Մշակութային

ԵՂԵԳԱՆ ՓՈՂ

«ՍԱ ՁԵԶ՝ ՄԱՅԱԿՈՎՍԿՈՒՑ»

Ծաղիկներ՝ Տատիանա Եակովլեւային

Վլադիմիր Մայակովսկու կեանքի ամենայուզիչ դրւագներից մէկը եղել է Փարիզում, ուր նա սիրահարւում է Տատիանա Եակովլեւային:

Նրանց միջեւ ոչ մի ընդհանուր բան չէր կարող լինել: Կիրթ, նուրբ, դաստիարակւած, Ֆեոդոր Տիւտչեւի եւ Պուշկինի ստեղծագործութիւններով մեծացած ռուս տարագիր Տատիանա Եակովլեւան ոչինչ չէր հասկանում խորհրդային մոդայիկ գրող Վլադիմիր Մայակովսկու կոպիտ, կտրտւած, անհասկանալի բառապաշարով բանաստեղծութիւններից: Նա ընդհանրապէս Մայակովսկու ոչ մի բառը չէր ընկալում նոյնիսկ իրական կեանքում: Մայակովսկին Տատիանային վախեցնում էր իր՝ ապրելու անյագուրդ կրքով, հակասական, պայքարող, անզուսպ մարդկային տեսակով: Նա չէր յանձնւում ո՛չ Մայակովսկու բառերի, ո՛չ էլ անսահման հաւատարմութեան առաջ: Տատիանայի սիրտն անտարբեր էր ու անսասան: Եւ Մայակովսկին միայնակ մեկնեց Մոսկւա:

Այդ վայրկենաբար բռնկւած եւ չկայացած սիրուց Մայակովսկուն մնաց միայն թախիծ, իսկ մեզ՝ «Նամակ Տատիանա Եակովլեւային» կախարդական բանաստեղծութիւնը՝ «Ես դեռ մի օր քեզ կը տանեմ՝ մենակ, թէ Փարիզի հետ միասին» հրաշալի տողերով: Իսկ Տատիանային մնացին ԾԱՂԻԿՆԵՐԸ: Փարիզեան ելոյթների համար ստացած իր ողջ հոնորարը Վլադիմիր Մայակովսկին փոխանցեց ծաղիկներ վաճառող յայտնի փարիզեան ընկերութեան հաշւեհամարին՝ պայմանով, որ վերջիններս շաբաթական մի քանի անգամ Տատիանա Եակովլեւային ուղարկեն ամենագեղեցիկ եւ անսովոր ծաղիկները՝ հորտենզիաներ, պարմեան մանուշակներ, սեւ կակաչներ, թէյագոյն վարդեր, աստղածաղիկներ, օրքիդէաներ կամ քրիզանթեմներ: Հեղինակաւոր փարիզեան ընկերութիւնը յստակ կատարում էր իր խենթ յաճախորդի ցուցումները, եւ Մայակովսկու՝ Մոսկւա մեկնումից ի վեր, անկախ եղանակային պայմաններից, տարիներ շարունակ Տատիանա Եակովլեւայի դուռն էին թակում առաքիչները եւ նրան փոխանցում անհաւանական գեղեցկութեան ծաղկեփնջեր՝ «Սա Ձեզ՝ Մայակովսկուց» մէն մի հատիկ նախադասութեամբ:

Մայակովսկու երկրային կեանքն ընդհատւեց 1930 թւականին: Այս լուրը Տատիանա Եակովլեւային շշմեցրեց, ինչպէս անսպասելի ուժեղ հարւածը կը տապալէր: Նա արդէն վաղուց սովորել էր, որ Մայակովսկին կանոնաւոր կերպով ներխուժում է իր կեանք, որ նա կայ ինչ-որ տեղ ու իրեն ծաղիկներ է ուղարկում: Նրանք չէին հանդիպում, բայց իրեն այդքա՜ն շատ սիրող մարդու ներկայութիւնն ազդում էր նրա հետ կատարւող ամէն ինչի վրայ:

Նա արդէն չէր հասկանում, թէ ինչպէս է յետոյ ապրելու՝ առանց այդ ծաղիկների մէջ լուծւած խենթ սիրոյ:

Սակայն ծաղկի խանութին տրւած կարգադրութեան մէջ Մայակովսկու մահւան դէպքի հանգամանքի մասին ոչինչ չկար, եւ յաջորդ առաւօտեան սովորականի պէս նրա դռան առաջ կանգնեց հերթական առաքիչը՝ արդէն յայտնի նախադասութիւնը շուրթերին: Ասում են, որ մեծ սէրը մահից էլ ուժեղ է, բայց բոլորին չի յաջողւում այս յայտնի ճշմարտութիւնը կեանքի կոչել: Վլադիմիր Մայակովսկուն դա յաջողւեց: Ծաղիկներ Տատիանային բերում էին եւ 1930 թւականին, երբ Մայակովսկին մահացաւ, եւ 40-ին, երբ նրա մասին արդէն մոռացել էին: Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին գերմանացիների կողմից շրջափակւած քաղաքում Տատիանա Եակովլեւային ապրեցրին Մայակովսկու շքեղ ծաղիկները, որոնք նա վաճառում էր փարիզեան ճեմուղիներում: Յետոյ Փարիզն ազատագրւեց, ու Տատիանան, բոլորի հետ միասին, արտասւում էր երջանկութիւնից, երբ ռուսները մտան Բեռլին:

Իսկ ծաղիկներ նա դեռ ստանում էր: Առաքիչները մեծանում էին, նրանց փոխարինում էին ուրիշները, որոնք հասկանում էին, որ իրենք էլ են մեծ լեգենդի մի մասնիկը: Ու որպէս գաղտնաբառ՝ խորհրդաւոր ժպիտով կրկնում էին վաղուց հարազատ բառերը՝ «Սա Ձեզ՝ Մայակովսկուց»:

Մայկովսկու ծաղիկներն այժմ արդէն փարիզեան պատմութեան մի մասնիկն են: Ճշմարտութի՞ւն է, թէ՝ ոչ, սակայն մի անգամ՝ 1970-ական թթ. վերջերին, խորհրդային ինժեներ Արկադի Ռիւլինը, ով իր պատանեկութեան տարիներին այս պատմութիւնը մօրից էր լսել, ընկնում է Փարիզ: Տատիանա Եակովլեւան դեռ կենդանի էր եւ սիրով ընդունում է իր հայրենակցին: Նրանք երկար զրուցեցին մի բաժակ թէյի սեղանի շուրջ՝ աշխարհում ամէն ինչի մասին: Այդ գողտրիկ տանը ծաղիկներն ամենուր էին, սակայն Ռիւլինն անյարմար էր զգում ծեր կնոջը հարցեր տալ իր երիտասարդութեան եւ սիրոյ մասին: Մի պահ, սակայն, չդիմացաւ եւ, այնուամենայնիւ, հարցրեց, թէ արդեօք ճի՞շտ են ասում, որ Մայակովսկու կողմից ուղարկւած ծաղիկները փրկել են նրա կեանքը պատերազմի տարիներին: Մի՞թէ դա գեղեցիկ հեքիաթ չէ, եւ հնարաւո՞ր է արդեօք՝ այդքա՜ն տարի շարունակ…

– Խմէք Ձեր թէյը,- պատասխանեց Տատիանա Եակովլեւան,- խմէք, չէ՞ որ Դուք ոչ մի տեղ չէք շտապում:

Եւ այդ պահին հնչեց դռան զանգը: Ռիւլինն այլեւս երբեք այդպիսի շքեղ ծաղկեփունջ չտեսաւ, որի յետեւում առաքիչը գրեթէ չէր երեւում:

Ոսկեգոյն ճապոնական քրիզանթեմներ էին, որոնց փայլող ճաճանչների միջից լսւեց առաքիչի ձայնը՝ «Սա Ձեզ՝ Մայակովսկուց»:

Ռուսերէնից թարգմանութիւնը՝ ԳՈՀԱՐ ՍԱՒԶԵԱՆԻ

Related Articles

Back to top button