Զախարովա. ««Զանգեզուրի միջանցք» տերմին մենք չենք օգտագործում»
«ԱԼԻՔ» – ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երէկ՝ հոկտեմբերի 16-ին, պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, յիշեցրել է, որ Մոսկւան չի գործածում «Զանգեզուրի միջանցք» եզրոյթը։
Նման կերպ, ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչը պատասխանել է՝ ««Զանգեզուրի միջանցք»-ի ապագայ ռեժիմի վերաբերեալ հայկական կողմի հակասական յայտարարութիւնների շուրջ» ադրբեջանցի լրագրողի հնչեցրած հարցին:
Բացի դրանից, ադրբեջանցի լրագրողը, անհասկանալի պատճառով, այդ հարցը կապել է հայ-իրանական սահմանային անցակէտի անվտանգութիւնը ռուս սահմանապահների կողմից հայկական կողմին փոխանցելու հետ։
«Գիտէք, ուզում եմ ձեր ուշադրութիւնը հրաւիրել եւ եւս մէկ անգամ յիշեցնել, որ մենք ուղղակիօրէն չենք գործածում «Զանգեզուրի միջանցք» եզրոյթը, որի մասին խօսում էք։ Մենք չենք կիրառում այդ տերմինաբանութիւնը։ Հայ-իրանական եւ հայ-թուրքական սահմանին ռուս սահմանապահների առկայութեան հարցը բոլորովին այլ թեմա է։ Ինչ վերաբերում է ռուսական դիրքորոշմանը հաղորդակցութիւնների ապաշրջափակման թեմայով, մենք արդէն մեկնաբանել ենք դա, եւ ինձ թւում է՝ դուք լաւ գիտէք մեր դիրքորոշումը, իսկ այն չի փոխւել։ Այն լուծւում է համապատասխան ձեւաչափերով։ Մենք դրա համար անում ենք հնարաւորը»,- պատասխանել է Մարիա Զախարովան։
ԼՂ հայերի վերադարձի հնարաւորութիւն կար եւ կայ
Անդրադառնալով տեղանհանւած արցախահայութեան Արցախ վերադարձի հնարաւորութեանը, ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչը նշել է, որ ԼՂ հայերի վերադարձի հնարաւորութիւն կար եւ կայ:
«Ես հիմա չեմ ուզում մեկնաբանել պաշտօնական Երեւանի գործողութիւնները, թէ ինչ է արւել նրանց կողմից, այս հարցը պէտք է տալ նրանց։ Ես ներկայացնում եմ մի երկրի արտաքին գործերի նախարարութիւնը, որը գիտի, թէ ինչ է նշանակում մարդկանց զրկել տնից, եւ այս առումով շատ բան է արել, այդ թւում՝ այնպիսի բաներ, որոնք դուր չեն գալիս միջազգային հանրութեան որոշ ներկայացուցիչների»,- ասել է նա: