
«ԱԼԻՔ» – Արտաքին գործերի նախարարութեան ներկայացուցիչն X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցի իր էջում գրել է. «Իրանը ճշմարտութիւն եւ արդարութիւն է պահանջում այն ընկերութիւնների գործունէութեան համար, որոնք ակտիւօրէն մասնակցել են Իրաքի զանգւածային ոչնչացման եւ քիմիական զէնքերի ծրագրի մշակմանը՝ եւ այն որակել պատերազմական յանցագործութիւն, ինչը վաղեմութեան ժամկէտ չունի»։
Քիմիական զէնքի արտադրութեան, կուտակման եւ օգտագործման արգելման մասին կոնւենցիայի ուժի մէջ մտնելու ամեակի կապակցութեամբ արւած ուղերձում Արտաքին գործերի նախարարութեան ներկայացուցիչն ընդգծել է, որ Սադդամի ռեժիմի քիմիական զէնքի մշակման եւ արտադրութեան ծրագրում օգտագործւող նիւթեր եւ տեխնոլոգիաներ մատակարարող երկրների դերի բացայայտումը շարունակում է մնալ Արտաքին գործերի նախարարութեան օրակարգում:
Յիշեցնելով, որ ապրիլի 29-ը Քիմիական զէնքի մասին կոնւենցիայի ուժի մէջ մտնելու տարեդարձն է, յաւելել է. «Իրանի ժողովրդի համար այս օրը խորհրդանշական է եւ մարմնաւորում է Իրաք-Իրան պարտադրւած պատերազմի ժամանակ Իրանի բանակի եւ քաղաքացիական անձանց դէմ քիմիական զէնքի կիրառմամբ կատարւած յանցագործութիւնները»։
Բաղային նշել է. «Ճշմարտութեան բացայայտումը անհրաժեշտութիւն է արդարութեան հասնելու համար»։
Բարձրաստիճան դիւանագէտը նշել է նաեւ. «Իրանի պահանջը Գերմանիայից՝ ստեղծել մեխանիզմ՝ ճշմարտութիւնը բացայայտելու եւ իրանական ու համաշխարհային հասարակական կարծիքը լուսաւորելու՝ Իրաքի քիմիական զէնքի արտադրութեան գործում այս երկրի դերի վերաբերեալ, նոյն այս համատեքստում է»։