Արմէն Ռուստամեան. «Այս մարդն այնքան է ստել, որ ինքն էլ է խճճւել իր ստերի մէջ»

Ո՞վ յանձնեց Արցախը՝ նախկիննե՞րը, թէ՞ Նիկոլ Փաշինեանը․ այս յօրինւած հարցը փակելու տարբերակներից մէկն էլ արցախեան խնդրի կարգաւորմանը վերաբերող բոլոր փաստաթղթերը հրապարակելը կը լինի: Որպէսզի հանրութիւնը ոչ թէ մանիպուլեատիւ ելոյթներով առաջնորդւի, այլ տեսնի, թէ թղթի վրայ՝ մինչեւ 2020 թւականը ինչ կարգաւորում էր առաջարկւում Հայաստանին ու Ադրբեջանին՝ Մինսկի խմբի կողմից: Նիկոլ Փաշինեանը սա անելու փոխարէն շարունակում է դեմագոգութիւնը եւ ստերով մանիպուլացնում է հանրային կարծիքը՝ մեղքը գցելով նախկինների գրպանը։ Փաստաթղթերը հրապարակելու կոչով հանդէս են եկել հանրային տարբեր գործիչներ։
Իսկ երբ Փաշինեանը նախկին նախագահներին առաջարկեց հրապարակային վիճաբանութեան գնալ իր հետ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանն առաջարկեց հրապարակել ղարաբաղեան կարգաւորման փաստաթղթերը. «Եթէ, Նիկո՛լ, ցանկանում ես, որ հանրութիւնն իմանայ ողջ ճշմարտութիւնը ղարաբաղեան խնդրի կարգաւորման դիւանագիտական գործընթացի մասին, ապա առաջարկում եմ. քանի որ Արցախի կործանումից յետոյ այդ գործընթացի խորհրդապահութիւնը կորցրել է իր իմաստը, հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտօնապէս ներկայացւած խաղաղութեան բոլոր (այդ թւում՝ 2019 թ. յունիսի) պլանները եւ հայկական դիւանագիտութեան պաշտօնական պատասխանները դրանց։ Այ, դա արդէն կը լինի իսկական բանավէճ, հիմնւած փաստերի վրայ։ Իսկ եթէ դա չանես, եւս մէկ անգամ կապացուցես, որ փախչում ես ճշմարտութիւնից եւ զբաղւած ես պատմական պատասխանատւութիւնից փոքրոգիաբար խուսափելու գործով»։ Ռոբերտ Քոչարեանն ու Սերժ Սարգսեանն էլ են պարբերաբար առաջարկում՝ թող հրապարակի, թէ ինչ է բանակցւել մինչեւ 2018 թիւը եւ ինչ է բանակցւել 2018-ից յետոյ: Այդ պարագայում պարզ կը դառնայ, որ բանակցութիւնների հիմքում երբեք դրւած չի եղել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու տարբերակը:
ՀՀ ԱԺ-ում նախօրէին տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր պատգամաւոր Ագնեսա Խամոյեանը հարց ուղղեց, թէ ինչու չի հրապարակում 2019-ին իր սեղանին դրւած ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից վերջին խմբագրւած տարբերակը, ինչու են այն թաքցրել քաղաքացիներից։ «Հրապարակէ՛ք այդ փաստաթուղթը, նաեւ՝ Քիվեսթը եւ մնացած փաստաթղթերը»,- յորդորեց պատգամաւորը: Նիկոլ Փաշինեանը զաւեշտալի «հակափաստարկ» ներկայացրեց, թէ այդ փաստաթղթերը դարակում դրւած չեն, որ վերցնեն հրապարակեն, այլ ցաքուցրիւ են։ «Ձեզ չթւայ, թէ բանակցութիւնների ինստիտուցիոնալացւած՝ կայ առաջին հատոր, երկրորդ հատոր, երրորդ հատոր, մի հատը սառնարանի ոտի տակից ենք հանում, մի հատը կոնդիցիոների միջից ենք հանում, մի մասը՝ ընդհանրապէս մասնաւոր մարդ գալիս է՝ մեզ տալիս է: Էդ դուք գիտէք … դուք թողել էք, էդ որ սենց մի դարակում դրած լինէ՞ր: Որ դրած լինէր, կասէինք՝ վերցրէք, ձեզ ենք տալիս: Հիմա կը համակարգենք … կը հրապարակենք»,- ասաց Փաշինեանը: «Ինտրիգ մի ստեղծէք դրա շուրջ, հրապարակւելու է՝ մէկ է դա, ուշ, թէ շուտ հրապարակւելու է, բան չէք ունենալու ասելու: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս՝ դրա հետ յոյսեր մի կապէք, որովհետեւ էդ հրապարակածը ձեր վիճակը չի լաւացնելու, մենակ վատացնելու է: Էնտեղ ձեզ համար ոչ մի լաւ եւ յուսադրող բան չկայ: Մեզ համար էլ չկայ, բայց ձեզ համար էլ չկայ»,- յայտարարեց նա:
Ապա, խօսելով 2019 թւականի առաջարկի մասին, ասաց. «Ես 2019 թւին ասել եմ շատ յստակ բան՝ այն, ինչ որ 19 թւականի յունիսին դրւել է սեղանին, ես 2019 թւի յունիսին դեռ որեւէ մէկի հետ որեւէ բան բանակցած չեմ եղել… այն, ինչ որ դրւած է եղել սեղանին, ինձնից առաջ եղած բանակցութիւնների արդիւնքն է, ամփոփումն է։ Այդ թղթի վերեւն էլ գրւած է՝ «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները»»։ «Նախագահները… Ես Հայաստանի Հանրապետութեան նախագահ երբեք չեմ եղել»,- շարունակեց նա:
Ո՞ւմ սառնարանի ոտքի տակ կամ կոնդիցիոների մէջ են թաքնւած բանակցային փաստաթղթերը, ինչո՞ւ դրանք պահպանւած չեն ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնում՝ «Հրապարակ»-ը հարցրել է ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատւիրակութեան անդամ Արմէն Ռուստամեանին։
«Ամօթ էլ է մանկապարտէզային մակարդակի այդ խօսակցութիւնները մեկնաբանել․․․ սառնարանի ոտքի տակ, կոնդիցիոների մէջ, չգիտեմ որ գզրոցներից․․․ Իհարկէ, այդ փաստաթղթերը դասակարգւած պահւում են արտգործնախարարութիւնում․ 1992 թւականին Մինսկի կոնֆերանսն է եղել, որի հիման վրայ ստեղծւել է Մինսկի խումբը, յետոյ՝ Մինսկի համանախագահութիւնը, այդ ժամանակներից մինչեւ հիմա բազմաթիւ փաստաթղթեր կան, չէ՞, դրանք չեն վերանում, յանցագործութիւն է դրանք վերացնելը, թող հանեն բոլոր փաստաթղթերը եւ հրապարակեն։ Չեն հրապարակում, որովհետեւ իրենց տարիների կեղծիքը, որ մեղադրում են բոլորին, ջրի երես է դուրս գալու, ասում է՝ ընդդիմութեան համար աւելի վատ կը լինի, ճիշտ հակառակը՝ եթէ մեզ համար վատ լինէր, ինքը վաղուց էր դրանք հրապարակել։ Պարզապէս այս մարդն այնքան է ստել, որ ինքն էլ է խճճւել իր ստերի մէջ»,- ասել է Ռուստամեանը:
«Եթէ իր ասելով՝ այդ փաստաթղթերը չկան, ինչպէ՞ս է յայտարարում, որ բոլոր փաստաթղթերը եղել են Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին, այստեղ էլ է, չէ՞, ստում։ Բա մի հատ լրիւ սառնարանների ոտքերի տակ նայի, կարող է ուրիշ բաներ էլ յայտնաբերես… եթէ բոլոր սառնարանների ոտքերի տակ չես նայել, ո՞նց ես ասում՝ բոլոր փաստաթղթերը վերլուծելով՝ եկել եմ այս եզրակացութեան․ պարզւում է՝ դա էլ ես սուտ ասում»,- յաւելել է նա:
Ինչ վերաբերում է 2019 թւականին՝ Մինսկի խմբի առաջարկին, Ռուստամեանի կարծիքով՝ դրա մասին բոլորը գիտեն, եթէ անգամ ինքը չհրապարակի։ Խօսքը մադրիդեան բանակցւած փաստաթղթի փուլային տարբերակի մասին է, որը հանրութեան մօտ լայն տարածում է գտել «Լաւրովեան պլան» անւանմամբ: «Լաւրովի պլանը» հետեւեալն է՝ հարցն ունենում է փուլային լուծում, առաջին փուլում զիջւում են 5 շրջանները, միւս հարցերի վերաբերեալ կարգաւորումները, ներառեալ՝ կարգավիճակի հարցը, թողնւում է ապագային:
«Որքան էլ Նիկոլ Փաշինեանը մանիպուլեացիաներով փորձի խեղաթիւրել բանակցային գործընթացը, այդուհանդերձ, փաստերը հերքել չի կարող։
Իսկ փաստն այն է, որ մինչ իր պաշտօնավարումը Արցախը մեր վերահսկողութեան տակ էր, իրենից յետոյ Արցախը կորցրինք, այս փաստից խուսափել չի կարող՝ հասկացէք։ Որքան էլ պնդի, որ բանակցային գործընթացը եղել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին, բայց փաստ է, չէ՞, որ այն չի վերադարձւել, իսկ իր օրօք ինքը սկսել է իր զրոյական կէտից եւ Ղարաբաղը յանձնել է Ադրբեջանին։ Բա որ տալիս էին, ինչի՞ չտւեցին, ու հէնց քո օրօք տրւեց։ Իր մեղքը փորձում է բարդել նախկինների վրայ, բոլորի վրայ․ արցախահայերն են մեղաւոր, որ թողել եկել են… ով ասես մեղաւոր է, բացի իրենից, սա է իր մանիպուլեացիաների նպատակը, բայց, վստահեցնում եմ՝ սպառել է իրեն, անգամ իր լսարանի վրայ արդէն չի ազդում: Որ այդ մարդկանց հետ զրուցում ես, իրենք էլ են խոստովանում, որ ընդամէնը ձեւեր է անում։ Ստի լիմիտը՝ մարդկանց խաբելու մէջ, արդէն սպառւել է այս մարդու մօտ»,- եզրափակել է Արմէն Ռուստամեանը։
ԼՈՒՍԻՆԷ ՇԱՀՎԵՐԴԵԱՆ