Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արմէն Աշոտեան. «Հայոց Ցեղասպանութեան ուրացումը ոչ թէ Միրզոյեանի, այլ անձամբ Փաշինեանի նախաձեռնութիւնն է»

«ԱԼԻՔ» – Վերջին շրջանում ձեւաւորւած սովորոյթի համաձայն, ՀՀԿ փոխնախագահ Արմէն Աշոտեանը պատասխանել է ֆէյսբուքի իր անձնական էջում իրեն ուղղւած 5 հարցի՝ պատասխանելով նաեւ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանի՝ Հայոց Ցեղասպանութիւնն ուսումնասիրելը կամ դա թիւ մէկ առաջնահերթութիւն դարձնելու մասին վերջին յայտարարութեանը:

1. Պարոն Աշոտեան, իշխանութիւնները յամառօրէն հանրութեանն են հրամցնում «Խաղաղութեան խաչմերուկ» կոչւած ծրագիրը։ Ի՞նչ էք կարծում, այն իրատեսակա՞ն է եւ ինչո՞ւ են նրանք այդքան կառչել դրանից։

– Իրաւացի էք, այդ շոուն շարունակւում է թէ՛ ներքին, թէ՛ արտաքին դաշտերում։ Մի քանի անգամ անդրադարձել եմ այդ նախագծին՝ հիմնաւոր ապացուցելով, որ դա հերթական նիկոլական խաբկանքն է։

Իր դրսի վոյաժներում Նիկոլը մշտապէս փորձում է փիար անել այդ փուչիկը։ Պատկերացնո՞ւմ էք, թէ ինչ զաւեշտալի են դրսում նայւում «Խաղաղութեան խաչմերուկի» բուկլետներ բաժանող հայ իշխանաւորները։

Ծրագիր կոչւածը որեւէ աղերս չունի ո՛չ ռէալ գեոպոլիտիկ իրավիճակի, ո՛չ միջազգային լոգիստիկ նախագծերի, ո՛չ էլ տնտեսական հաշւարկների հետ։ Ոչ մի գլոբալ կոմունիկացիոն նախագիծ՝ չինական «Մէկ գօտի, մէկ ճանապարհը», ռուսական «Հիւսիս-Հարաւը», արեւմտեան «Գլոբալ դարպասը», հնդկական պրոյեկտները ոչ մի ծայրով չեն ներառում նիկոլական հեքիաթը։

«Խաղաղութեան խաչմերուկը» փողոցում բաժանւող պիցցաների ֆլայերների մակարդակից չի բարձրացել եւ չի բարձրանայ։ Այն նման է ամէն գնով մարդու գնալու պատրաստ մի գէշ աղջկայ, ում հարազատները կոտորւում են գովելով եւ իրենց հետ հիւր տանելով։ Ամօթից ելնելով էլ՝ հարեւանները եւ բարեկամները նրան առերես գովում են, իսկ հետեւից՝ հեգնում։

2. Շատ է ակտիւ Էդմոն Մարուքեանը, ով փորձում է ընդդիմութեանը քննադատելով ընդդիմութիւն ներկայանալ։ Կարձագանգէ՞ք, պարոն Աշոտեան։

– Նման դէպքերում ափսոսում եմ, որ քաղաքականութեան մէջ չի գործում սուպերմարկետների՝ պարտադիր պիտանելիութեան ժամկէտի կանոնը։ Մի հարց տամ. եթէ, օրինակ Մակունցին կամ նման մէկին, նիկոլական դեսպանի պաշտօնում օգտագործելուց յետոյ դէն նետեն ու նա «թունդ» ընդդիմադիր դառնայ, պիտի նրա զեղումները մեկնաբանե՞նք։ Խնդրում եմ բոլորին, նրան պարզապէս իգնոր արէք, մի արձագանգէք, մի մեկնաբանէք, մի ջղայնացէք, մի բորբոքւէք, անցեալը մի յիշեցրէք։ Մի երկարաձգէք նրա քաղաքական կարիերայի հոգեվարքը: Նրան հանգիստ թողնենք, որ նրա քաղաքական ուղին հանգչի խաղաղութեամբ։ Ամէն։

3. Ի՞նչ է կատարւում Հայաստանի կրթական համակարգում, մասնաւորապէս՝ բուհական համակարգում։

– Ոչ մի առանձնայատուկ բան էլ չի կատարւում։ Ինչպէս այս ռեժիմի օրօք մնացած բոլոր ոլորտներում, այնպէս էլ այստեղ, տեղի է ունենում կազմաքանդում, էռոզիա եւ կոլլապս։ Մի տարբերութեամբ. այդ ոլորտը, ի տարբերութիւն այլ ոլորտների, պրոֆեսիոնալի համբաւ ունեցող մարդու ձեռքերում է, ուստի նա աւելի ինքնավստահ եւ հաւեսով է քանդում այն՝ կրթութեան որակից մինչեւ կրթութեան հասանելիութիւն, կրթական բովանդակութիւնից մինչեւ ակադեմիական ազատութիւններ։

Երեխաների իրաւունքներով զբաղւող ՄԱԿ-ի (UN Committee on the right of the Child) վերջին զեկոյցը պարզապէս խայտառակ եւ աննախադէպ գնահատականներ էր պարունակում մեր երկրում հանրակրթութեան խնդիրների մասին։ Ի դէպ, նոյն վիճակը նաեւ բուհերի մասով է։ Օրինակ, անգամ նիկոլական ռեժիմը սիրող V-DEM institute միջազգային վարկանիշային գնահատականներում (Academic freedom Index), որոնք մշտապէս աչք են փակում Հայաստանի իշխանութիւնների բազում խախտումների վրայ, բուհերի ակադեմիական ազատութիւնների վերջին գնահատականներում Հայաստանը զգալի հետընթաց է արձանագրել։ Յատկապէս նշանակալի էր բուհերը քաղաքական ազդեցութիւններից զերծ պահելու ցուցանիշի անկումը (վարկանիշի 4-րդ ցուցանիշ)։ Նրանց համար բուհերը կրթօջախներ չեն՝ շէնքեր են, ուսանողները մարդ չեն՝ զանգւած են, դասախօսներն էլ մտաւոր էլիտա չեն՝ աշխատուժ են։ Հայաստանն էլ Հայրենիք չէ՝ դուքեան է։

4. Արարատ Միրզոյեանի վերջին յայտարարութիւններին Հայոց Ցեղասպանութեան մասին ինչպէ՞ս էք վերաբերւում։

– Այնպէս, ինչպէս կը վերաբերւի ցեղասպանութիւնը վերապրած նախնիների ընտանիքի զաւակը… Այնպէս, ինչպէս կը վերաբերւի ցանկացած նորմալ հայ… Այնպէս, ինչպէս կը վերաբերւի ցանկացած նորմալ մարդ՝ անկախ ազգութիւնից եւ կրօնից… Հայոց Ցեղասպանութեան ուրացումը ոչ թէ Միրզոյեանի, այլ անձամբ Փաշինեանի նախաձեռնութիւնն է։ Սրանց անբարոյականութեան հերթական հակառեկորդը կանխատեսելի էր դեռեւս 2018-ից: Սրանք թէպէտ պաշտօնական թղթերում յիշատակում էին Հայոց Ցեղասպանութեան հարցը, սակայն ռէալ գործողութիւններով անում հակառակը՝ Նիկոլի, կառավարութեան, ԱԺ-ի մակարդակներում։

Դեռեւս «Նուբարաշէն» ՔԿՀ-ից տարւայ ապրիլին հրապարակաւ յայտարարել էի, որ ոչ մի հոգով նիկոլական Ծիծեռնակաբերդ գնալու իրաւունք չունի։ Ժամանակը ցոյց տւեց, որ կրկին իրաւացի էի։ Հիմա սրանք անցել են ուրացման բացայայտ քաղաքականութեանը, որովհետեւ առ այսօր անպատիժ են մնում հայ ժողովրդի դէմ գործած իրենց յանցանքների համար։

Աւելորդ է ասել, որ Միրզոյեանի սրիկայութիւնը հակասում է ՀՀ Սահմանադրութեանը, սրանց կառավարութեան ծրագրին եւ ազգային անվտանգութեան ռազմավարութեանը։ Այս դէպքում շատ աւելի կեղտոտ է եւ վրդովւեցնող ոչ թէ գրւած, այլ չգրւած օրէնքների լպիրշ ոտնակոխումը։ Կրկնեմ. Հայոց Ցեղասպանութեան հարցի ուրացումն ունի նաեւ լրջագոյն միջազգային հետեւանքներ։ Նախ հարւած է հասցւում ցեղասպանութիւնների կանխարգելմանն ուղղւած միջազգային մեխանիզմներին, որոնցում Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը շատ կարեւոր մասն է։ Նիկոլը նաեւ լւանում է Թուրքիայի արիւնոտ երեսը վերջինիս՝ ԵՄ հնարաւոր անդամագրութեան գործընթացում։ Հարւածի եւ հարցականի տակ է դրւում նաեւ միջազգային քաղաքական շրջանակների տասնեակ տարիների պայքարն ու աշխատանքը։

5. Թող ներեն ինձ հայրենակիցներս, բայց հինգերորդ հարցուպատասխանի փոխարէն ցանկանում եմ յիշեցնել անւանի ռուս բանաստեղծ Օսիպ Մանդելշտամի այն բանաստեղծութիւնը, որը նա գրել էր ստալինեան ռեպրեսիաների ժամանակ եւ որի պատճառով նրան կալանաւորւեցին, դատապարտեցին եւ կալանքում փաստացի սպանեցին։ Այս ստեղծագործութիւնն իր էութեամբ այսօրւայ Հայաստանի մասին է.

Մենք ապրում ենք՝ չզգալով մեր տակ գտնւող երկիրը,

Մեր ելոյթները չեն լսւում տասը քայլ այն կողմ,

Եւ որտեղ է բաւարար կէս խօսակցութեան համար,

Կրեմլի լեռնաշխարհին կը յիշեն այնտեղ։

Նրա հաստ մատները նման են որդերի, գեր

Եւ խօսքերը, ինչպէս ֆունտ կշիռները, ճշմարիտ են,

Ուտիճների ծիծաղող աչքերը.

Եւ նրա կօշիկները փայլում են:

Եւ նրա շուրջը բարակ պարանոցով առաջնորդների ամբոխ է,

Նա խաղում է կիսամարդկանց ծառայութիւնների հետ։

Ով սուլում է, ով մեաուսում է, ով նւնւում է,

Նա միակն է, ով բամբասում եւ ծակում է:

Պայտի պէս նա հրամանագիր է տալիս հրամանից յետոյ.

Ոմանք աճուկում, ոմանք՝ ճակատում, ոմանք՝ հոնքի, մի մասը՝ աչքի։

Ինչ էլ որ լինի նրա պատիժը, դա ազնւամորու է

Եւ լայն օսական կրծքաւանդակը:

Related Articles

Back to top button