ԻրանՄիջազգայինՔաղաքական

Արաղչին «Ալախբարիա» հեռուստաալիքին տւած հարցազրոյցում. ԱՄՆ-ը համաձայնել է Իրանի եօթնօրեայ ծրագրի պայմաններին՝ առաջարկելով լրացուցիչ կէտեր

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ անուղղակի բանակցութիւնները Պակիստանի եւ Կատարի միջնորդութեամբ, շարունակւում են։ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Իրաքի «Ալախբարիա» հեռուստաալիքին տւած հարցազրոյցում յայտնել է, որ Վաշինգտոնը համաձայնել է Թեհրանի առաջարկած եօթնօրեայ ծրագրի պայմաններին, սակայն ցանկացել է դրանցում մի քանի լրացուցիչ կէտ ներառել։

Արաղչիի փոխանցմամբ Իրանը պահանջում է ԱՄՆ-ից կատարել Իսլամաբադում ձեռք բերւած փոխըմբռնման յուշագրով ստանձնած պարտաւորութիւնները։ Դրանց կատարումից յետոյ կողմերը կարող են անցնել այլ հարցերի շուրջ բանակցութիւններին։ Իրանի առաջարկով Հորմոզի նեղուցը պէտք է ամբողջութեամբ բացւի ծրագրի վեցերորդ օրը։

Արաղչին ընդգծել է, որ Թեհրանը պատրաստ է շարունակել դիւանագիտական գործընթացը, սակայն չի վստահում ամերիկեան կողմին, քանի որ նախորդ բանակցութիւնների ընթացքում ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների խախտման փաստն է սեղանին։ Աբբաս Արաղչիի խօսքով՝ Իրանը երեք փուլով բանակցել է, սակայն բոլոր երեքն էլ հանգել են պատերազմի։ Նա պնդել է, որ միջուկային ծրագիրն Իրանի դէմ ճնշումների իրական պատճառը չէ, այլ ընդամէնը պատրւակ։ Նա նաեւ յայտարարել է, որ Իրանը պատրաստ է ե՛ւ նոր պատերազմի, ե՛ւ բանակցութիւնների համար, շեշտելով, որ Հորմոզի նեղուցի վերաբացման հարցը կապւած է Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ համաձայնութեան ձեռքբերման հետ։

Կարեւորը կէտերով.

– Երեք փուլ բանակցութիւն ենք վարել, եւ բոլորն աւարտւել են պատերազմով․ Միջուկային ծրագիրը պատրւակ է:

– Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ անուղղակի բանակցութիւնները Պակիստանի եւ Կատարի միջնորդութեամբ, շարունակւում են։

Ի՞նչն է խանգարում համաձայնութեանը.

Թեհրանը պատրաստ է շարունակել դիւանագիտական գործընթացը, եթէ Վաշինգտոնը կատարի իր պարտաւորութիւնները։

Ե՞րբ կը վերաբացւի Հորմոզի նեղուցը.

Նեղուցի ամբողջական վերաբացումը կախւած է Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնութիւնից։ Իրանն ու Օմանը համաձայնեցրել են նեղուցով նաւերի մուտքի եւ ելքի յատուկ երթուղիներ, որոնց քարտէզն ու համաձայնեցւած անցուղին պատրաստ են։ Դրանք պէտք է գրանցւեն Միջազգային ծովային կազմակերպութիւնում։

Պատերազմի վերսկսման հաւանականութիւնը.

Չի բացառւում ԱՄՆ-ի եւ Իսրայէլի նոր յարձակումը, սակայն Իրանը պատրաստ է ցանկացած սցենարի: Միաժամանակ Թեհրանը բաց է պահում դիւանագիտական պատուհանը։

Իրանը կը միջնորդի՞ Եմէնի հարցում.

Թեհրանը պատրաստակամութիւն է յայտնել միջնորդելու Սաուդեան Արաբիայի եւ «Անսար-Ալլահ»-ի միջեւ, սակայն դեռեւս կողմերից որեւէ պատասխան չի ստացել։ Եմէնեան շարժումը եւ Լիբանանի «Հեզբօլլահ»-ը անկախ կողմեր են, եւ Իրանին ենթակայ խմբաւորումներ չեն։

Related Articles

Back to top button