Հայաստան - ԱրցախՔաղաքական

Շուշին յանձնւել է դաւաճանութեամբ, այո՛, տեղի է ունեցել ազգային դաւաճանութիւն

Համոզւած եմ, որ Արցախ վերադարձը սարերի յետեւում չէ

ԱՇՈՏ ՍԱՐԳՍԵԱՆ

Արցախեան շարժման ակտիւիստ

Արցախի խորհրդարանի 1-ին եւ 2-րդ գումարումների պատգամաւոր

 

1991 թ. մարտին ինձ նշանակել էին ՀՅԴ Ստեփանակերտի «Արամ Մանուկեան» ենթակոմիտէի նախագահ: Արցախում ԽՍՀՄ զինւած ուժերի բանակային ստորաբաժանումները, ԽՍՀՄ ներքին գործերի նախարարութեան ներքին զօրքերի ստորաբաժանումները եւ Խորհրդային Ադրբեջանի նորաստեղծ Միլիցիայի յատուկ նշանակութեան ուժերը (ՕՄՈՆ) 1991 թւականի ապրիլին սկսել են իրականացնել  «Օղակ» ռազմագործողութիւնը:

Ստեփանակերտի ենթակոմիտէի ապրիլեան  նիստում իմ առաջարկութեամբ ենթակոմիտէի մարտական գործերի պատասխանատու Ֆելիքս Գաբրիէլեանին յանձնարարւում է յաջորդ նիստին ներկայացնել Ստեփանակերտի ինքնապաշտպանութեան կազմակերպման ծրագիրը: Յաջորդ նիստին ենթակոմիտէի մարտական գործերի պատասխանատուն ներկայացրել  է ծրագիրը:

Նա առաջարկել է Ստեփանակերտը բաժանել 6 պաշտպանական գօտիների, նշանակել պատասխանատու-հրամանատարներ եւ գործել խիստ բանակային ռեժիմով: Բնականաբար, հաշւարկները կատարելիս հիմք է ընդունւել Ստեփանակերտի ենթակոմիտէի 17 խմբերը եւ նրանց տեղաբաշխւածութիւնը:  Նա գտնում էր, որ անպայմանօրէն պէտք է համագործակցել Ստեփանակերտում գործող մարտական այլ խմբաւորումների հետ, որոնց ղեկավարների հետ ունի նորմալ յարաբերութիւններ: Հակառակ դէպքում կարող են առաջանալ տարաձայնութիւններ եւ վնասել ինքնապաշտպանութեանը:

1991 թ. հոկտեմբերին Ֆ. Գաբրիէլեանը նշանակւում է Ստեփանակերտ քաղաքի պարետի տեղակալ: Նրա ցուցումով  ԼՂՀ ԻՈՒ Շտաբի պետ Արկադի Տէր-Թադէոսեանի  հրամանով,  նոյեմբերի 1-ին ինձ նշանակում են Ստեփանակերտի ինքնապաշտպանութեան 6-րդ գօտու հրամանատար: Տարածքն ընդգրկում էր Ստեփանակերտի 9-րդ դպրոցից մինչեւ Կոնդենսատորների գործարանը եւ յարակից շէնքերը: Տարածքը Ստեփանակերտի 6 գօտիներից ամենավտանգաւորն էր, քանի որ հարեւանութեամբ գտնւում էին ադրբեջանական ՕՄՕՆ-ի ջոկատայիններով եւ զինւորականներով տեղակայւած գիւղեր: Թշնամին Ստեփանակերտի եւ Ջամիլու գիւղի միջեւ ընկած 989-րդ բարձունքին տեղադրել էր յենակէտ, որով հսկում էր 6-րդ գօտու տարածքի կէսը:

1991 թ. դեկտեմբերի 15-ին վաղ առաւօտեան սկսւել է Ջամիլու գիւղի ազատագրումը, որին մասնակցել են Արցախի ԻՈՒ առաջին վաշտի, Խնածախ եւ Բալուջա գիւղի ջոկատների ազատամարտիկները: Նոյն օրը ազատագրւել է Ջամիլու գիւղը, բայց վտանգը չէր վերջացել, քանի որ Քիոսալար եւ Ջանհասան գիւղերից ռմբահարում էին Ստեփանակերտը:

1992 թ. մարտին պլանաւորւած էր ազատագրել Շուշին, բայց տարբեր պատճառներով այն յետաձգւել է: Շուշիում տեղակայւած էր թշնամու 2500 հոգանոց զօրամիաւորումը: Ռազմագիտութեան համաձայն յարձակւող կողմը պէտք է ունենայ առնւազն չորս անգամ աւելի զինւորներ, որը Արցախը այդ ժամանակ չէր կարող կենտրոնացնել:

1992 թ. մայիսին սկզբներին վերջնականապէս որոշւում է ազատագրել Շուշին ԼՂ ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տէր-Թադէոսեանի գլխաւորութեամբ մշակւած «Հարսանիք լեռներում» ռազմագործողութեան համաձայն:

Ես մայիսի 6-ին հանդիպել եմ ԼՂ ԻՊ առաջին վաշտի հրամանատար Աշոտ Ղուլեանին, խնդրել, որ թոյլ տայ վաշտի ազատամարտիկների հետ մասնակցեմ Շուշիի ազատագրմանը: Նա կտրականապէս մերժել է, ասելով, որ ես 6-րդ գօտու հրամանատարն եմ պէտք է պարտականութիւնը կատարեմ:  Ես փորձել եմ դիմել Շուշիի ազատագրման 4 ուղղութիւններից մէկի հրամանատար Արկադի Կարապետեանին, բայց ապարդիւն: Արկադի Տէր-Թադէոսեանը տեղեկացւած լինելով իմ ցանկութեան մասին զանգահարել է եւ խստօրէն զգուշացրել, որ ինձ յանձնարարւած դիրքը թողելու դէպքում «ռազմական տրիբունալի տակ եմ ընկնելու»:

2020 թ. 44-օրեայ պատերազմի ժամանակ ես եղել եմ Ստեփանակերտի աշխարհազօրի շտաբի պետը: Լինելով Սարուշէն գիւղում ականատես եմ եղել, թէ ինչպէս են թշնամու զինւորները  եւ զինտեխնիկան նոյեմբերի սկզբներին գիշերը անարգել տեղաշարժւում Շուշիի ուղղութեամբ:

Որտե՞ղ էր մեր հրետանին, որտե՞ղ էր համապատասխան գօտու հրամանատարութիւնը: Մի՞թէ հնարաւոր չէր այդ ճանապարհը ժամանակին ականապատել: Պարզ է, որ հերթական անգամ կատարւել է դաւաճանութիւն:

Ցաւալին այն է, որ մինչեւ հիմա այդպէս էլ յայտնի չէ, թէ ով է եղել Շուշիի պաշտպանութեան հրամանատարը: Շուշին յանձնւել է դաւաճանութեամբ:

Մեր արտաքին թշնամիները ժամանակին ասել են. «Ով տիրանայ Շուշին, տիրանալու է Արցախին»:  Իսկ ի՞նչ տեղի կունենայ երբ ներքին եւ արտաքին թշնամիների տեսակէտները համընկնեն: Այո՜, Շուշին էլ կը յանձնեն, Արցախն էլ: Այո, տեղի է ունեցել ազգային դաւաճանութիւն: Դա այնքան ակնյայտ է, որ ապացուցելու համար մեծ ջանքեր պէտք չէ գործադրել: Եւ վերջապէս՝ Շուշիի յանձնման մեղքը բարդել Արցախի բանակի հրամանատար Միքայէլ Արզումանեանի վրայ, բացարձակ յիմարութիւն է:   

ՀՀ-ում ստեղծւել է Արցախեան 44-օրեայ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ յանձնաժողով, ՔՊ–ական պատգամաւոր Անդրանիկ Քոչարեանի նախագահութեամբ։

Իմ խորին համոզմամբ այդ յանձնաժողովը չի կարող անկողմնակալ եզրակացութիւններ տալ, քանի որ բոլոր անդամները պարտաւոր են կատարել Գերագոյն գլխաւոր հրամանատարի հրամանը:

Ի դէպ, եթէ մենք 44-օրեայ պատերազմում յաղթէինք ամենից շատ փառաբանութեան ո՞վ կարժանանար, իսկ պարտութեան դէպքում մեղաւոր են բոլորը:

Համոզւած եմ նաեւ, որ Արցախ վերադարձը սարերի յետեւում չէ:

«Ապառաժ»

Related Articles

Back to top button