Գառնիկ Դանիէլեան. «Մեր այս գործելաոճն ինքնանպատակ չէ»
«ԱԼԻՔ» – «Սեպտեմբերին ընդառաջ բաւականին լուրջ աշխատանք ենք կատարել՝ հանդիպումներ, քննարկումներ, մարզային այցեր, ոլորտային մասնագէտների հետ քննարկումներ, ուսանողական ճամբարներ եւ այլ»,- այս մասին երէկ՝ օգոստոսի 26-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրոյցում ասել է, ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը։
Նրա համոզմամբ՝ թւարկւած բոլոր աշխատանքները կը տան իրենց պտուղները։
«3000 եւ աւելի երիտասարդներ մասնակցել են մեր ճամբարներին։ Բաւականին հսկայական աշխատանք է արւել։ Թէեւ մեր համախոհներին էլ ձերբակալել են, քրէական գործեր են յարուցել, դա մեզ յետ չի պահում։ Այն բացթողումներից, որոնք ունեցել ենք շարժման ընթացքում, հետեւութիւններ ենք արել։ Սեպտեմբերից արդէն ակտիւ աշխատանքներ ենք կատարելու»,- ասել է նա։
Նա յայտնեց, որ նախատեսւած էր շուրջ 10,000 հոգանոց հաւաք Համալիրում, սակայն տարածքը չի տրամադրւել։
«Ես անձամբ եմ զանգել Համալիրի տնօրէնին եւ հարցրել՝ ո՞ր օրն ես պատրաստ դրամադրել։ 2-3 օր անընդհատ զանգելուց յետոյ այս մարդը յստակ պատասխան չտւեց։ Ես էլ ասացի՝ հեռախօսով կարող ես ասել օրը, խուսափողական պատասխաններ են տրւել։ Իշխանութիւնների կողմից կայ հրահանգ, որպէսզի այդ տարածքը մեզ չտրամադրեն»,- ասել է Դանիէլեանը։
Լրագրողի հարցին, թէ «մայիսի 9»-ի սպասումը լինելո՞ւ է, թէ՝ ոչ, Դանիէլեանը պատասխանել է. «Մենք ամէն ինչ արել ենք, որպէսզի կարողանանք այս ընթացքը հասցնել իր տրամաբանական աւարտին։ Մեր այս գործելաոճն ինքնանպատակ չէ։ Ամռան ընթացքում ամէն օր աշխատել ենք այդ ուղղութեամբ։ Ամէն ինչ արել ենք, որպէսզի սեպտեմբերին կարողանանք աւելի մեծ թափով սկսել»։