Դոկտ. Էհսան Մովահեդիան. «ԼՂ-ի հայերի վերադարձի իրաւունքն Իրանի պաշտօնական դիրքորոշման մաս է»
«ԱԼԻՔ» – «Լեռնային Ղարաբաղի շուրջ Իրանի պաշտօնական դիրքորոշումն արդէն իսկ ներկայացւել է Իսլամական յեղափոխութեան գերագոյն առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէիի կողմից, որի համաձայն՝ այնտեղի հայ բնակիչներն իրաւունք ունեն վերադառնալ իրենց տներ, եւ նրանց իրաւունքները, կեանքն ու ունեցւածքը պէտք է յարգւեն ու պահպանւեն»։
«Արմէնպրես»-ի հետ հարցազրոյցում, անդրադառնալով 2023 թւականին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացւած ռազմական յարձակմանը եւ դրա հետեւանքով տեղի հայ բնակչութեան բռնի տեղահանմանը, միջազգայնագէտ Էհսան Մովահեդիանը յիշեցրել է Իրանի Իսլամական յեղափոխութեան գերագոյն առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէիի յայտարարութիւնն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն իրաւունք ունեն վերադառնալ իրենց տներ, եւ նրանց իրաւունքները պէտք է յարգւեն:
«Սա այն է, ինչին մենք հաւատում ենք, սակայն, այդուհանդերձ, մենք դա իրականացնելու համար գործիքներ չունենք: Եւ ես կարծում եմ, որ Հայաստանի կառավարութեան պարտականութիւնն է պաշտպանել այդ մարդկանց, օրինակ, դիմել միջազգային դատարաններ, օգտագործել միջազգային իրաւունքն ու կանոնները, բողոքներ ներկայացնել, ստիպել Ադրբեջանի կառավարութեանը յարգել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչութեան իրաւունքները։ Սա է Իրանի դիրքորոշումը»,-ընդգծել է Մովահեդիանը: