Սրբոց Թարգմանչաց տօնին նիրւած գեղարւեստական ճոխ յայտագրով յագեցած միջոցառում էր կազմակերպւել Սրբոց Թարգմանչաց եկեղեցում, նախաձեռնութեամբ Հ. Մ. «Սիփան» միութեան Արւեստից բաժանմունքի եւ համագործակցութեամբ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու Եկեղեցական խորհրդի: Հոկտեմբերի 12-ի երեկոյեան կազմակերպւած միջոցառումը մեկնարկեց Տէրունական աղօթքով, որը կատարեց Հ. Մ. «Սիփան» միութեան «Կոմիտաս» երգչախումբը խմբավարութեամբ Լուսինէ Միքայէլեանի, դաշնակահար Էնջելինա Ղարիբեան:
Օրւայ բացման եւ ողջոյնի խօսքով հանդէս եկաւ միութեան Արւեստից բաժանմունքի նախագահ Արփի Ալավերդեանը ,ընդգծելով. «Թարգմանչաց տօնը խորհրդանշում է հայոց գրերի գիւտը, Աստւածաշնչի հայերէն առաջին թարգմանութիւնը, թարգմանչաց շարժումն ու հայ դպրութեան սկիզբը: Հայ Առաքելական եկեղեցին տօնում է վեց թարգմանիչների՝ Մեսրոպ Մաշտոցի, նրա աշակերտների՝ Եղիշէի, Մովսէս, Խորենացու, Դաւիթ Անյաղթի, ինչպէս նաեւ Գրիգոր Նարեկացու եւ Ներսէս Շնորհալու յիշատակը»:
Նա նշեց.««Թարգմանիչներ» անւանւած հոգեւոր մշակութային հզօր շարժումն անկրկնելի երեւոյթ էր հայոց պատմութեան մէջ: Թարգմանիչները հիմքը դրեցին ազգային ինքնուրոյն գրականութեան, ճարտարապետութեան, պատմագրութեան, բժշկութեան, փիլիսոփայութեան, աստւածաբանութեան, երաժշտութեան, որով մենք քաղաքակիրթ աշխարհի լիիրաւ անդամը դարձանք: Այդ նրանք էին, որ գրեթէ ոչնչից ստեղծեցին ինքնատիպ մի մշակոյթ: Այդ նրանց ջանքերով էր, որ ազգը համախմբւեց միասնական մէկ հաւատքի շուրջ եւ կարողացաւ յետ վանել ճակատագրի դառը փորձութիւնները»:
Անդրադառնալով հայ ժողովրդի դէմ ներկայումս ծառացած մարտահրաւէրներին ,Արփի Ալավերդեանը ընդգծեց.«Այսօր նաեւ մեր Հայաստանն է դիմագրաւում ճակատագրական ու վճռորոշ պահեր:Մեր ազգի ոխերիմ թշնամիներն այսօր էլ ձգտում են իրագործել իրենց վաղեմի նպատակը, այն է յաւերժ ոչնչացնել հայ ժողովուրդը եւ տիրանալ մեր հազարամեայ պատմութիւն ու մշակոյթ ունեցող հայրենի տարածքներին: Քաւ լիցի: Այսօր մեր ազգային պարտքն է ամէն կերպ սատարենք մեր Հայրենի աշխարհին: Անաղարտ պահենք մեր մայրենին ու ազգայինը»:Նա, վերջում յանձնախմբի անունից երախտագիտութիւն յայտնեց թեմակալ առաջնորդին եւ ազգային իշխանութեանը միջոցառումը հովանաւորելու համար:
Միջոցառման գեղարւեստական յայտագրով ազգային-ժողովրդական երգերով հանդէս եկաւ՝ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի մշակութային յանձնախմբի կողմից կեանքի կոչւած «Նոր Ձայներ» երգչախումբը՝ խմբավարութեամբ դիրիժոր Արփի Սիմրոջեան-Նազարեանի, դաշնակահար Արեգ Մարգարեան: Ազգագրական երգերով ելոյթ ունեցաւ միութեան «Կոմիտաս»երգչախումբը:
Գեղարւեստական յայտագրի բանաստեղծութիւնները իրականացրին Հ. Մ. «Սիփան» միութեան «Աւիւն» ասմունքի խմբի սաները, ղեկավարութեամբ՝ Արփի Ալավերդեանի, իսկ «Այր մի Մաշտոց» բանաստեղծութիւնը ասմունքեցին՝ Անի Թահմասեանը եւ Անդրէ Պօղոսեանը: Մեներգերով հանդէս եկան Նորիկ Ղարաբէգեանը եւ Տ. Սարգիս քհնյ. Խոսրովեանը ով նաեւ փոխանցեց Տ. Սեպուհ արք. Սարգսեանի պատգամը, ջութակի կատարմամբ ելոյթ ունեցաւ՝ Դանիէլ Քեշիշ Դանիէլեանը, իսկ ֆլէյտայի կատարմամբ՝ Արփա Մահմուդեանը:
Գեղարւեստական յայտագիրը շարունակւեց եկեղեցու բակում, որի ընթացքում հայկական պարերով ելոյթ ունեցան Հ. Մ. «Սիփան» միութեան «Սիփան» պարախմբի սաները գեղարւեստական ղեկավար՝ Կարինէ Մանուչերեան:
Միջոցառմանը իրենց մասնակցութիւնն էին բերել Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, «ԱԼԻՔ» հաստատութեան ազգային իշխանութեան, մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ եւ հայրենակիցներ:
Թղթակցութիւնը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ