Արման Թաթոյեան. «Հոգեւորականները մարդկանց հետ են, քանի որ դա հոգեւորականի էութիւնից է բխում»
«ԱԼԻՔ» – Հայոց Եկեղեցու Սրբազան Հայրերը` Տաւուշի, Գուգարաց եւ Շիրակի թեմերի առաջնորդները, միւս հոգեւորականները մարդկանց հետ են, քանի որ դա բխում է հոգեւորականի էութիւնից:
Ի վերջոյ, սա սովորական գործընթաց չէ. սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրաւունքների ու արժանապատւութեան համար պայքարի մաս է: Այս մասին «Ֆէյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Մարդու իրաւունքների նախկին պաշտպան Արման Թաթոյեանը՝ անդրադառնալով Տաւուշի սահմանամերձ գիւղերի բնակիչների՝ ընդվզմանը միացած Հայ Առաքելական Եկեղեցու սպասաւորներին։
«Մարդկանց այս պայքարն իրենց պապական տներում անվտանգ ապրելու ու ընտանիքի արժանապատիւ եկամուտ վաստակելու համար է, նրա համար է, որ արժանապատիւ կեանքի պայմաններից չզրկւեն` խմելու ջրից սկսած:
Այս խնդիրները պատրանքներ չեն: Դրանք միանգամայն իրական են, որ առաջանալու են ադրբեջանական զինւած ծառայողներին գիւղերին մօտեցնելու արդիւնքում. ապացոյցները, ցաւօք, ունենք Սիւնիքում, Վայոց Ձորում, Գեղարքունիքում:
Սեփական իրաւունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է նաեւ այն պատճառով, որ Հայաստանի կառավարութիւնը, իշխանութեան մաս կազմող տարբեր պաշտօնեաներ 2020 թ. նոյեմբերից սկսած շարունակաբար մոլորեցրել են մարդկանց, թաքցրել են առաջանալիք խնդիրները ու հիմա բերել-հասցրել են այս օրհասական վիճակի եւ այս ամէնն արել են յանուն սեփական պաշտօնների, սեփական, քաղաքական շահերի ու սեփական սխալները կոծկելու:
Բացարձակ անընդունելի է յատկապէս կանանց եւ երեխաների նկատմաբ բռնութեան կիրառումը:
Հայոց Եկեղեցու Սրբազան Հայրերը` Տաւուշի, Գուգարաց եւ Շիրակի թեմերի առաջնորդները, միւս հոգեւորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգեւորականի էութիւնից:
Ի վերջոյ, սա սովորական գործընթաց չէ. սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրաւունքների ու արժանապատւութեան համար պայքարի մաս է:
Էլ չեմ խօսում էմոցիոնալ այն ապրումների մասին, ինչի միջով մարդիկ ստիպւած են անցնել»,- գրել է Թաթոյեանը: