Հայաստան - ԱրցախՔաղաքական

Խաղամոլութիւնը այս իշխանութեան տնտեսական «բրենդն» է

Գիտելիքահեն տնտեսութեան ձեւաւորման, տնտեսութեան կառուցւածքային արմատական բարեփոխումների, արտաքին տնտեսական դիւերսիֆիկացիայի ապահովման ծրագրային խոստումների կատարման փոխարէն՝ մեր երկրում երկրաչափական պրոգրեսիայով աճում է վիճակախաղերի, տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլեխաղերի եւ բուքմեքերական գործունէութեան կազմակերպման ոլորտը։

Հետեւանքները չեն ուշանում։ Աւելին, տարածւում ու արհաւիրք են բերում հանրութեան գրեթէ բոլոր շերտերի համար՝ հանրային ծառայողներից մինչեւ սովորական գիւղացի, երիտասարդներից մինչեւ տարեց, ունեւորից մինչեւ անապահով։

Կարելի է ասել՝ խաղամոլութեան «ասեղին են նստեցրել» ողջ հանրութեանը։

Մի կողմից՝ կործանւում են մարդկանց ճակատագրերը, իսկ միւս կողմից՝ հնարաւոր բոլոր օգուտները քաղում եւ վայելում է օրւայ իշխանական խմբակը։ Պարզ օրինակ՝ թռիչքաձեւ աճող գերշահոյթներին սեփական շրջանակի օլիգարխներով մասնակցութիւն՝ մեծ փայերի տեսքով, այդ գերշահոյթներից իրենց նեղ քաղաքական նենգ շահերի սպասարկում։

Գաղտնիք չէ, որ հանրութեանը հարստահարելու եւ կեղեքելու հաշւին եւ անսահման թոյլտւութեան դիմաց՝ շահումով խաղերի կազմակերպման ոլորտի յայտնի օլիգարխներն իրենց տեխնոլոգիական ու ֆինանսական ներուժն անսահման օգտագործում են իշխանական «ֆէյքերի ֆաբրիկաները» բուծելու եւ հանրութեանը տեղեկատւական տեռորի ենթարկելու համար։

Բերեմ վերաբերելի որոշ փաստեր եւ թւեր։

Բազմիցս եմ արձանագրել, որ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանաւորւած արտաքին պատահական գործօնները եւ դրանց խթանիչ ազդեցութիւնը թուլանում է, իսկ այս ֆոնին մեր երկրի տնտեսական կառուցւածքի բացասական միտումները խորանում են։

Իհարկէ, միակ «անդրդւելին»՝ ահագնացող աճի առումով, խաղամոլութիւնն է։

Գիւղատնտեսութեան ոլորտն այս իշխանութեան օրօք գտնւում է ազատ անկման մէջ։ Տեւական անկումից յետոյ այս տարւայ առաջին ինը ամիսներին արձանագրւել է զրոյականին մօտ աճ։ Զրոյականին մօտ աճի արձանագրումը սովորական է նաեւ արդիւնաբերութեան ոլորտում։

Բացառութեամբ նախորդ մի քանի ամիսներին, որը պայմանաւորւած էր ռուսական ոսկին աննախադէպ մեծ ծաւալներով Արաբական Միացեալ Էմիրութիւններ վերարտահանելու հետ։

Տեղեկատւութեան եւ կապի ոլորտում ունենք էական անկում՝ 8,5 տոկոսի չափով։ Առաւել մտահոգիչ է բարձր տեխնոլոգիաների ոլորտի խորացող ճգնաժամը, որն արդէն արտայայտւում է շուրջ 13 տոկոսանոց անկումով։

Մէկ երկրից տնտեսական կախւածութիւնն աճում է թռիչքաձեւ՝ ՌԴ-ի հետ արտաքին առեւտրաշրջանառութեան տեսակարար կշիռ դարձել է 41 տոկոս, աճելով 5,3 տոկոսով, իսկ ԵՄ երկրների հետ՝ ընդամէնը 7,2 տոկոս, նւազելով 17 տոկոսով։

Կապիտալն էլ փախնում է մեր երկրից. միայն այս տարւայ ինը ամիսներին օտարերկրեայ ուղղակի ներդրումները նւազել են 334 միլիոն ԱՄՆ դոլարով, իսկ ՕՈՒՆ-ի բացասական զուտ ներհոսքը կամում է 55 միլիոն ԱՄՆ դոլար։

Պետական պարտքը դոլարային արտայայտութեամբ այս իշխանութեան ձեռամբ կրկնապատկւել է ընդամէնը 6 տարում։ Պարտքի մեծութիւնը մօտենում՝ 13 միլիարդ ԱՄՆ դոլարի, իսկ դրա տարեկան սպասարկումը անցնում է 1 միլիարդ ԱՄՆ դոլարը։

Հիմա ներկայացնեմ խաղամոլութեան թռիչքաձեւ աճող՝ «արիւնոտ» վիճակագրութեան որոշ փաստեր։

Միայն 2024 թւականի յունւար-սեպտեմբերին՝ նախորդ տարւայ նոյն ժամանակահատւածի համեմատ շահումով խաղերի կազմակերպման ոլորտի աճը կազմել է 10 տոկոս՝ դառնալով 201 միլիարդ 582 միլիոն դրամ կամ շուրջ 520 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ օրական՝ շուրջ 2 միլիոն ԱՄՆ դոլար։

2023 թւականին միայն խաղատների գործունէութիւնը՝ նախորդ տարւայ համեմատ աճել է նախադէպը չունեցող չափով՝ 2,7 անգամ։

Ի դէպ, վիրտուալ մոլեխաղերի եւ բուքմեքերական գործունէութեան կազմակերպման ոլորտն իր պատմական ամենամեծ աճի բոնուսը ստացել է իշխանափոխութեան տարին։ Այս ոլորտի ծաւալը 2018 թւականին՝ նախորդ տարւայ համեմատ աճել է շուրջ 46 տոկոսով, շրջանառութիւնը հասցնելով 306 միլիարդ դրամ։

Իհարկէ, կարելի է կռահել, թէ այդ մեծ բոնուսն ու պատմականօրէն բարձր գերշահոյթները ինչ «ծառայութիւնների» դիմաց են ստացել ոլորտի կարկառուն որոշ ներկայացուցիչները։

Շարունակելի…

ԹԱԴԷՈՍ ԱՒԵՏԻՍԵԱՆ

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր

Related Articles

Back to top button