Տիրան Լոքմագեօզեան. «Միակ ելքը թուրքի ոտքերին փաթաթւելը չէ»
«Պատմութեան ողբերգական անցքերը՝ Հայոց Ցեղասպանութիւնն ուսումնասիրելը կամ դա թիւ մէկ առաջնահերթութիւն դարձնելը, անշուշտ, արտաքին գործերի նախարարութեան օրակարգը չէ»՝ ՀՀ Ազգային ժողովում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյեանի կողմից արւած այս յայտարարութիւնը մեծ արձագանգ է գտել թուրքական լրատւամիջոցներում. թուրքական լրատւամիջոցների մի մասն այս լուրը ներկայացրել են «անսպասելի», «զարմանալի» եւ նմանատիպ այլ ածականներով։
Բայց Արարատ Միրզոյեանի յայտարարութիւններն անակնկալ չեն եղել թուրքագէտ Տիրան Լոքմագեօզեանի համար. ըստ նրա՝ այս կառավարութեան դէպքում մարգարէ լինելը բարդ չէ։
«Մի քանի տարի է՝ այս կառավարութիւնը ոչ թէ թուրքերի պահանջներն է կատարում, այլ նրանցից նոյնիսկ մի քայլ առաջ է անում միշտ։ Թշնամական կողմը, օրինակ, ասում է՝ «խոստացել էք՝ տւէք». այդ խօսքն իմիջիայլոց հէնց այդպէս էլ հնչեց։ Սա այդ քայլերից մէկն է. ճիշտ է, Ցեղասպանութեան պահանջատիրութիւնից հրաժարւելու պահանջը եղել է մշտապէս թուրքական կողմից, սակայն Ցեղասպանութիւնից հրաժարւելու պահանջն այս կառավարութեան առջեւ չէր դրւել, ու նրանք մի քայլ առաջ գնացին։
Ի դէպ, ես տեղեկացայ, որ Ցեղասպանութեան թանգարանը նորոգելու որոշում կայ, ինչը ենթադրում է նաեւ՝ փակում. նման բաներ անում են նաեւ Թուրքիայում, երբ նորոգութեան անւան տակ փակւում է հիմնարկն ու այլեւս չի բացւում»,- 168.am-ի հետ զրոյցում մանրամասնել է նա՝ մտահոգութեամբ, թէ յայտնի չէ՝ յետոյ ինչ է լինելու ցուցադրւած ու չցուցադրւած էքսպոնատների, փաստաթղթերի ու անգամ յուշակոթողի ճակատագիրը։
Հարցին՝ եթէ Հայաստանն այսօր օբիեկտիւօրէն թոյլ է, պարտւած կողմ, ապա տարածաշրջանում թշնամիների հետ ստիպւած երկխօսելու այլընտրանքը ո՞րն է, թուրքագէտը պատասխանեց՝ վստահեցնելով, թէ այդ քայլերը չեն արւում ելք չլինելու պատճառով։
«Թուրքերի մօտ ստորաքարշօրէն գնացող կառավարութիւնը չի ասում, որ ելք չկայ. իրենք ասում են՝ այս բաները պէտք է անենք, որովհետեւ միջազգային հանրութիւնն է ուզում։ Եւ յետոյ՝ ելքեր շատ կան, իսկ դրանցից գլխաւորն այն է, որ պարտւած ու ամէն ինչ յանձնելու շատ մեծ ցանկութիւն ունեցող այս կառավարութիւնը փոխւի։ Միայն դրանից յետոյ նոր կառավարութիւնը պէտք է սկսի նախկինում եղած յարաբերութիւնների, դաշնակցային կապերի վերականգնումը։ Այստեղ մեր սահմանի վրայ մինչ օրս կանգնած է ռուս զինւորը, ու մինչ օրս այդ սահմանն ապահով էր։ Միւս կողմից՝ եթէ Իրանն այդպէս ջանասիրաբար չփորձէր պաշտպանել իր ելքը դէպի հիւսիս, մեր ելքը դէպի հարաւ, մենք վաղուց այդ տարածքները յանձնել էինք»,- յաւելել է նա։
Դիտարկմանը, թէ իշխանութիւններն ու հանրային շրջանակները յիշեցնում են նաեւ, որ այդ նոյն ռուս զինւորի աչքի առջեւ հայաթափւեց Արցախը, թուրքագէտն արձագանգել է.«Եթէ անգամ այնպէս է, որ մեր դաշնակիցը մեզ չի օգնել (ինչի հետ ես համամիտ չեմ՝ հաշւի առնելով գործող իշխանութեան կողմից վարւող քաղաքականութիւնն այդ օրերին ու դրանից առաջ), ինչո՞ւ պէտք է ստորաքարշօրէն խնդրել թուրքին. իրականում պէտք չէ խնդրել ոչ մէկին, բայց եթէ թուրքին պէտք է խնդրեն, թող պարսիկին ու ռուսին խնդրեն։ Դեռ Ցեղասպանութեան օրերին տեսել ենք, երբ թուրքին խնդրում են, նա աւելի վայրագ է դառնում»։
Ամփոփելով՝ Տիրան Լոքմագեօզեանը վստահեցրել է՝ իրավիճակն այնպէս չէ, ինչպէս իշխանութիւնը փորձում է ներկայացնել ժողովրդին, թէ մենք խեղճ, պատերազմը տանուլ տւած պետութիւն ենք, որի միակ ելքը ստորաքարշօրէն թուրքի ոտքերին փաթաթւելն է։
Զրոյցը ՝ ԶԱՐՈՒՀԻ ԴԻԼԱՆԵԱՆԻ