբ այդ 32 կիլոմետրանոց ճանապարհը եւ բոլորով օգտւէք դրանից»,- ուրբաթ օրը Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամանակ յայտարարել է դիւանագէտը։
Բարաքի այս առաջարկին հետեւեց Փաշինեանի խօսնակ Նազելի Բաղդասարեանի արձագանքը. «ՀՀ–ն չի քննարկել եւ չի քննարկում որեւէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողութիւնն արտապատւիրակելը: ՀՀ տարածքի որեւէ հատւած չի կարող լինել ՀՀ տարածքային ամբողջականութիւնից, ինքնիշխանութիւնից, իրաւազօրութիւնից դուրս»։
168TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Սիւնիքի շուրջ զարգացումներին, ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը նշել է՝ արդէն սովորական է դարձել, որ ՀՀ իշխանութիւնն անում է յայտարարութիւն, յետոյ կեանքում ականատես ենք լինում ճիշտ հակառակին։
«Իմ տպաւորութեամբ՝ ՀՀ իշխանութիւնը կոմունիկացիաների մասով ունի մէկ խնդիր՝ թոյլ չտալ, որ դրանց վերահսկողութիւնն անցնի ռուսներին։ Չեմ բացառում, որ այդ վերահսկողութիւնը տան մասնաւոր այնպիսի կազմակերպութեան, որի յետեւում կանգնած կը լինի արեւմտեան պետութիւն։ Այս զարգացման արդիւնքում ստանալու ենք միջանցք։ Գնում է գործընթաց, եւ Հայաստանի ներքաղաքական կոնտեքտը հենց այդ դրանցով է պայմանաւորւած»,- ասել է Տիգրան Աբրահամեանը՝ ընդգծելով՝ պետութեան տարածքը մասնաւոր կազմակերպութեանը արտապատւիրակելով ՀՀ իշխանութիւնը քողարկում է միջանցք տրամադրելու քայլը։
«Այդ եղանակով նաեւ այս փուլում Ռուսաստանին մեկուսացնելու խնդիրն է դրւած»,- ասաց Աբրահամեանը՝ յաւելելով, որ միջանցք տալուց յետոյ Սիւնիքում ականատես կը լինենք լրիւ նոր իրավիճակի։
«Թուրքական կապիտալի ներդրումներ կը լինեն Սիւնիքում, աշխատատեղեր բացւեն, իշխանութիւնը դա կը ծախի քաղաքացիների վրայ, իսկ Թուրքիան եւ Ադրբեջանը փողի այդ ազդեցութիւնը կը վերածեն Սիւնիքի նկատմամբ վերահսկողութեան։ ՀՀ իշխանութիւնն անում է ամէն բան թուրքերի ներկայութիւնը մեր երկրում սովորական դարձնելու համար»,- ասել է Տիգրան Աբրահամեանը։
ԱՂԱՒՆԻ ՍՈՒՔԻԱՍԵԱՆ