Հայաստան - ԱրցախՔաղաքական

Զախարովա. «Երեւանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ում»

«ԱԼԻՔ» – ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նոյեմբերի 27-ին ճեպազրոյցում անդրադարձել է ՀՀ-ՀԱՊԿ յարաբերութիւններին: Հաղորդում են հայաստանեան ԶԼՄ-ները:

 «Մենք կասկածի տակ չենք դնում իւրաքանչիւր պետութեան ինքնիշխան իրաւունքը՝ ինքնուրոյն որոշելու իր արտաքին քաղաքական կուրսը, այդ թւում՝ ՀԱՊԿ-ին առնչւող  միջոցառումներին մասնակցելու եւ կազմակերպութիւնում հետագայ աշխատանքի վերաբերեալ։ Երեւանը դէ իւրէ մնում է ՀԱՊԿ-ի լիիրաւ անդամ, որը Հարաւային Կովկասում խաղաղութեան եւ կայունութեան ապահովման միակ մեխանիզմն է»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Զախարովան շեշտել է, որ այս փուլում Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ում.

«Հայաստանը պահպանում է բոլոր համապատասխան իրաւունքներն ու պարտականութիւնները։ Մենք ակնկալում ենք, որ ելնելով բարեկամ երկրի եւ, իսկապէս, ամբողջ տարածաշրջանի ապագայ անվտանգութեան շահերից, մեր գործընկերութիւնը Հայաստանի հետ ՀԱՊԿ շրջանակներում լիովին կը վերականգնւի։

Մենք հաստատում ենք, որ այս փուլում Երեւանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ում լայնածաւալ համագործակցութեանը վերադառնալու համար։ Ակնկալում ենք, որ մեր հայ գործընկերները, յաղթահարելով կասկածները, կը վերսկսեն շահագրգիռ համատեղ աշխատանքը»,- նշել է է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչը։

Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 28-ին, Աստանայում կայանալու է ՀԱՊԿ գագաթնաժողովը, որին չի մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը:

Aysor.am-ի հետ զրոյցում, ՀՀ վարչապետի մամուլի խօսնակ Նազենի Բաղդասարեանը հարցին, թէ ինչն է չմասնակցելու պատճառը, պատասխանել է. «Դէ, քանի որ ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցութիւնը սառեցնելու մասով ՀՀ դիրքորոշումը փոփոխութեան չի ենթարկւել»:

Յիշեցնենք՝  Հայաստանը յայտարարել է, որ սառեցնում է իր մասնակցութիւնը ՀԱՊԿ-ի միջոցառումներին, հրաժարւել է իր բաժին ֆինանսաւորումը յատկացնել այդ կառոյցին, տեւական ժամանակ չի մասնակցում համատեղ զօրավարժութիւններին, հանդիպումներին, բայց պաշտօնապէս չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար։

Սպասում ենք Հայաստանի պատասխանին

Զախարովան, լրագրողների խնդրանքով մեկնաբանել է նաեւ ՀՀ Սիւնիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ գլխաւոր հիւպատոսութեան բացման յետաձգման պատճառներին վերաբերող լրագրողի հարցը։

«Մենք բազմիցս մեկնաբանել ենք այս հարցը։ Ցաւօք, իրավիճակը չի փոխւել։ Հայկական կողմը սկզբունքային համաձայնութիւն է տւել Սիւնիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ գլխաւոր հիւպատոսութեան բացմանը։ Ըստ այդմ, ռուսական կողմը գլխաւոր հիւպատոսի էկզեկւատուր է պահանջել, կամ, պարզ ասած՝ պաշտօնական ճանաչում։

Ըստ այդմ՝ սպասում ենք արձագանգի։ Թէ ինչու եւ որոնք են հայկական կողմից՝ մեզ համապատասխան պատասխան նիւթեր չուղարկելու պատճառները, դա ոչ թէ մեզ, այլ Երեւանին ուղղւելի հարցն է»,-յայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչը։

Related Articles

Back to top button