Արամ Մանուկեան. «Հակառուսականութեան ալիքն ահաւոր մեծ է. սա տանում է կործանման, հնարաւոր է՝ ցնցումներից դուրս չգանք»
Հայաստանում հակառուսական ալիքն ահաւոր մեծ է. այդ մոլուցքը մասսայական է եւ շատ վտանգաւոր՝ հաշւի առնելով այն, որ Հայաստանը Ռուսաստանից էներգետիկ մեծ կախւածութիւն ունի. 168TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում նման տեսակէտ է յայտնել ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկեանը։
«Դժւար է լինելու այդ հակառուսականութեան ալիքը մարել։ Այս քաղաքականութիւնը տանում է կործանման. հնարաւոր է՝ ցնցումներից դուրս չգանք, յատկապէս, որ պարզագոյն ուսումնասիրութիւն անգամ չի արւում, թէ ի՞նչ է կատարւում այդ մեծ դաշտում։
Տեսէք՝ արեւելեան թեւն ուժեղանում է, ԲՐԻԿՍ-ը՝ ընդլայնւում, արդէն 30 երկիր է ներառում իր կազմում, փոխարէնը՝ խարխափում է Արեւմուտքը։ ԲՐԻԿՍ-ի հետ այնքան պայմանագրեր են ստորագրւում՝ միլիարդաւոր դոլարների՝ Միջին միջանցք, Հիւսիս-Հարաւ, Արեւելք-Արեւմուտք, սրանցից որեւէ մէկում մենք չկանք»,- ասել է Մանուկեանը։
Դիտարկմանը՝ այդ միջազգային նախագծերի փոխարէն՝ Հայաստանի զարգացման համար Փաշինեանն էլ «Խաղաղութեան խաչմերուկ» է առաջարկում, Արամ Մանուկեանն արձագանգել է.
«Իսկ ինչո՞ւ դա իրականութիւն չի դառնում, իսկ ո՞վ է լուրջ ընդունում Նիկոլին կամ իր նախագիծը։ Դու չես կարող դառնալ միջազգային նախագծերի մաս, եթէ այսքան թոյլ ու անսկզբունքային ես։ Երկրի առաջ դրւած խնդիրները լուծելու համար հարկաւոր է ունենալ շատ փող, հզօր տնտեսութիւն եւ շատ բարեկամներ, ի՞նչ ունի Հայաստանը»։
Մանուկեանն ընդգծել է՝ ներկայիս իշխանութեան վարած քաղաքականութեան հետեւանքով է, որ այսօր Հայաստանի կողքին որեւէ կարեւոր երկիր կանգնած չէ։
«Չկայ մի երկիր, որը, օրինակ, Սիւնիքի հարցում հայկական շահի կողմնակիցն է»,- նշել է Արամ Մանուկեանը։