Սէյրան Օհանեան. «Արցախը հայաթափած ու Ադրբեջանին յանձնած իշխանութիւններն աջակցութեան ծրագրերը ծառայեցնում են իրենց PR-ին»
«Հոկտեմբերի 27-ը մեծ հարւած էր մեր պետականութեանը, քանի որ մեր ազգային-պետական գործիչները պետականութեան կերտման սկզբնափուլում մեծ աւանդ են ունեցել ու զարգացրել են մեր պետութեան բոլոր ճիւղերը»,- լրագրողների հետ զրոյցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Սէյրան Օհանեանը:
Առկայ իրավիճակի ֆոնին, պատգամաւորը մեծ է համարում հաւանականութիւնը, որ տեղի ունեցածը թուրք-ադրբեջանական հետք ունի, ինչն էլ, ըստ նրա, յանգեցրեց նաեւ Արցախի հայաթափմանն ու Հայաստանի վրայ ճնշումների աւելացմանը:
Սէյրան Օհանեանն անդրադարձաւ նաեւ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւորների կողմից՝ իրենց պարգեւավճարներն արցախահայութեանը տրամադրելու որոշմանը՝ ասելով, որ իրենք նոյնպէս այդ գումարները կուղղեն Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցների սոցիալական խնդիրների լուծմանը: Նա վստահեցրեց, որ իրենց դաշինքի քաղաքական ուժերն ու անհատ պատգամաւորները նախկինում եւս աջակցել են Արցախից ՀՀ տեղափոխւածներին:
«Դա շատ տեսանելի չէ, քանի որ մենք դա չենք անում PR-ի համար: Աւելին ասեմ, ներկայ իշխանութիւններն են հէնց այդ գործողութիւններով փորձում իրենց PR-ն անել: Ընդորում, իրենք այդ գումարներն իրենց գրպանից չէ, որ յատկացնում են: Դրանք մեր հայրենակիցների հարկերից ձեւաւորւած գումարներն են… բայց իրե՛նք են, որ հայաթափել են Արցախն ու յանձնել Ադրբեջանին, այնինչ, իրենց բոլոր ծրագրերում ու ՀՀ անվտանգութեան ռազմավարութիւնում Արցախի ինքնորոշումը, բնակչութեան անվտանգութեան ապահովումը, Արցախի Հանրապետութեան անվտանգութեան երաշխաւոր լինելն առաջնային տեղ էր գրաւում, ինչն իրենք չեն կատարել»,- ասաց ՀՀ պաշտպանութեան նախկին նախարարը՝ բարձրացնելով նաեւ զինւորականների կողմից կենսաթոշակ չստանալու խնդիրը: