Բաքուն 4,7 միլիոն դոլարով PR ընկերութիւն է վարձում՝ կլիմայի գագաթնաժողովից առաջ իր իմիջը մաքրագործելու համար
Ադրբեջանի բռնապետական եւ կոռումպացւած կառավարութիւնը 4,7 միլիոն դոլար է վճարում ամերիկեան PR ընկերութեանը, որպէսզի մաքրագործի իր արատաւոր իմիջը՝ այս տարւայ նոյեմբերին Բաքւում COP29 հեղինակաւոր միջազգային համաժողովի հիւրընկալումից առաջ:
Փետրւարին Ադրբեջանը վարձել է հասարակայնութեան հետ կապերի ամերիկեան Teneo Strategy ընկերութիւնը, որպէսզի «պատերազմող նաւթային պետութիւնը նմանւի Մայր Թերեզային», ըստ Նիք Քլիւլենդ-Սթաուտի, որը ResponsibleStatecraft.org կայքում մի յօդւած է հրապարակել՝ «Ինչպէս է Ադրբեջանը «կեղծ խաղաղութեամբ մաքրում» իր իմիջը COP29-ից առաջ․ Բաքուն, թանկարժէք PR ընկերութեան որոշակի օգնութեամբ, նոյեմբերին հիւրընկալում է կլիմայի գագաթնաժողովը» վերնագրով։
Իր չափազանց բարձր վարձատրութիւնը վաստակելու համար Teneo-ն շուրջ 500 անգամ կապ է հաստատել «88 տարբեր համաշխարհային լրատւամիջոցների 144 լրագրողների հետ՝ առաջ մղելու Ադրբեջանի COP29-ի օրակարգը․․․․ Միայն մէկ օրւայ ընթացքում PR ընկերութիւնը… մեդիա ֆորումի ժամանակ ընթրել է երեք լրագրողների հետ Լեռնային Ղարաբաղի հինգաստղանի հիւրանոցի ռեստորանում: Հէնց յաջորդ օրը նրանցից մէկը Պակիստանում հրապարակւած յօդւածում գովաբանել է Ադրբեջանի կողմից տարածաշրջանի նկատմամբ նոր հաստատւած վերահսկողութիւնը, իսկ մի քանի շաբաթ անց թւիթերում գրել է՝ Ադրբեջանի «բախտը բերել է, որ նախագահ Իլհամ Ալիեւի նման ղեկավար ունի»։
Ադրբեջանցի մի պաշտօնեայ յայտարարել է, որ իր երկիրը վարձել է Teneo-ին «COP29-ի հաղորդակցման գործառոյթը կազմակերպելու համար, ներառեալ պատմութեան զարգացում, սկզբնական բովանդակութեան մշակում, հաղորդակցութեան եւ ներգրաււածութեան քարոզարշաւի պլանաւորում, խնդիրների կառավարում, կազմակերպչական զարգացում, լրատւամիջոցների հետ կապերի կարողութեան հաստատում եւ լրատւամիջոցների վերապատրաստում»: Նիք Քլիւլենդ-Սթաուտը յայտնել է, որ «Teneo-ի առնւազն հինգ ղեկավարներ մշտապէս գտնւում են Բաքւում՝ մինչ օրս 350 հազար դոլար ծախսելով աւիատոմսերի եւ հիւրանոցների վրայ»:
Նախագահ Ալիեւի գլխաւոր խորհրդական Հիքմաթ Հաջիեւն անամօթաբար յայտարարել է «COP29 զինադադարի» մասին, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը կոչ է անում աշխարհի բոլոր պատերազմող կողմերին հրադադար յայտարարել նոյեմբերեան համաժողովի ընթացքում: Նման կեղծ յայտարարութիւն անում է մի երկիր, որի ղեկավարը բազմիցս սպառնացել է ներխուժել Հայաստան։ Սա մեզ յիշեցնում է աստւածաշնչեան յորդորը. «Բժի՛շկ, բժշկի՛ր ինքդ քեզ»:
Նիք Քլիւլենդ-Սթաուտը գրել է. «Ադրբեջանը յայտնի է դարձել իր նաւթային հարստութիւնը ցուցադրելով՝ օտարերկրեայ պաշտօնեաներին, օրէնսդիրներին եւ լրագրողներին նւէրներով, անվճար թռիչքներով եւ շքեղ հիւրանոցներով սիրաշահելու համար, ինչը կոչւում է «խաւիարային դիւանագիտութիւն»: Համաձայն Responsible Statecraft-ի՝ հասանելիութեան ազատութեան մասին ակտի պահանջի միջոցով ստացւած ուղեւորութեան երթուղու, Մէյն նահանգի օրէնսդիրները մայիսին ինը օր անցկացրել են Ադրբեջանում, որոնց ճանապարհածախսը, սնունդը եւ կացարանն ապահովել է Ադրբեջանի Սփիւռքի հետ աշխատանքի պետական կոմիտէն, այն նոյն գործակալութիւնը, որը հիւրընկալել էր [Նիւ-Եօրքի քաղաքապետ Էրիկ] Ադամսի օգնականներին։ Երթուղու մի մասը ներառում էր երկօրեայ ուսուցում «օկուպացիայից ազատագրելուց յետոյ նոր զարգացման» մասին Լեռնային Ղարաբաղում: «Կարծում եմ, որ պէտք է գտնեմ անձնագիրս։ Ես շատ յուզւած եմ․․․»,- գրել է նահանգի ներկայացուցիչ Ջիլ Դիւսոնը՝ ի պատասխան հրաւէրի։ Յունիսին Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատունը նոյնիսկ վարձել էր նախկին պատգամաւոր Քրիս Ստիւարտին (Հանրապետական-Իւտա)՝ Կոնգրեսի պատւիրակութիւնների այցերն Ադրբեջան համակարգելու համար»:
Բացի այդ, Նիք Քլիւլենդ-Սթաուտը նշել է, որ Ադրբեջանը վարձել է մէկ այլ PR ընկերութիւն՝ «The Friedlander Group-ը, որն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարութեան կողմից վարձւած ընկերութիւն է, [որը] Վաշինգտոնում Կոնգրեսում առաջատարն է: RS-ի կողմից ստացւած էլեկտրոնային նամակը ցոյց է տալիս, որ ընկերութիւնը սեպտեմբերի 23-ին նամակ է յղել Կոնգրեսի անդամներին՝ խնդրելով չստորագրել Կոնգրեսի նամակը, որը կոչ էր անում Բաքւին ազատ արձակել հայ բանտարկեալներին COP29-ից առաջ»: Ընկերութեան գործադիր տնօրէն Էզրա Ֆրիդլենդերը գրել է Կոնգրեսի անդամներին՝ «մենք Ադրբեջանին պարտք ենք գովասանք, ներողութիւն եւ օգնութեան ձեռք»:
Վերադառնալով Teneo PR ընկերութեանը՝ Նիք Քլիւլենդ-Սթաուտը յայտնել է, որ. «Երբ Ադրբեջանը յուլիսին 300 օտարերկրեայ լրագրող տեղափոխեց նոր վերահսկւող Լեռնային Ղարաբաղ՝ մեդիա ֆորումի, Teneo-ն հանդիպումներ անցկացրեց եւ թանկարժէք ընթրիքներ կազմակերպեց՝ դրանց ընթացքում քննարկելով հարցազրոյցներ Ադրբեջանի COP ղեկավար թիմի հետ»:
RS-ի թղթակիցը գրել է, որ «Teneo-ի հետ հանդիպումից երեք օր անց հնդկական The Hindu ազդեցիկ թերթը յօդւած հրապարակեց՝ «Կլիմայի համաժողով նոյեմբերին՝ ընդգծելու «խաղաղութիւնը» եւ «հրադադարը»» վերնագրով։ Ընկերութիւնը նաեւ «օժանդակել է «Նիւ Եօրք թայմս» թերթի յօդւածին, որտեղ ներկայացւած է [Մուխթար] Բաբաեւը [COP-ի նախագահ] Ադրբեջանում, որը մասամբ հիմնւած է Լեռնային Ղարաբաղ կատարած ուղեւորութեան վրայ»։
Teneo-ն 17 հոգուց բաղկացած թիմ է առանձնացրել ադրբեջանամէտ PR առաջադրանքի համար։ Ադրբեջանի պաշտօնեաները շատ գոհ են իրենց երկրի համար Teneo-ի կողմից իրականացւող քարոզչութիւնից: Բաբաեւն ադրբեջանական հեռուստաընկերութեանն ասել է, որ «Ադրբեջանի մասին միջազգային ընկալումները փոխելու կառավարութեան մեդիա ռազմավարութիւնը յաջողւած պատմութիւն է, ներառեալ նրա «տարածքային ամբողջականութեան վերականգնումը»՝ անդրադառնալով նրա յարձակմանը Լեռնային Ղարաբաղում։ Առանց Teneo-ի անունը նշելու, նա բարձր է գնահատել նոր մեդիա թիմը, որը «բաղկացած է լուրջ մասնագէտներից․․․»։ Շնորհիւ այս պրոֆեսիոնալ թիմի աշխատանքի, այս տարի չկայ մի շաբաթ, որ մենք տեղեկատւութիւն չտրամադրենք եւ յայտարարութիւններ չանենք միջազգային լրատւամիջոցներին… Հիմա նրանք բոլորը հասկանում եւ տեսնում են մեր երկրի հզօրութիւնը»։
Ամենացաւալին այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինեանն է, որ թոյլ տւեց Ադրբեջանին անցկացնել համաժողովը՝ հանելով Հայաստանի վետօն՝ 32 հայ ռազմագերիների ազատ արձակման դիմաց ազատ արձակելով 2023 թւականին Հայաստանի սահման ներթափանցած եւ անմեղ հայ աշխատողին սպանած ադրբեջանցի երկու մարդասպաններին։
Թէեւ ես ողջունում եմ 32 հայ գերիների վերադարձը, սակայն կարծում եմ, որ Փաշինեանը պէտք է սակարկէր Ադրբեջանի կողմից Բաքւում պահւող բոլոր հայ ռազմագերիներին եւ Արցախի ութ քաղաքական պատանդներին ազատ արձակելու համար: Նախագահ Ալիեւն այնքան տարւած էր ՄԱԿ-ի հեղինակաւոր համաժողովն Ադրբեջանում հիւրընկալելու ցանկութեամբ, որ նա կը համաձայնէր նման համապարփակ գործարքի:
Եթէ Փաշինեանը նման գործարքի գնար, ապա ամբողջ աշխարհում հայերն ու ոչ հայ կարեկից մարդիկ ստիպւած չէին լինի այդքան տքնաջանօրէն աշխատել Ադրբեջանի վրայ ճնշում գործադրելու համար՝ մինչեւ նոյեմբերի համաժողովը բոլոր հայ բանտարկեալներին ազատելու նպատակով։
ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր»
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ