Քաղաքական

Մեզ պէտք է գերպաշտպանւած «հայկական պարիսպ» կառուցել Ադրբեջանի հետ

ԱՐՄԷՆ ԱՅՒԱԶԵԱՆ

Քաղաքական գիտութիւնների դոկտոր, պատմաբան

 

Իրենց անկախութեանն ու անվտանգութեանը լուրջ վերաբերւող պետութիւնները փորձում են ամէն կերպ ապահովագրւել դրկից հզօր թշնամիների ռազմական թէ «խաղաղ» բնոյթի կանխատեսելի ներխուժումներից։ Հիւսիսային Կորէան, օրինակ, հէնց այս օրերին պայթեցնում եւ ականապատում է Հարաւային Կորէայի հետ իրեն կապող աւտոմոբիլային եւ երկաթուղային ճանապարհները։ Ու սա ի լրացումն նրա, որ իր սահմանն աշխարհում ամենաամրացւածն է։

Իսկ, օրինակ, ՀՀ կոլաբորացիոնիստական կառավարութիւնը, կատարելով օտար գաղութարարների հրահանգը, պատրաստւում է օր առաջ բացել իր սահմանները հայասպան Թուրքիայի եւ Ադրբեջանի առջեւ։ Թէ դա ինչ ծանրագոյն հետեւանքներ կունենայ Հայաստանի անվտանգութեան ու տնտեսութեան համար, «վերեւներին» բոլորովին չի մտահոգում։ Յանձնարարւած է, կատարում են։

Եթէ առաջիկայ ամիսներին Ադրբեջանի հետ մեռելածին «խաղաղութեան պայմանագիրը», այն է՝ Հայաստանի լիակատար ու անվերապահ կապիտուլիացիայի փաստաթուղթը, այնուամենայնիւ, ստորագրւի, այդ իսկ պահից սկսած մտնելու ենք արագընթաց կազմալուծման գործընթացների մէջ։

Միակ ցուցադրական «զիջումը», որ Ադրբեջանը գուցէ եւ անի, Բաքւի բանտերում ապօրինաբար պահւող մի քանի տասնեակ հայ գերիների վերադարձն է լինելու։ «Միջազգային համայնքն» այդ քայլն անմիջապէս փարիսեցիաբար տարփողելու է որպէս Ադրբեջանի մարդասիրութեան ու բարի կամքի դրեւորում։ Այնինչ դիմացը Թուրքիան եւ Ադրբեջանը ստանալու են Հայաստանի վերջնական գաղութացում ու ստրկացում։

Հայաստանում իրական դիմադրական դաշտի կայացումն անհետաձգելի է…

Յ. Գ. – Ասւածը փոքր-ինչ աւելի մանրամասն պարզաբանելու համար ստորեւ զետեղում եմ նաեւ ս. թ. ապրիլի 22-ի գրառումս՝ վերջին շրջանում տարբեր պետութիւնների կողմից իրենց սահմաններն ամրացնելու եռանդուն գործողութիւնների մասին.

«Առաւել պարզ պատկերացնելու համար, թէ ինչ է անում փաշինեանական խունտան Հայաստանի սահմանները թուլացնելու, մասնաւորապէս՝ Տաւուշում եղած ականապատ դաշտերը վերացնելու առումով, օգտակար կը լինի ծանօթանալ մի շարք այլ պետութիւնների փորձին։

Վերջին տարիներին ու տասնամեակներին շատ պետութիւններ սկսել են իրենց սահմանների երկայնքով բարձր պատնէշներ (պարիսպներ) կառուցել՝ հնարաւորին չափ չէզոքացնելու համար սահմանի այն կողմից սպասւող թշնամական եւ անցանկալի ներթափանցումներն ու ահաբեկչութիւնը, վերահսկելու համար անօրինական ներգաղթը եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառութիւնը։

Ահա իրենց սահմանների երկայնքով պարիսպ կառուցած եւ կառուցող պետութիւնների ոչ ամբողջական ցանկը՝

– Ամերիկայի Միացեալ Նահանգները պատնէշներ է կառուցում Մեքսիկայի հետ իր հարաւային երկար սահմանի երկայնքով։

– Ֆինլանդիան, Լեհաստանը եւ մերձբալթեան երեք հանրապետութիւնները պատնէշներ են կառուցում ՌԴ-ի եւ Բելառուսի հետ իրենց պետական սահմանների երկայնքով։

– Իսրայէլը վաղուց պաշտպանւած պարիսպներ է կառուցել Եգիպտոսի, Գազայի հատւածի եւ Արեւմտեան ափի պաղեստինեան պետական կազմաւորումների հետ իր սահմանների երկայնքով։

– Հունգարիան, ի պատասխան 2015 թւականին եւրոպական միգրանտների ճգնաժամին, ցանկապատեր է կառուցել Սերբիայի եւ Խորւաթիայի հետ սահմանների երկայնքով՝ երկիր մուտք գործող միգրանտների հոսքը վերահսկելու համար:

– Հնդկաստանը պատնէշներ է կառուցել իր մի քանի սահմանների երկայնքով, ներառեալ Բանգլադէշի եւ Պակիստանի հետ:

– Սաուդեան Արաբիան պատնէշներ է կառուցել Իրաքի եւ Եմէնի հետ իր սահմանների երկայնքով:

– Յունաստանը պատ է կառուցել Թուրքիայի հետ իր սահմանի տարբեր հատւածներում։

– Թուրքիան պատ է կառուցել Սիրիայի հետ սահմանի երկայնքով։

– Բուլղարիան պատնէշ է կառուցել Թուրքիայի հետ սահմանի երկայնքով։

– Մարոկկօն իր սահմանների երկայնքով պատնէշներ է կառուցել Հիւսիսային Աֆրիկայի Սեուտա եւ Մելիլիա իսպանական անկլաւների հետ։

ԻՐԱԿԱՆՈՒՄ ՄԵԶ ՊԷՏՔ Է ԳԵՐՊԱՇՏՊԱՆՒԱԾ «ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԻՍՊ» ԿԱՌՈՒՑԵԼ ՀԱՅԱՍՊԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻ ԱՄԲՈՂՋ ԵՐԿԱՅՆՔՈՎ։

ԱՅՍ ՕՐԵՐԻՆ ՀՀ ՀԻՒՍԻՍ-ԱՐԵՒԵԼԵԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԵՂԱԾ ԱԿԱՆԱՊԱՏ ԴԱՇՏԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄԸ ՈՉ ԱՅԼ ԻՆՉ Է, ՔԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՒԱՃԱՆՈՒԹԻՒՆ:

Related Articles

Back to top button