Հայկ Դեմոյեան. «Ալբերտի լուսանկարը պատահական չի յայտնւել ադրբեջանական թերթի առաջին էջին, դա միտումնաւոր է արւել»
«ԱԼԻՔ» – Ալբերտ Յովհաննիսեանի լուսանկարը պատահական չի յայտնւել ադրբեջանական թերթի առաջին էջին: Դա միտումնաւոր ու յատուկ դիտաւորութեամբ է արւել: Այս մասին գրել է Պատմական գիտութիւնների դոկտոր, Ցեղասպանութեան թանգարան ինստիտուտի նախկին տնօրէն Հայկ Դեմոյեանը ֆէյսբուքեան իր էջում:
«Տեղեկատւական-հոգեբանական պատերազմի կարեւոր հնարքներից մէկն է, երբ ոչնչացնում կամ չէզոքացնում են հակառակորդ կողմի որեւէ դրական կամ հերոսական պատումի հետ կապ ունեցող խորհրդանշանը: Իրենք շատ լաւ էլ գիտեն այդ լուսանկարի մասին ու ամէն ինչ արել են հաշւարկով: Իսկ մենք, ինչպէս միշտ, կուլ ենք տալիս մեր կողմ նետւած խայծը ու մի ամբողջ օր մեզ զբաղեցնում ենք իրենց կողմից պարտադրւած խաղով ու հլու հնազանդ ենթարկւում ենք այդ խաղի կանոններին:
Հետեւութիւնն այստեղ մէկն է. Հայաստանի Հանրապետութիւնը ներկայ պահին բացարձակապէս չունի տեղեկատւական-հոգեբանական պատերազմում գոնէ պաշտպանական դիրք ունենալու հայեցակարգ: Չկայ որեւէ հակագործողութիւն եւ դրանից օգտւում է հակառակ կողմը եւ պարբերաբար կազմակերպում է հոգեբանական սադրիչ ու քայքայիչ գործողութիւններ: Սակայն այս պատմութեան մէջ ամենացնցողն ու ողբերգականն այն է, որ օրը ցերեկով հէնց Հայաստանի Հանրապետութիւնում, հէնց ՀՀ քաղաքացիները բացայայտ կերպով նպաստում են այդ քայքայիչ գործողութիւններին ու դրանց արդիւնաւէտութեան բարձրացմանը` առատօրէն հակառակորդ կողմին մատակարարելով տեղեկատւական-հոգեբանական պատերազմի համար նոր գործողութիւններ մշակելու գործիքներ ու հնարաւորութիւններ:
Լաւագոյնս դա արւում է ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայի որոշ ինստիտուտների գիտաշխատողների կողմից: Ու ստացւում է աբսուրդային ու գրոտեսկային մի պատկեր. Գիտութիւնների ակադեմիայի Արեւելագիտութեան ինստիտուտի գիտաշխատողները մասնակցում են 2020 թ. ընդունւած ՀՀ ռազմավարական անվտանգութեան նոր հայեցակարգի մշակմանը, իսկ Գիտութիւնների ակադեմիայի Հնագիտութեան ու ազգագրութեան ինստիտուտի գիտաշխատողները ֆանտաստիկ «յաջող ու արդիւնաւէտ կերպով» աշխատում են այդ ռազմավարութեան մէջ արձանագրւած հիմնադրոյթների դէմ ու ադրբեջանական հակահայ քարոզչութեան օգտին»,- գրել է նա:
Ինչպէս ընդունւած է մեզանում, նոյնիսկ Ակադեմիայի ներսում չկայ ոչ մի քննարկում կամ քննադատութիւն աննախադէպ ու խայտառակ այս դէպքերի կապակցութեամբ»,- գրել նա։