Հայաստան - ԱրցախՔաղաքական

Յովհաննէս Աւետիսեան. «Օրւայ իշխանութիւնները հրաժարւել են Հայաստանի՝ ազգային պետութիւն լինելուց, եւ գործոնից մեզ վերածել են գործիքի»

Ինքնիշխան պետութիւնը մէկ այլ պետութեան հրահանգով Սահմանադրութիւն չի փոխում կամ սեփական Անկախութեան հռչակագրին դէմ չի գնում։ Որտեղի՞ց մեր երկրին ինքնիշխանութիւն՝ նման որակներով իշխանութեան պարագայում, եւ ինչպէ՞ս են իրենք իրենց ինքնիշխան համարում, երբ երկրի գլխաւոր ատրիբուտները եւ օրէնքը պատրաստ են փոխել թշնամի պետութեան հրահանգով։ Դա ի՞նչ ինքնիշխանութիւն։ Սա ուղղակի մանիպուլիացիա է՝ ուղղւած հանրութեան այն շերտերին, որոնք չգիտեն՝ ինչպէս է դրսեւորւում պետութեան ինքնիշխանութիւնը։ Դա սահմանապահով չի որոշւում, սահմանապահի հարցը երկրորդային ու երրորդային է։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է յայտնել կառավարման փորձագէտ, տնտեսագէտ Յովհաննէս Աւետիսեանը։

«Փաստն այն է, որ Հայաստանը գտնւում է մի տարածաշրջանում, որտեղ մեր հարեւանութեամբ երկու տարածաշրջանային տէրութիւն կայ՝ Թուրքիա եւ Իրան, եւ այստեղ ազդեցութիւն ունի մէկ գերտէրութիւն՝ Ռուսաստանը։ Հայաստանը ԽՍՀՄ փլուզումից ի վեր գտնւել է ռուսական ազդեցութեան ներքոյ։ Այդ ազդեցութիւնն այնքան մեծ է, որ նաեւ մեր շարունակական սխալների պատճառով հասել ենք այն կէտին, երբ Հայաստանի գրեթէ բոլոր ենթակառուցւածքները պատկանում են Ռուսաստանին։ Հայաստանի առեւտրաշրջանառութեան գերակշիռ մասը, ընդ որում՝ էական նշանակութեան ապրանքների ներկրումը, օրինակ՝ ցորենի, Ռուսաստանից է։ Այս պայմաններում, երբ Ռուսաստանի հանդէպ յոխորտում են, ասում, թէ մենք ինքնիշխանութիւն ենք ստանում, ի՞նչ են կարծում՝ ինչպէ՞ս կարող է Հայաստանն ինքնիշխան լինել»,- ասել է տնտեսագէտը։

«Ռուսաստանն էլ է այս ամէնը լաւ հասկանում։ Շատ լաւ հասկանում է, որ սա ուղղակի քաղաքական կապիկութիւն է, այսինքն՝ Հայաստանը ոչ մի կերպ չի կարողանալու ազատւել ռուսական ազդեցութիւնից, ոչ մի կերպ։ Այն օրը, երբ Հայաստանը լրջօրէն փորձի անել դա այս վիճակով, ուղղակի սեփական մահկանացուն է կնքելու։ Ռեսուրսների հարիւր տոկոսանոց կախւածութիւն կայ Ռուսաստանից՝ էներգետիկայով, երկաթգծով, ճանապարհներով, առեւտրով, տնտեսութիւնով, ատոմակայանով։ Նրանք էլ են խաղ խաղում, բայց ի՞նչ է տեղի ունենում. այս ամէնով հանդերձ՝ նրանք մեզ օգտագործում են։ Իրականում ի՞նչ է տեղի ունենում Հայաստանի հետ։ Ընդդիմադիր դաշտը կա՛մ սա չի հասկանում, կա՛մ չհասկանալու է տալիս։ Օրւայ իշխանութիւնները հրաժարւել են Հայաստանի՝ ազգային պետութիւն լինելուց։ Դա շատ մեծ աղէտ է հայերի համար»,- նշել է Աւետիսեանը:

Կառավարման փորձագէտի կարծիքով՝ մենք այս տարածաշրջանում ստեղծւել կամ հարիւրաւոր տարիներ անց վերստեղծւել ենք՝ որպէս ազգային պետութիւն. «Ինչո՞ւ են Ալիեւն ու Էրդողանը շարունակաբար յարձակումներ գործում մեր խորհրդանիշների վրայ։ Մեր ինքնութեան հաւաստումը մեր խորհրդանիշներն են՝ Անկախութեան հռչակագիրը եւ Սահմանադրութիւնը։ Մեր խորհրդանիշ զինանշանի վրայ չորս հայկական թագաւորութիւնների զինանշաններն են եւ Արարատ լեռը։ Ազգային պետութիւն՝ նշանակում է, որ դու ասում ես՝ էական չէ, թէ իմ տեսակը՝ հայը, որտեղ է ապրում՝ Հայաստանում, հարեւան Վրաստանում, Ադրբեջանում, Իրանում, թէ Թուրքիայում, ես նրա իրաւունքների՝ կեանքի, ազատութեան եւ այլ իրաւունքների պաշտպանն եմ։ Դա է ազգային պետութիւնը, այն դրսեւորումը, որը, օրինակ, հիմա Իսրայէլն է ցուցադրում»:

«Արցախի կորուստն ազգային պետութիւն լինելուց հրաժարւելու հետեւանքն է։ Այդ դէպքում դու գործօնից դառնում ես գործիք։ Մենք որքան էլ վատ կառավարւող պետութիւն էինք՝ կոռուպցիայով եւ այլ դրսեւորումներով, գործօն էինք տարածաշրջանում։ Երբ դու գործօն ես, ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Թուրքիան, որքան էլ քեզ փորձեն օգտագործել, քեզ որպէս կողմ են դիտարկում եւ քեզ հետ խնդիրները քննարկում են։ Հիմա Հայաստանը, հրաժարւելով ազգային պետութիւն լինելուց, գործօնից դարձել է գործիք։ Դա նշանակում է, որ մեր փոխարէն Ալիեւը կամ Էրդողանը Ռուսաստանի հետ նստում ու որոշում են, թէ մեզ ինչ պիտի պարտադրեն, յետոյ գալիս ու ասում են՝ կը գնաք ու սա կանէք»,- ամփոփել է Յովհաննէս Աւետիսեանը:

Related Articles

Back to top button