Ռուսաստանն ունի բազմաթիւ անգամներ աւելի մեծ հեռահարութեան հրթիռներ, քան Ուկրաինան
«ԱԼԻՔ» – Ռուսաստանն ունի բազմաթիւ անգամ աւելի մեծ հեռահարութեան հրթիռներ, քան Ուկրաինան: Այս մասին ըստ News.am-ի՝ գրում է գերմանական Bild-ը։
Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դէմ հրթիռների կիրառումը նորութիւն չէ ներկայիս պատերազմում։ Հակամարտութեան առաջին օրւանից Ռուսաստանը նաւերից օգտագործում է «Կալիբր» թեւաւոր հրթիռներ, ինքնաթիռներից՝ «Խ-101», ինչպէս նաեւ «Իսկանդեր» փոքր հեռահարութեան բալիստիկ հրթիռներ (500-ից մինչեւ 1000 կմ):
Նորութիւնն այն է, որ Ուկրաինան այժմ պատասխան հարւածներ է հասցնում հրթիռներով, այդ թւում՝ թեւաւոր հրթիռներով: Սրանք ATACMS են ԱՄՆ-ից, ինչպէս նաեւ Storm Shadow կամ SCALP-EG Մեծ Բրիտանիայից եւ Ֆրանսիայից:
Հինգշաբթի առաւօտեան Ռուսաստանը 36-50 տոննա կշռով միջին հեռահարութեան հրթիռ է արձակել Դնեպր քաղաքի ուղղութեամբ։ Այն եղել է առանց միջուկային լիցքի կամ պայթուցիկների, ուստի Bild-ը դա անւանում է «արեւմուտքին վախեցնելու զուտ քարոզչական քայլ»: Սա վերաբերում է նաեւ Պուտինի այն յայտարարութեանը, որ նոր հրթիռը զանգւածային է արտադրւելու։
Ռուսաստանն ունի հարիւրաւոր այլ կարճ եւ միջին հեռահարութեան հրթիռներ, որոնցով կարող է կրակել ողջ Ուկրաինայում։ Բացի այդ, նոր մարտագլխիկների արտադրութիւնը մեծ թափով է ընթանում։ Ուկրաինան իր հերթին ստացել է ընդամէնը մի քանի տասնեակ միաւոր արեւմտեան հեռահար զինատեսակներ, որոնք գերազանցում են HIMARS հրթիռների շառաւիղը (մօտ 85 կմ)։
«Սակայն արեւմտեան հրթիռները, այդ թւում՝ թեւաւոր հրթիռները, որոնք ծառայութեան մէջ են Ուկրաինայում, շատ աւելի ճշգրիտ են եւ ճիշտ օգտագործման դէպքում կարող են աւելի էական վնաս հասցնել Ռուսաստանի ներսում գտնւող ռազմական օբիեկտներին»,- գրում է գերմանական պարբերականը։