Հայաստան - ԱրցախՔաղաքական

Նուռ. «Եկեղեցու կողքին եմ, իշխանութիւնն ուզում է ուժայինների միջոցով հասնել իր նպատակին. կոնկրետ կրօնափոխութեան փորձ են անում»

«ԱԼԻՔ» – Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռում 10 եպիսկոպոսների կոչով հաւաքւած անձանց եւ Առաքելական Եկեղեցին ու Վեհափառին պաշտպանելու գնացած քաղաքացիների միջեւ բախման ռիսկը բաւականին մեծ էր։ Մայր Աթոռի ամբողջ տարածքը շրջափակւած էր ոստիկանական բազմաթիւ ուժերով, իսկ 10 եպիսկոպոսների կողմից բերւած անձինք ամէն ինչ անում էին ներխուժելու Մայր տաճար։ Թալինի քաղաքապետն այս անգամ նրանցից ամենաակտիւն էր։

Հէնց այդ ներխուժման ժամանակ էլ Բիւրականի Սուրբ Յովհաննէս եկեղեցու հոգեւորական Տէր Վրթանէս քահանայ Բաղալեանի ինքնազգացողութիւնը վատացել էր, նրան յետոյ տեղափոխել էին հիւանդանոց, որտեղ ստենդաւորել են նրա սիրտը:

Այս ամէնից յետոյ այսօր 24News-ը գրել է, որ Նիկոլ Փաշինեանը պատրաստւում է նոր յարձակման Մայր Աթոռի դէմ, եւ չի բացառւում, որ, օրինակ, ձերբակալեն Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Դիզայներ, նկարիչ, քանդակագործ Նուռի բնորոշմամբ՝ այն, ինչ հիմա անում է Հայաստանի իշխանութիւնը, ազգին կրօնափոխութեան տանելու փորձ է։

«Միանշանակ այս ամէնը բնութագրում եմ՝ որպէս կրօնափոխութեան փորձ, սա ոչ թէ եկեղեցու դերը նւազեցնելու համար է, այլ կոնկրետ կրօնափոխութեան փորձ են անում։ Ես տեսնում եմ դրան ուղղւած բոլոր քայլերը, այս կառավարութեան նպատակը հէնց դա է։

Իսկ ինչ պէտք է անի հաւատաւոր ժողովուրդը՝ անշուշտ, պէտք է լինի Սուրբ Էջմիածնում, այն էլ՝ ամբողջական կազմով»,- 168.am-ի հետ զրոյցում նշել է Նուռը։

Միաժամանակ նա նշել է, որ իշխանութիւնների նպատակը Մայր Աթոռում բախումներ կազմակերպելն է, ինչը չպէտք է թոյլ տալ։

«Այս ամէնի կազմակերպիչների նպատակը բախումների տանելն է, որպէսզի բախումների հիման վրայ էլ արդարացնեն ուժայինների կոշտ արձագանքը։ Սա իրենց կազմակերպած սադրիչ գործողութիւններն են, որ տանեն բախումների։ Իշխանութիւնն ուզում է ուժայինների միջոցով հասնել իր նպատակին։ Այստեղ հաւատաւոր ժողովուրդը միակ բանը, որ կարող է անել, հաւաքւել ու այդ օրը գնալ Մայր Աթոռ։ Մարդիկ այնքան շատ պէտք է լինեն, որ ուժայինները չյանդգնեն որեւէ քայլ իրականացնեն, եթէ 100 հազարից աւելի մարդ լինի, ուժայինները որեւէ բան էլ չեն կարողանայ անել»,- յաւելել է նա։

Ինչ վերաբերում է Վեհափառ Հայրապետին կալանաւորելու հաւանականութեանը, Նուռը նկատել է.

«Ամէն ինչ այս կառավարութիւնից հաւատում եմ, սա ոչ ադեկւատ պահելաձեւ է։ Նախեւառաջ եկեղեցու գործերին միջամտելը Սահմանադրութեան կոշտ խախտում է, որովհետեւ պետութիւնն իրաւունք չունի ներգրաււելու եկեղեցու ներքին գործերին։ Երբ իշխանութիւնը խախտում է սեփական երկրի Սահմանադրութիւնը, ապա այդ իշխանութիւնից ամէն ինչ սպասելի է, եւ ինձ ոչինչ չի զարմացնի։

Եթէ կիրակի գնան Մայր Աթոռ, անշուշտ, ես այնտեղ եմ լինելու՝ եկեղեցու կողքին»։

Զրոյցը՝ ԶՒԱՐԹ ԽԱՉԱՏՐԵԱՆԻ

Related Articles

Back to top button