Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Անդրանիկ Իսպիրեան. «Թուրքիայում շատ են ցանկանում, որ Հայաստանում կաթողիկոսը լինի աւելի «մեղմ» մէկը. ՀՀ ղեկավարն իրականացնում է քայլեր, որոնք Թուրքիայի սրտով են»

«ԱԼԻՔ» – Թուրքական լրատւամիջոցները տարբեր հրապարակումներ են անում ՀՀ իշխանութիւնների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու ու Վեհափառ Հայրապետի դէմ սկսած արշաւի վերաբերեալ։ Այսպիսով՝ թուրքական երկու խոշորագոյն լրատւամիջոցներից Aydınlık»շ-ը եւ Sözcü-ն դեկտեմբերի 19-ին եւ 20-ին Հայաստանի մասին ծաւալուն յօդւած են հրապարակել՝ նշելով, որ Թուրքիան վերջնականապէս փորձում է հաստատել Հայաստանի վրայ հսկողութիւն, այդ թւում՝ նշանակել Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Aydınlık-ը, մասնաւորապէս, գրում է․

«Ո՞վ կը դառնայ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Ո՞ւմ է աջակցում Անկարան.

Նիկոլ Փաշինեանը բազմիցս յայտարարել է երկրի հոգեւոր առաջնորդին՝ Կաթողիկոսին, փոխարինելու իր ցանկութեան մասին։ Սակայն գլխաւոր հարցը մնում է՝ ո՞վ կը զբաղեցնի նրա տեղը։

Այժմ, ըստ «Քիւլիէի» աղբիւրների, այս որոշումը կը կայացւի ոչ թէ Հայաստանի հոգեւոր կենտրոնում՝ Էջմիածնում, այլ Անկարայում եւ Ստամբուլում»:

5 մլն հետեւորդ ունեցող թուրքական լրատւամիջոցը շարունակում է․

«Նիկոլ Փաշինեանը վաղուց հրաժարւել է հայկական քաղաքականութեան անկիւնաքարից՝ «Ցեղասպանութեան» քարոզչութիւնից: Այս քայլը թուլացրել է կապերը Ֆրանսիայի եւ Ռուսաստանի մեծ հայկական սփիւռքի հետ։

Լեռնային Ղարաբաղի հարցում Փաշինեանը պահպանում է Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքականութեանը մօտ քաղաքականութիւն։

Թուրքիայում Հայոց եկեղեցու առաջնորդ Սահակ պատրիարքի թեկնածութիւնն են քննարկում վերոնշեալ շրջանակները, որն այժմ գտնւում է Ստամբուլում, հարցը քննարկւում է նախագահ Էրդողանի եւ նրա խորհրդականների կողմից։ Հաւանական է, որ այս թեկնածուն աջակցութիւն կը ստանայ ոչ միայն թուրքական իշխանութիւնների, այլեւ Անթիլիասի Հայ Առաքելական Եկեղեցու եւ Լիբանանի հայ հոգեւորականութեան կողմից»:

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրեանի խօսքով՝ կոնկրետ Aydınlık պարբերականն է կիսասադրիչ հրապարակում թողարկել, դրա հետեւանքները Հայաստանում աւելի մեծ արձագանք են գտել, քան Թուրքիայում, քանի որ հիմնականում վերաբերում է Հայաստանին։

«Այս պարբերականը աչքի է ընկնում հակահայկական ընդգծւած, ոչ ադեկւատ հրապարակումներով, եւ 100 տոկոսանոց վերաբերւել նրա հրապարակած լուրերին՝ մի փոքր տեղին չէ։

Սակայն մնացած հարցերում, որ Հայաստանի ղեկավարն իրականացնում է քայլեր, որոնք Թուրքիայի սրտով են, այդպԷս է, քանի որ բոլորս էլ այդ ամէնը տեսնում ենք։ Այսինքն՝ թուրքական պարբերականը չպէտք է գրի այդ մասին, որ մենք իմանանք»,- 168.am-ի հետ զրոյցում նշել է Անդրանիկ Իսպիրեանը։

Շարունակելով՝ թուրքագէտը նկատել է՝ եկեղեցու վերաբերեալ պարբերականի հրապարակումը սիւնակագրի կարծիքն է։

«Թուրքիայում կայ սիւնակագիրների ինստիտուտ, որտեղ սիւնակագիրներն իրենց կարծիքն են արտայայտում։ Ըստ «Aydınlık»-ի սիւնակագրի, Թուրքիայում են որոշել Հայոց Կաթողիկոսին փոխել, այլ թեկնածու ներկայացնել եւ այլն։ Բնականաբար, Թուրքիայում շատ են ցանկանում, որպէսզի Հայաստանում Կաթողիկոսը լինի աւելի «մեղմ» մէկը, ով կը հրաժարւի Թուրքիայի դէմ խօսելուց, Հայոց Ցեղասպանութիւնից եւ այլն։ Բնական է, Թուրքիան նման բան ցանկանում է»,- ընդգծել է  Անդրանիկ Իսպիրեանը։

Զրոյցը՝ ԶՒԱՐԹ ԽԱՉԱՏՐԵԱՆԻ

Related Articles

Back to top button