Հայաստան - Արցախ

Դադիվանքն ու «փաստի» յօրինումը

«ԱԼԻՔ» – «Գեղարդ» գիտավերլուծական կենտրոնը Դադիվանքի վերաբերեալ Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատւութեան վերաբերեալ յօդւած է հրապարակել:

Յօդւածում մասնաւորապէս նշւած է.

«Քարոզչական դաշտում հայկական մշակութային եւ կրօնական ժառանգութեան բռնաիւրացումն Ադրբեջանի կողմից իրականացւում է մի քանի կեղծ թէզերից բաղկացած «մեթոդական ձեռնարկով»։

Եթէ կայ հայկական եւ հայատառ որեւէ գրութիւն, ապա, ըստ ադրբեջանցիների, դրանք արւել են նոր շրջանում։ Կախւած ժամանակի քաղաքական իրավիճակից՝ այդ «աւելացումները» կատարւել են 19-րդ դարում, իսկ Արցախում, ինչպէս իրենք են նշում, «օկուպացիայի տարիներին»։ Այս հնարքն օգտագործւել է, օրինակ՝ Ամբերդի դէպքում։ Ըստ ադրբեջանցի հետազօտողի՝ Վահրամաշէն եկեղեցու պատերի հայերէն գրութիւններն աւելացւել են 20-րդ դարի սկզբին։ Ադրբեջանի գիտութիւնների ակադեմիայի «գիտնականների» կեղծ պնդումներով՝ հայերն «ալբանական եկեղեցիների դէմ նիւթական եւ հոգեւոր յանցագործութիւնները» սկսել են 1836 թւականից, երբ «աղւանական եկեղեցին դարձել է թեմ ու ենթարկւել Էջմիածնի եկեղեցուն»։

«Հայերէն գրութիւններ աւելացնելու» կեղծ թէզը պարբերաբար կիրառւում է Դադիվանք վանական համալիրի նկատմամբ, որն ադրբեջանական վերահսկողութեան տակ է անցել 2020 թւականի նոյեմբերի վերջին։ 

Օրերս ադրբեջանական լրատւամիջոցներից մէկը կարճ յօդւած է հրապարակել՝ «Ադրբեջանական խոշոր վանք Խուդավենգը ենթարկւել է հայկական կեղծարարութիւնների» վերնագրով։ Ըստ այդ հրապարակման՝ 1993-2020 թւականներին հայերը փորձել են կեղծել վանքի պատմութիւնը՝ այն ներկայացնելով հայկական։ Օրինակ՝ փոխարինւել են համալիրի խորհրդանիշերը, տեղադրւել այլ խաչեր, պատերին հին հայերէն գրութիւններ են աւելացւել, իսկ ուդի-աղւանների հին գերեզմաններն իբր աւերւել են։ 

Յիշեցնենք, որ դեռեւս 2021 թւականին Ադրբեջանի ուդիական համայնքի ներկայացուցիչները Դադիվանքում պատարագ էին մատուցում։ Այդ նպատակով Բաքուն օգտագործում է աղւանա-ուդիական կրօնական համայնքի ղեկավար Ռոբերտ Մոբիլիին, որը հանրայնացնում է ադրբեջանական թէզերը։ Յաւելենք, որ 2024 թւականին Վատիկանի պաշտօնաթերթում յօդւած էր հրապարակւել, որտեղ Դադիվանքն ու Գանձասարը ներկայացւել էին որպէս աղւանական՝ չունենալով որեւէ փաստական հիմք։

Պատմութեան եւ, առհասարակ, տեղեկութիւնների կեղծիքն Ադրբեջանն իրականացնում է բազմաթիւ մեթոդներով՝ ստոյգ տւեալները թաքցնելով, տեղեկութիւններն ու աղբիւրները ձեւափոխելով, պատմական փաստերը ժխտելով, մոլորեցնող մեկնաբանութիւններով եւ այլն։

Ժխտողականութիւնն ու գոյութիւն չունեցող փաստերի յօրինումն Ադրբեջանի հակահայկական քարոզչութեան հիմնասիւներից երկուսն են։ Դադիվանքի օրինակով` այստեղ յօրինւած փաստն այն է, թէ իբր հայերը հայերէն գրութիւններն աւելացրել են վանքը հայկականացնելու նպատակով»:

Related Articles

Back to top button