Ֆրանսիայում ընտրութիւններից աւելի քան 200 թեկնածու է հրաժարւել
«ԱԼԻՔ» – Ֆրանսիայում արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների երկրորդ փուլի իրաւունք ստացած առնւազն 214 թեկնածուներ հանել են իրենց թեկնածութիւնը։ Ահա թէ ինչ են արել երկրի գործող նախագահ Էմմանուէլ Մակրոնի «Միասին յանուն հանրապետութեան» կենտրոնամէտ դաշինքի եւ «Նոր ժողովրդական ճակատ» ձախ կոալիցիայի թեկնածուները գրում Ֆրանսպրես գործակալութիւնը։
Կենտրոնամէտների եւ ձախերի նպատակն է երկրորդ փուլում չխլել միմեանց ձայները՝ փորձելով կանխել Մարին Լը Բենի ծայրայեղ աջ «Ազգային միաւորում» (RN) բացարձակ մեծամասնութիւն ստանալ երկրի նոր խորհրդարանում։ Բացարձակ մեծամասնութիւնը կը լինի խորհրդարանի 577 մանդատներից առնւազն 289-ը։ Ընտրութիւնների երկրորդ փուլը նշանակւած է յուլիսի 7-ին,- յայտնել է DW-ն։
Առաջին փուլում, որը տեղի ունեցաւ յունիսի 30-ին ընտրութիւններին մեծ մասնակցութեան պայմաններում, «Ազգային միաւորում»-ը եւ նրա դաշնակիցները հաւաքեցին ձայների 33,15 տոկոսը, ձախերը՝ 28 տոկոսը, իսկ Մակրոնի դաշինքը՝ 20 տոկոսը: Ընդորում, կողմնորոշւել են ընդամէնը 76 մանդատ ունեցողները, ովքեր իրենց ընտրատարածքներում ստացել են ձայների աւելի քան 50 տոկոսը (39-ը՝ RN ներկայացուցիչներ)։ Սա նշանակում է, որ երկրորդ փուլը տեղի է ունենալու 501 ընտրատարածքներում, որոնցից 306-ում միանգամից երեք թեկնածու է գրանցւել. գրեթէ միշտ դրանք նշւած երեք հիմնական ընտրական դաշինքների ներկայացուցիչներ են։
Ուստի ե՛ւ Մակրոնը, ե՛ւ ձախերի առաջնորդները կոչ են արել այս ընտրատարածքներում երրորդ տեղը զբաղեցրած իրենց ընկերներին ինքնաբացարկ յայտնել, որպէսզի «Ազգային միաւորում»-ի թեկնածուների առաւել յայտնի մրցակիցներն նրանց յաղթելու աւելի մեծ հնարաւորութիւն ունենան։ «Ի վերջոյ, ֆրանսիացիները կը վճռեն՝ լսելով իրենց խղճին, այլ ոչ թէ առաջարկներին,- ասել է Ֆրանսիայի նախագահի խորհրդականը։ Սակայն, զուտ մաթեմատիկօրէն, RN-ի բացարձակ մեծամասնութիւն շահելու ռիսկը նւազում է»:
Յուլիսի 2-ի երեկոն վերջնաժամկէտն էր, որպէսզի երկրորդ փուլ դուրս եկած թեկնածուները (այսինքն՝ առաջին փուլում հաւաքել էին ձայների առնւազն 12,5 տոկոսը) հանեն իրենց թեկնածութիւնը։