ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական

Փեզեշքիանը՝ Փաշինեանի հետ հեռախօսազրոյցի ընթացքում. «Մենք հաւատարիմ ենք միջազգային իրաւունքին, բայց չենք ընկրկելու ուժի կիրառման առջեւ»

«ԱԼԻՔ» – Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանը երէկ՝ յուլիսի 19-ին, հեռախօսազրոյց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ:

Հեռախօսազրոյցի ընթացքում, նախագահն անդրադառնալով տարածաշրջանում եւ միջազգային ասպարէզում տեղի ունեցող զարգացումներին, մասնաւորապէս՝ Իրանի դեմ սիոնիստական ռեժիմի եւ ԱՄՆ-ի սանձազերծած 12-օրեայ պատերազմում հրադադարի հաստատումից յետոյ, ինչպէս նաեւ եւրոպական երկրների ջանքերին՝ համոզելու Իրանին վերսկսել բանակցութիւնները, ընդգծել է. «Հիմնւելով իր սկզբունքային քաղաքականութեան վրայ՝ Իրանը միշտ աջակցել է ցանկացած գործողութեան, որը տանում է դէպի խաղաղութեան եւ անվտանգութեան ամրապնդում: Իրանն իր ողջ պատմութեան ընթացքում երբեք պատերազմի եւ անվտանգութեան բացակայութեան չի ձգտել եւ միշտ կարեւոր ու արդիւնաւէտ դեր է խաղացել տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան հաստատման գործում։ Սակայն մինչ մենք բանակցում եւ պայմանաւորւում էինք, սիոնիստական ռեժիմը յարձակւեց մեզ վրայ՝ հակառակ բոլոր միջազգային չափանիշներին ու օրէնքներին, իսկ յետոյ ԱՄՆ-ը՝ լիակատար համակարգմամբ այդ ռեժիմի հետ, ռմբակոծեց մեր օրինական միջուկային օբիեկտները»:

Փեզեշքիաննը նշել է, որ այս ագրեսիւ եւ յանցաւոր արարքին ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի անգործութիւնն ու կրաւորական մօտեցումն առաջացրել է Իրանի ազգի եւ Իսլամական խորհրդարանի պատգամաւորների զզւանքն ու դժգոհութիւնը:

«Քանի որ մենք յանձնառու ենք յարգելու միջազգային իրաւունքը եւ ապահովելու մեր երկրի միջուկային գործունէութեան թափանցիկութիւնը, որեւէ վերապահում չենք ունեցել վերահսկողութեան եւ ստուգոմների վերաբերեալ, սակայն, ընդգծում ենք, որ չենք ընկրկելու ուժի կիրառման առջեւ»,- յստակեցրել է նա:

Հանրապետութեան նախագահը նաեւ քննադատել է որոշ երկրների պատերազմ հրահրելու, զանգւածային սպանութիւնների եւ սիոնիստական ռեժիմի ագրեսիայի վերաբերեալ կրկնակի ստանդարտները։

«Այն, ինչ այսօր կատարւում է Գազայի ճնշւած ու անպաշտպան բնակչութեան հետ՝ սկսած կանանց ու երեխաների սպանութիւններից ու ցեղասպանութիւնից մինչեւ ջրի, սննդի ու դեղորայքի հասանելիութեան սահմանափակում, անհամատեղելի է որեւէ միջազգային իրաւական, բարոյագիտական եւ մարդասիրական չափանիշի հետ»,- ասել է նա։

Փեզեշքիանը Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան յարաբերութիւնները բնութագրել է որպէս պատմական, բարեկամական եւ կառուցողական։

«Մեր քաղաքականութիւնը բոլոր հարեւան երկրների հետ կառուցողական փոխգործակցութիւն է՝ բոլոր երկրների տարածքային ամբողջականութեան պահպանման շրջանակում, եւ մենք առանձնայատուկ նշանակութիւն ենք տալիս երկու երկրների միջեւ փոխգործակցութեան եւ յարաբերութիւնների ամրապնդմանը», – նշել է նա։

Նիկոլ Փաշինեանն իր հերթին ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ յարաբերութիւնների ընդլայնման հարցում իր շահագրգռւածութիւնը։

«Մենք անհամբերութեամբ սպասում ենք Հայաստանում Ձեր այցին, որպէսզի կարողանանք հանդիպել եւ մանրամասն քննարկել երկու երկրների միջեւ համագործակցութեան եւ փոխգործակցութեան բարելաւման ուղիները»,- ասել է նա։

Related Articles

Back to top button