Տիգրան Աբրահամեան. «Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից»
«ԱԼԻՔ» – «Հայաստանը ոչ միայն ոչինչ չշահեց COP29-ից, այլ Ադրբեջանն օգտագործեց միջազգային ընդարձակ լսարանը Հայաստանի դէմ քարոզչութիւնն առաւել սրելու, Հայաստանի դէմ նոր պահանջներ ներկայացնելու եւ ագրեսորի պիտակ հագցնելու ուղղութեամբ»: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀԿ անդամ, ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը.
«Բաքւում աւարտւեց ՄԱԿ-ի միջազգային կլիմայական կոնֆերանսը (COP29) եւ հաշւի առնելով այն հանգամանքը, որ այս միջոցառման անցկացումն Ադրբեջանում տեղի էր ունեցել ՀՀ իշխանութիւնների համաձայնութեամբ, ապա փորձենք հասկանալ, թէ ով շահեց ու տուժեց:
Նախ, սրան նախորդած պրոցեսում, Հայաստանը 2 հիմնական ակնկալիք ունէր: Առաջինը, որ միջազգային դերակատարների ակտիւ ճնշումների պայմաններում Ադրբեջանը բանակցութիւններում կը վերադառնար կառուցողական հուն եւ հնարաւոր կը լինէր նւազագոյն կորուստներով ընդհանուր մօտեցումներում ըմբռնում ապահովել:
Երկրորդ, եւ ներսում եւ դրսում ակնկալիք էր ձեւաւորւել, որ այս միջազգային միջոցառումից առաջ, ընթացքում կամ անմիջապէս յետոյ, Ադրբեջանը որպէս բարի կամքի դրսեւորում, ազատ կարձակի Բաքւի բանտերում պահւող գերիների, ռազմագերին առնւազն մի մասին:
Միանգամից արձանագրենք, որ Հայաստանը ոչ միայն ոչինչ չշահեց, այլ Ադրբեջանն օգտագործեց միջազգային ընդարձակ լսարանը Հայաստանի դէմ քարոզչութիւնն առաւել սրելու, Հայաստանի դէմ նոր պահանջներ ներկայացնելու եւ ագրեսորի պիտակ հագցնելու ուղղութեամբ:
Աւելին, նոյն COP29-ի օրերին, Ադրբեջանը Հաագայի միջազգային դատարան նոր հայց ներկայացրեց ՀՀ-ի դeմ, իսկ գերիների թեման այդպէս էլ մնաց առկախւած:
Այս համաժողովը ոչ միայն օգտագործւեց Ադրբեջանի իմիջային հարցերի լուծման, այլ նաեւ ընդհանուր առմամբ Ադրբեջանի դիրքերի ամրապնդման համար:
ԱՄՆ նախագահը նոյնիսկ շնորհակալութիւն յայտնեց Ադրբեջանին՝ COP29-ի կազմակերպման համար, իսկ Գերմանիայի ԱԳ նախարարն ադրբեջանական իշխանութիւնների «երեսը լւանալով» հանդիպեց, այսպէս կոչւած, ադրբեջանական քաղհասարակութեան ներկայացուցիչների հետ:
Ու սա այն դէպքում, որ Ադրբեջանին գովերգող եւրոպացի շատ չինովնիկներ առհասարակ մոռացութեան տւեցին Բաքւի բանտերում գտնւող հայ գերիներին:
Յիշեցնեմ, որ օրեր առաջ, ԱԺ-ում հրատապ քննարկում էինք նախաձեռնել (հիմնական զեկուցողը ես էի), որով փորձում էինք հասնել ՀՀ խորհրդարանի կողմից համապատասխան յայտարարութեան շրջանառման՝ կոչ անելով Բաքւին, հետեւել միջազգային կոնւենցիաների պահանջներին եւ ազատ արձակել հայ գերիներին, ռազմագերիներին, ինչպէս նաեւ՝ միջազգային հանրութեան ուշադրութիւնը կենտրոնացնել այս հարցի հետ կապւած մի շարք առաջնահերթութիւնների:
Սակայն խորհրդարանի՝ իշխանութիւնը ներկայացնող հատւածը ոչ միայն տապալեց այս նախաձեռնութիւնը, այլ դրանով, ըստ էութեան, նաեւ աջակցեց ադրբեջանական իշխանութիւններին, թեման այլ հարթակներում արգելափակելու համար»,- գրել է նա: