5 րոպէ ծայրայեղ ցուրտն անչափ օգտակար է մարդկանց համար
Քունը բնական ֆիզիոլոգիական գործընթաց է, որն անհրաժեշտ է մեր օրգանիզմի վերականգնման եւ բնականոն գործունէութեան համար: Երբեմն ստրեսը եւ այլ գործօններ ազդում են մեր քնի որակի վրայ, սակայն գիտնականները տարեցտարի փնտրում են եղանակներ, որոնք հնարաւորութիւն կը տան մեզ աւելի արագ եւ խոր քուն մտնել: Նոր հետազօտութեան ընթացքում գիտնականներն, ըստ ամենայնի, միանգամայն նոր եղանակ են յայտնաբերել, գրում է Gizmodo-ն։
Կանադայից եւ Ֆրանսիայից հետազօտողների միջազգային թիմը ապացոյցներ է գտել, որ ծայրայեղ ցրտին պարբերաբար ենթարկւելը կարող է իրականում դրական ազդեցութիւն ունենալ մեր քնի որակի վրայ: Նշենք, որ խօսքն օրական ընդամէնը 5 րոպէ ծայրայեղ ցածր ջերմաստիճանի պայմաններում կանոնաւոր մնալու մասին է:
Մոնրէալի եւ Պուատիէի համալսարանի թիմը սառեցնող հետազօտութիւն է անցկացրել՝ հետեւելու ամբողջ մարմնի ամենօրեայ «կրիոխթանման» հնարաւոր օգուտներին: Հետազօտութեան ընթացքում գիտնականները լաբորատոր պայմաններում ուսումնասիրել են առողջ կամաւորներին եւ պարզել, որ սառը պայմաններում անցկացւած թերապիայի ընթացքում մարդկանց քնի տեւողութիւնը եւ որակը մեծանում է: Հետազօտողների բացայայտումները ցոյց են տալիս, որ կրիոխթանումը, հաւանաբար, արդիւնաւէտ եղանակով բուժում է քնին առնչւող խնդիրներ ունեցող մարդկանց համար:
Հետազօտութեանը մասնակցել են ընդհանուր առմամբ 9 կին եւ 11 տղամարդ՝ բոլորը 20 տարեկան: Փորձը տեւել է 5 օր. ամէն օր ժամը 18-ին կամաւորները հանւում էին եւ 5 րոպէ մնում մինչեւ -90 աստիճան սառեցւած խցիկում: Նշենք, որ մնացած դէպքում կամաւորներն ապրել են սովորականի պէս, սակայն նրանց ապրելակերպը սահմանափակւել է քնի որակի վրայ ազդելու ունակ ոգելից խմիչքի, կոֆէինի եւ այլ մթերքների արգելքով։
Փորձարկւողներին տրւել են նաեւ սարքեր, որոնք հետեւում էին նրանց սրտի զարկերի յաճախականութեանը, ուղեղի գործունէութեանը եւ քնի ռեժիմին, երբ նրանք գնում էին քնելու: Բացի դրանից, հետազօտութեան մասնակիցները քնի որակը գնահատող հարցաթերթիկներ են լրացրել: Որպէս համեմատական հսկողութիւն՝ կամաւորները երկրորդ անգամ անցել են նոյն դիտարկման ընթացակարգը, բայց գործնականում քնելուց առաջ որեւէ սառը թերապիա չեն ստացել:
Արդիւնքները ցոյց են տալիս, որ կամաւորները կրիոթանումից յետոյ աւելի լաւ են քնել, բայց ոչ անմիջապէս: Հետազօտողները նշում են, որ արդիւնքների տարբերութիւնը նկատւել է միայն սեանսների հինգերորդ օրւանից յետոյ։ Առաւել էական փոփոխութիւնները նկատւել են քնի ամենավերականգնող փուլի՝ դանդաղ ալիքի կամ խոր քնի ժամանակ:
Հետազօտութեան հեղինակները նշել են, որ միջին հաշւով փորձարկւողների խոր քունը սառը թերապիայից յետոյ 7,3 րոպէով աւելացել է: Կամաւորները միաժամանակ նշել են, որ քնի որակը բարելաււել է կրիոխթանման ենթարկւելուց յետոյ, թէեւ աւելի մանրամասն ուսումնասիրութեան արդիւնքում փոփոխութիւնը նշանակալի է եղել միայն կանանց համար:
Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Cryobiology հանդէսում: Սակայն հետազօտութեան հեղինակները նշում են, որ չարժէ շտապել եւ մարդու չափսերի հասնող սառցարան գնել։ Նախ, քնի բարելաւումները դեռեւս բաւականին համեստ են: Երկրորդ, արդիւնքները հիմնւած են փոքր ընտրանմուշի վրայ եւ հետագայ հետազօտութիւն են պահանջում:
Ընդսմին, ըստ հետազօտութեան համահեղինակ, Մոնրէալի համալսարանի Կինեզիոլոգիայի եւ ֆիզիական ակտիւութիւնն ուսումնասիրող դպրոցի դոցենտ Օլիւյէ Դիւպուիի՝, նա եւ իր գործընկերները կարծում են, որ կրիոխթանումը կարող է յատկապէս օգտակար լինել քնի խնդիրներ ունեցող մարդկանց համար: Նշենք, որ հետազօտութիւնն անցկացւել է այն մարդկանց վրայ, ովքեր նման խնդիրներ չեն ունենում։
Ի դէպ, այս հետազօտութիւնը Դիւպուիի թիմի աւելի մեծ՝ կրիոխթանման առողջութեան օգուտներն ուսումնասիրող նախագծի մի մասն է: Այլ հետազօտութիւնները ցոյց են տւել, որ այն կարող է պոտենցիալ կերպով թեթեւացնել ցաւն ու բորբոքումը:
News.am