Հայաստան - ԱրցախՔաղաքական

Լիլիթ Գալստեանը՝ ԼՂ-ից տեղահանւածների աջակցութիւնը նւազեցնելու որոշման մասին. «Շատերը հարկադրւած լքելու են Հայաստանը, սա բարոյական պատասխանատւութեան հարց է»

«ԱԼԻՔ» – ՀՀ կառավարութեան որոշմամբ՝ յաջորդ տարւայ գարնանից Արցախից տեղահանւածների աջակցութիւնը կը նւազի եւ կը վերաբերւի կոնկրետ թիրախային խմբերին։ 2025 թ.-ի յունւար-մարտ ամիսներին դրամական աջակցութիւնը կը կազմի 50 հազար դրամ եւ «40+10» ծրագիրը կը գործի մինչեւ մարտ։

Թեմայի շուրջ Tert.am-ը զրուցել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանի հետ՝ որոշման հնարաւոր հետեւանքների եւ այն խնդիրների մասին, որոնց առջեւ կը կանգնեն ԼՂ-ից տեղահանւած մեր հայրենակիցները:

Պատգամաւորի կարծիքով՝ այս հարցը սոցիալ-տնտեսական համատեքստից զատ յատկապէս բարոյական պատասխանատւութեան դաշտում է։

«Փաստօրէն կառավարութեան հաստատած որոշման համաձայն՝ փոխւում է Արցախից բռնի տեղահանւած մեր հայրենակիցների աջակցութեան ծրագիրը։  2025 թ.-ի ապրիլ ամսից աջակցութեան ծրագրից օգտւելու հնարաւորութիւն կունենան միայն յատուկ խմբերի անձինք։ Բռնի տեղահանւած, աւելի ճիշտ՝ էթնիկ զտման ենթարկւած մեր հայրենակիցների ճնշող մեծամասնութիւնը՝ 18-63 տարիքային խումբը, զրկւելու է 50 հազար դրամ աջակցութեան ծրագրից։

Այն, որ Փաշինեանի իշխանութիւնը խորը քաղաքական, տնտեսական ճգնաժամի մէջ է, վկայում են թւերն ու անխմբագրելի փաստերը՝ 150 մլրդ. դրամի հարկային թերհաւաքագրում, խոստացւած տնտեսական աճից շեղում, գնաճ, գործազրկութիւն եւ այլն: 

Խնդիրը՝ սոցիալ-տնտեսական համատեքստից զատ, յատկապէս բարոյական պատասխանատւութեան դաշտում է։ Մեր հայրենակիցները հայրենազրկւել եւ ունեզրկւել են հէնց այս իշխանութեան վարած ձախողւած եւ ամբողջովին սնանկ քաղաքականութեան հետեւանքով։ Պնդել, թէ մէկ տարում արցախահայութիւնը ինտեգրւել է Հայաստանում եւ նրանք կարող են ինքնուրոյն սոցիալ-տնտեսական խնդիրներ լուծել, աշխատատեղ գտնել, պարզապէս հիմնազուրկ է եւ անազնիւ»,- ասել է Գալստեանը:

Նրա կարծիքով՝ ակնյայտ է, որ այս կրճատումը պայմանաւորւած է նաեւ յաջորդ ֆինանսական տարւայ ոչ լաւատեսական սցենարներով։

«Յաջորդ ֆինանսական տարում առհասարակ թոշակների կամ աշխատավարձերի բարձրացում չի սպասւում, սպասւող գնաճի եւ տնտեսական տեմպերի պայմաններում բնականաբար մեծանալու է նաեւ գործազրկութեան թիվը։

Բայց այդ դէպքում բնական հարց ու ընդվզում է առաջանում՝ իսկ իշխող խմբակը ինչո՞ւ չի կարողանում հաւասարակշռել ծախսերը, դրանք դարձնել արդիւնաւէտ, թէ՞ անհեթեթ ու բովանդակազուրկ միջոցառումների վրայ միլիոնաւոր դոլարներ ծախսելով կամ քամուն տալով՝ երկրում կեղծ օրակարգերի եւ կեղծ իրականութեան պատրանք է ստեղծում։ Էլ չեմ խօսում միլիոնների պարգեւավճարների մասին»,- նշել է նա:

Գալստեանն ընդգծել է նաեւ, որ այս որոշումը կարող է յանգեցնել արցախցիների արտագաղթին. «Հակաղարաբաղցիական ատելութեան խօսքի, անհանդուրժողականութեան վարքագծի պայմաններում անգամ ՔՊ-ական «էլիտայի» շրջանում եւ հայրենիքում անհրաժեշտ սոցիալական ու բարոյական աջակցութիւն չստանալով՝ արցախցիներից շատերը հարկադրւած լքելու են Հայաստանը։ Սա երկրորդ ցաւոտ հարւածն է լինելու մեր հաւաքական շահերին»:

Յիշեցնենք, որ այս որոշմամբ արդէն ապրիլից մինչեւ յունիս աջակցութեան չափը կը նւազի եւ կը կազմի 40 հազար դրամ, եւ այն կը ստանան կոնկրետ խմբեր՝ անչափահասները կամ 18 տարին լրացած, բայց բարձրագոյն կրթութիւն ստացող քաղաքացիները, 63 տարեկանից բարձր տարիքի անձինք, կերակրողին կորցրածները եւ 1-ին ու 2-րդ կարգի հաշմանդամները։

Related Articles

Back to top button