«ԱԼԻՔ» – ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային արձագանգել է ԵՄ-ի եւ Պարսից ծոցի համագործակցութեան խորհրդի ղեկավարների համատեղ հանդիպման ամփոփիչ յայտարարութեանը՝ խստօրէն դատապարտելով այն:
Բաղային յայտարարել է, որ այս յայտարարութիւնը ԵՄ անդամ երկրների՝ ՄԱԿ-ի կանոնադրութեան սկզբունքներին ու նպատակներին, մասնաւորապէս՝ ազգային ինքնիշխանութեան եւ երկրների տարածքային ամբողջականութեան յարգման սկզբունքին հաւատարիմ չլինելու յստակ նշան է։
«Աբու Մուսա, Մեծ Թունբ եւ Փոքր Թունբ երեք կղզիները Իրանի անբաժանելի մասն են եւ կը լինեն, իսկ խեղւած հասկացութիւնների եւ դրոյթների օգտագործումը կամ Իրանի այս կարեւոր հատւածի վերաբերեալ կեղծ ու ապակողմնորոշիչ պնդումների կրկնութիւնն իրականութիւնը չի փոխի։
Իրանի Իսլամական Հանրապետութիւնը նշւած կղզիները համարում է Իրանի տարածքի անքակտելի մասը, եւ յարգելով ՄԱԿ-ի կանոնադրութեան սկզբունքներն ու բարիդրացիութեան սկզբունքը, տարածում է իր ազգային ինքնիշխանութիւնն ու ինքնիշխան լիազօրութիւնները տւեալ իրանական կղզիների նկատմամբ»,- յստակեցրել է ԱԳՆ մամլոյ խօսնակը՝ ցաւ յայտնելով այն բանի համար, որ տարածաշրջանի երկրներն իսլամական աշխարհի այսօրերի հրատապ եւ թիւ 1 խնդրի վրայ կենտրոնանալու փոխարէն, այն է՝ Պաղեստինի ժողովրդի ցեղասպանութիւնն ու Լիբանանի վրայ Սիոնիստական ռեժիմի շարունակութիւնը, տարածքային անհիմն եւ կեղծ պահանջներ են ներկայացնում հարեւան երկրի դէմ:
Նշենք, որ նախօրէին տեղի է ունեցել Եւրամիութեան եւ Պարսից ծոցի համագործակցութեան խորհրդի ղեկավարների համատեղ հանդիպումը, որի ամփոփիչ յայատարութեան Իրանին վերաբերող մասում ներառւել են ԱՄԷ անհիմն պնդումներն իրանական եռեակ կղզիների պատկանելութեան վերաբերեալ: