ԻրանՄիջազգայինՔաղաքական

Իրանի դէմ իսրայէլա-ամերիկեան կործանիչների յարձակման սխեման

Իրանի վրայ Իսրայէլի յարձակման ձախողման պատճառը MI6-ի գործակալի ակնոցից

ՀԱՏԻՍ

 

Անյայտ պաշտպանական համակարգը բացայայտել ու նստել էր F-35-ի վրայ

Կողմերը միւսի մասին ունեցած պատկերացումները թարմացնելու նպատակով դաշտ դուրս եկան առաջին անգամ: Իսկ երկրորդ անգամ, արդէն դիմացինի կարողութիւնները գնահատելու: Կողմերից իւրաքանչիւրն ունի իր մարտավարութիւնն ու ռազմական ենթամշակոյթը, որի ուղղութեամբ էլ զարգացրել է իր արսենալը:

Իրանի դէմ ագրեսիայի երեք ժամերի ընթացքում կարեւոր բացայայտումներ տեղի ունեցան երկնքում: Այս մասին իսրայէլական կողմը շարունակում է լռութիւն պահպանել:  Արեւմտեան փորձագէտների կարծիքով՝ այն պայմանաւորւած է նպատակներին հասնելու մեծ ձախողումով: Իրանը նոյնպէս լռել է այս մասին՝ անվտանգութեան նկատառումներից ելնելով։

Պաշտօնական հարթակներում պահւող լռութիւնը սոցցանցային հետաքրքրութիւնների մեծ քաղց է առաջացրել: Այս մասին առաւել հետաքրքի մեկնաբանութիւններ են հրապարակում Արեւմուտքի թոշակի անցած որոշ հետախոյզ սպաներ:

CENTCOM-ի նախկին սպայ Սկոտ Ռիթըրը մի տեսանիւթով խօսել է հոկտեմբերի 22-ին Իսրայէլի բանակի եւ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի համատեղ գործողութեան մասին, որտեղ նա նշում է՝ երկու երկրների գերզարգացած կործանիչներին չի յաջողւել Իրանի սահմանից 100 կմ հեռաւորութիւնից մօտ գնալ: Պատճառն ըստ նրա՝ իրանական կողմի ռադարայի համակարգն էր, ինչը զարմանալիօրէն որսացել է բոլոր F-35-երը: Նրանք ստիպւած շրջանց են կատարել որպէսզի դուրս գան որսի շառաւիղից ու վերադարձին նկատել են, որ կրկին յայտնւել են իրանական ռադարների տեսադաշտում: «Սա խօսում է այն մասին, որ Իրանը ձեռք է բերել կամ ինքնորոյն է ստեղծել այնպիսի մի համակարգ, որի աչքից աննկատ չի մնում նոյնիսկ F-35-ը:

Իրանական կողմի փորձագէտների համար, սակայն, F-35-երին նկատելն ու որսալը նոր բան չէր: Ռազամական հարցերով փորձագէտը եւ «Սիրիան խաբար» տելեգրմա-X-եան լրատւական ալիքների հեղինակ Քարիմ Ջաֆարին երկրորդելով Իրանի ՀՕՊ-ի կարողութիւնների մասին արւած մեկնաբանութիւնները, հանդէս է եկել աւելի թարմ տեղեկատւութեամբ: Նա իր վերջին հրապարակումներից մէկում ներկայացնելով իսրայէլական կողմի գործողութեան ընդհանուր նախապատկերը յաւելել է, որ յարձակւող կողմը մէկ անգամ միայն փորձել է կրճատել 100 կմ  տարածութիւնը եւ մօտենալ Բասրա քաղաքին, որտեղից երկու օդ-երկիր հեռահար հրթիռ է արձակւել: Սակայն մօտեցած երկու կործանիչներն էլ խոցւել են տեղում: «Այս մասին առաջին անգամ ակնարկել է իսրայէլական կողմը»,- նշում է փորձագէտը եւ յաւելում, որ արդիւնքում անմիջապէս դադարեցւել է գործողութիւնը՝ յայտարարելով, որ իսրայէլական կողմին յաջողւել է հասնել նպատակին:

Քարիմ Ջաֆարին նշել է նաեւ, որ S-400 համակարգերի ամբողջական ոչնչացման մասին մեծ ու տարօրինակ ստերի մասին զեկոյցում նկատելի են որոշ կէտեր, որոնք խօսում են այն մասին, որ  թիրախը երկրի պաշտպանական համակարգի լիակատար ոչնչացումն էր: Նախագծի համաձայն՝ 72 ժամ երկնքի ամբողջական վերահսկողութիւնից յետոյ պէտք է  ոչնչացւած լինէր ցանկացած թիրախ, որը նրանց ծրագրում էր եւ համարւում էր ռազմարդիւնաբերական կամ միջուկային կարեւոր ենթակառուցւածք:

MI6-ի նախկին սպայ Ջոն Մերեշմայէրը եւս նոյն կապակցութեամբ խօսել է Սկոտ Ռիթըրի տեսանիւթում, որտեղ պատմելով Իրաքի հակամարտութիւնում իր առաջադրանքների մասին, հետեւեալն է նշել. «Ես իւրաքանչիւր օպերացիայից կամ յարձակման փորձից յետոյ պէտք է գնահատէի արդիւնքները կամ վնասի չափը, արձանագրէի նաեւ ռազմավարական նշանակութիւնը, գնահատէի ստեղծւած հնարաւորութիւնները եւ զեկուցէի համապատասխան կենտրոնին: Իսկ Իրանի դէմ ԱՄՆ-ի ու Իսրայէլի համատեղ գործողութիւնը հասկանալու համար նախ պէտք է տեղեակ լինել դրա նպատակների մասին, ապա գործողութեան գրաֆիկայի ու մշակւած պլանով ենթադրւող տեւողութեան մասին: Այնպէս, որ երբ երեք օր տեւողութեամբ յարձակման պլան է մշակւել, իսկ այն տեւել է ընդամէնը երեք կամ չորս ժամ, ապա կարելի է առանց վարանելու արձանագրել, որ  խօսքը գնում է ձախողման մասին»:

Նախկին յատուկ գործակալի ասութեամբ, իսրայէլական կողմի  հարիւրից աւելի կործանիչներով ու լոգեստիկ խոշոր ինքնաթիռներով կարողացել է միայն 20 թիրախ ոչնչացնել:

«Սա ռազմական գործողութիւնների լոգիկային չհամապատասխանող ու հաւասարում չստեղծող իրողութեան մասին է խօսում: Շատերին է հետաքրքրում Իրանի պատասխանի տեսակը կամ ուժգնութիւնը: Իսկ եթէ ինձ հարցնէք, ապա՝ Իրանն այլեւս պէտք չունի պատասխան հարւած հասցնել: Պատճառը վերը նշածս իրավիճակը գնահատելու մասնագէտիս տրամաբանութեան մէջ է: Իսրայէլն ու ԱՄՆ-ը տեսան, որ ներկայ պահին Իրանն անխոցելի է, եւ գործողութիւնը շարունակելու դէպքում պատմական խայտառակութեան առաջ էր կանգնելու Իսրայէլը: Նոյնիսկ ոչնչացման եզրին կարող էր յայտնւել: Սա տեսան բոլորը, յատկապէս Իրանը: Այնպէս, որ պատասխան ապտակի իրաւունքով այսօր Իրանն ուժեղի դիրքերից է բանակցութիւնների սեղան նստելու: Տարածաշրջանի երկրները նոր հաւասարումների մասին պիտի մտածեն»,- նշել է բրիտանացի յատուկ գործակալ Ջոն Մերեշմայէրը:  

 «Իսրայէլի յարձակումը Իրանի վրայ ոչ դիմացինին ստուգելու համար էր, ոչ էլ նախազգուշացում, այլ խայտառակ ձախողում էր այն»,- գրում է յայտնի վերլուծաբան Մաջիդ Ռաջաբին:

X-ում «Փանիշէր» էջը վարող մեկնաբանը, ով յայտնի է գործակալական ցանցերի ու ռազմարդիւնաբերութեան ոլորտի քննարկումներով ներկայացրել է իսրայէլական կողմի գործողութեան հրապարակւած ծրագիրը, որով ենթադրւում էր, որ այն տեւելու է երկու օրից աւել:

Մաջիդ Ռաջաբին իր վերջին պոստում նշել է. «Յարձակման մեկնարկով Իսրայէլը յայտարարեց, որ լայնածաւալ գործողութիւն է սկսել երեք փուլով, որը կը տեւի 12 ժամ։ Այս գործողութեանը մասնակցում են իսրայէլական բանակի հարիւր ժամանակակից կործանիչներ։

Իսրայէլական գործողութիւնը, սակայն, աւարտւեց երեք ժամից էլ քիչ ժամանակում, չնայած Իսրայէլի պնդումներին, թէ իր ծրագրի երկրորդ փուլն է իրականացնում, այսինքն՝ նոյն փուլում, ինչ առաջինը։

Առաջին փուլում իսրայէլական ինքնաթիռները պէտք է թիրախաւորէին եւ ոչնչացնէին իրանական բոլոր ռադարները՝ Իրաքի եւ Սիրիայի օդը կտրելով: 

Երկրորդ փուլում իսրայէլական հարիւր ենթադրեալ ինքնաթիռների երկրորդ խումբը պէտք է մտնէր Իրանի արդէն անպաշտպան օդային տարածք եւ յարձակւէր Իրանի ռազմական կենտրոնների վրայ, իսկ դրանց անօդաչու թռչող սարքերն ու միկրօթռչունները հարւածելու էին նախապէս ընտրւած նաւթավերամշակման գործարանները, այդ թւում՝ Թեհրանի նաւթավերամշակման գործարանը:

Երրորդ փուլում պիտի ներգրաււէին ահաբեկչական խմբեր, անջատողական քրդական խմբաւորումները եւ վարձկան ու զինւած բելուչ ահաբեկիչները, իսկ վերջում փողոց դուրս գային իսրայէլական եւ ամերիկեան ցանցի հետ առնչւող ցուցարարները  «Իրան Ինթերնաշնալ»-ի, BBC-ի եւ սոցիալական ցանցերի ուղեկցութեամբ։ Նրանք առաջնորդելու եւ վերահսկելու էին անցուդարձերն ու ձեւաւորելու էին հասարակական կարծիքը: 

Այս ցուցակից միայն մահափորձի դէպքեր գրանցւեցին  բելուչ անջատողականների կողմից, որոնց հասանելի չէր թէ ինչ է կատարւել երկնքում:

Հէնց առաջին փուլում Իսրայէլը բախւեց Իրանի հակաօդային եւ ռադիոտեղորոշիչ ուժերի պաշտպանութեանը, եւ ոչ ԱՄՆ-ը, եւ ոչ էլ Իսրայէլը նման կազմակերպւած ու ճշգրիտ դիմադրութեանը պատրաստ չէին:

Նրանց թեթեւ բալիստիկ հրթիռներից շատերը որսացել է իրանական կողմը, իսկ որոշ դէպքերում հրթիռները հասցրել են դիպչել թիրախներին, սակայն հրթիռների թեթեւ քաշի բերումով պատճառած վնասի չափը համարեայ աննշան է: Այնպէս որ ոչնչացման առաջին փուլը, որի հետ մեծ յոյսեր էր կապել  սիոնիստական բանակը, չստացւեց, եւ առաջին փուլի նպատակը գործնականում անհասանելի մնաց:

Հաշւի առնելով առաջին փուլի ձախողումը եւ Իրանի ՀՕՊ համակարգի մատուցած անակնկալները, երկրորդ փուլ մտնելը ուղեկցւելու էր յարձակւող կողմի բոլոր  ինքնաթիռների խոցւելու եւ մեծ թւով իսրայէլցի օդաչուների մահւան ու գերութեան բարձր ռիսկով, ինչը կարող էր վկայել նաեւ սիոնիստական բանակի յիմարութեան ու անխոհեմութեան փաստի մասին: 

Սա էր պատճառը, որ իսրայէլական բանակը  հնչեցրեց փախուստի շեփորն ու իր դաշնակիցներին տեղեկացրեց գործողութեան ձախողման մասին։

Այս փուլում արեւմտեան լրատւամիջոցները Բ պլանով անցան սիոնիստների պարտութեան փաստը ծածկելու ծառայութեանը, կատարւածը ներկայացնելով որպէս  դիմացինին գնահատելու փորձ, կամ նախազգուշացման համար կատարւած ակտ, իսկ Իսրայէլն արդէն յայտարարել էր, որ «Ամերիկան թոյլ չտւեց խոցել Իրանի կարեւորագոյն յենակէտերը» կամ «սա  դեմոկրատների ապուրն էր» եւ…

Հակասութիւնները խօսում են այն մասին, որ նրանք բնաւ պատրաստ չէին նման ձախողմանը, եւ տարակուսանքի ու ծիծաղի առարկայ դառնալու թակարդն ընկան: 

Ձախողման մասին պատմող փաստ է նաեւ նրանց կողմից այլ ժամանակաշրջանների կամ այլ տարածաշրջանների հետ կապւած հին պատկերների եւ տեսանիւթերի օգտագործումը իսրայէլական պաշտօնական հեռուստաեթերում (Իսրայէլական 14-րդ ալիքը լուսաբանել էր յարձակումների յաջող ընթացքը, ներկայացնելով Թեհրանի նաւթավերամշակման գործարանի մի քանի տարի առաջւայ հրդեհի լուսանկարը): Սա են ցոյց տւել նոյնիսկ  նրանց գործողութիւնը ղեկավարող բունկերում:

TAAD ՀՕՊ համակարգերի եւ ամերիկեան անձնակազմի տրամադրումը վկան է այն բանի, որ յարձակումը պէտք է լինէր նոյնքան ծաւալուն, որքան ի սկզբանէ յայտարարել էր Իսրայէլը, այլապէս ինչ կարիք կար դրանց տեղակայմանը, միաժամանակ վտանգելով ամերիկեան ռազմական ուժերի կեանքը»,- եզրակացրել է Մաջիդ Ռաջաբին: 

Արժէ նշել, որ «Սիրիան խաբար» տելեգրամային ալիքի վարիչ՝ Քրիմ Ջաֆարին մէկ այլ առիթով նշել էր, որ սիոնիստական քարոզչամեքենան շարունակ պնդում է, որ խոցւել եւ ոչնչացւել է 7 միաւոր S-400 համակարգ, ինչպէս նաեւ ռազմարդիւնաբերական ենթակառուցւածքներ:

«Իրանը յարձակման առաջին իսկ վայրկեանից մարտի դուրս եկաւ ագրեսիայի դէմ իր ՀՕՊ համակարգի մինչ այդ չհաւաստանշւած համակարգով: Աւելի քան հազար միաւոր հակաօդային յենակէտեր են միացել պաշտպանական համակարգին, որոնք մինչ այդ անջատած կամ լուռ վիճակում էին պահւած: Սա դեռ ամենամեծ անակնկալը չէր: Երբ ԱՄՆ-ի կործանիչներն ընկան «Բաւար-73» համակարգի ցանցը, ստիպւած հեռացան գործողութիւնների արդիւնաւէտ շառաւիղից: Նրանց հէնց առաջին իսկ վայրկեանից էր պարզւել, որ գործողութիւնը ձախողւած է: Կայ նաեւ ռազմարդիւնաբերութեան շուկան կորցնելու վտանգը: F-35-ի անարդիւնաւէտութիւնը կարող էր ոչնչացնել 100 միլիոն դոլար արժողութեամբ ինքնաթիռի վարկանիշը:

Թուրքիան գործողութեան մասնակից

Քարիմ Ջաֆարին նշել է նաեւ, որ հարեւան երկիր Թուրքիան եւս մասնակցել է Իսրայէլի յարձակման ծրագրին. «Իսրայէլն ու ԱՄՆ-ը, մինչեւ գործողութեանն անցնելը, բոլոր փուլերը փորձարկել են Թուրքիայի S-400 համակարգի հետ միասին, որպէսզի յայտնաբերեն սեփական ուժերի խոցելիութիւնը: Այսպիսով, Թուրքիան տրամադրելով իր հնարաւորութիւնները, դրանք ծառայեցրել է Իրանին հարւած հասցնելու նպատակներին:

F 35, 22, 16, 15 կործանիչները, ինչպէս նաեւ Awacs եւ հետախուզական արբանեակային համակարգերը միասին վերցրած ծնկեցին Իրանի ՀՕՊ-ի կարողութիւնների առաջ: Իհարկէ սա դեռ ամէնը չէ, Իրանը օգտագործեց միայն իր հնարաւորութիւնների մի մասը: Հարւած հասցնող թեւը դեռ պատրաստ վիճակում է պատասխան ապտակ հասցնելու համար: Նրանք այն հասկացան, երբ գործողութիւնից ժամեր առաջ անցել էին էլեկտրոնային պատերազմի: Իսկ այնտեղ եւս նրանք ասելիք չունէին»,- նշել է փորձագէտը:

Իրանի ռադարները թւով աւելի շատ էին, քան նրանց արձակած հրթիռները

Փորձագէտը յաւելել է, որ իր հաւաքած տեղեկութիւնների համաձայն՝ իրանական կողմին յաջողւել է երկրի մակերեսից 10 մետր բարձրութեան վրայ թռչող իւրաքանչիւր իր տեսնել եւ անմիջապէս որսալ. «Սիոնիստները քաղաքներում անցել էին կուադկուպերներով համակարգի խանգարմանը, որոնք անմիջապէս ոչնչացւում էին  հակաօդայինի համազարկով: Քաղաքներում լսւող ձայները հէնց մեր հակաօդային համակարգի համազարկերի ձայներն էր: Իհարկէ դա ոչ մէկին չանհանգստացրեց: Մարդիկ տանիք էին բարձրացել տեսագրելու այդ հրավառութիւնը»:

 ՀՕՊի կարողութեան տեսանելի մասը

«Միայն այդ գիշեր աշխատել է 30 գումարտակ «Խորդադ 3» համակարգ, 8 գումարտակ S-400 գումարտակ, «Խորդար 15» եւ «Զուբին» համակարգերի անթիւ միաւորներ, եւ հզօր էլեկտրոնային պատերազմի ցանց, որը որսացել է յարձակւող կողմի  կապն ու բոլոր անցուդարձերը:

Վերջում Քարիմ Ջաֆարին նշելով, որ իրանական մի քանի ՀՕՊ յենակէտ է խոցւել, իսկ ՀՕՊ-ը հէնց դրա համար է, որ իր վրայ վերցնի կրակը, պաշտպանելով սեփական ժողովրդին,  յիշեցրել է նահատակ Բաբայիի մշակած բանաձեւը. «Պէտք է ստիպել թշնամուն չեղարկել գործողութիւնը: Անպայման չէ, որ պէտք է խոցելով նրանց վնաս պատճառել»:

Related Articles

Back to top button