Հայաստան - ԱրցախՔաղաքական

Մայր Աթոռում կատարւել է միասնական աղօթք գերեվարւած հայորդիների ազատութեան համար

«ԱԼԻՔ» – Երէկ՝ նոյեմբերի 10-ին, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Աﬔնայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետութեամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցւել է Սուրբ եւ Անմահ Պատարագ։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատւական ծառայութիւնը:

Պատարագիչն է եղել Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեանը: Սրբազան արարողութեանը ներկայ են եղել Արցախի Հանրապետութեան նախագահ Սամուէլ Շահրամանեանը, ԱՀ իշխանութեան ներկայացուցիչներ, Բաքւի բանտում ապօրինի պահւող հայ պատանդների ու գերիների ընտանիքների անդամներ։

Սուրբ Պատարագի աւարտին՝ նախագահութեամբ Վեհափառ Հայրապետի, կատարւել է միասնական աղօթք, որը Նորին Սրբութեան տնօրինութեամբ նոյն օրը տեղի է ունեցել նաեւ Հայաստանի եւ Սփիւռքի թեմերի բոլոր եկեղեցիներում։

Այս առիթով Ամենայն Հայոց կաթողիկոսն իր հայրապետական ուղերձն է յղել համայն հայ ժողովրդին։

Վեհափառ Հայրապետն իր ուղերձում մասնաւորապէս նշել է. «Այսօր միասնական մեր աղօթքը հնչեցնում ենք որպէս կոչ արդարութեան ու արդարադատութեան՝ ընդդէմ մարդկութեան հանդէպ կատարւող ոճրագործութիւնների, ընդդէմ արցախահայութեան նկատմամբ իրականացւած ցեղասպան գործողութիւնների, այլեւ ընդդէմ Արցախի հոգեւոր-մշակութային արժէքների բարբարոսական ոչնչացման եւ Բաքւի բանտերում անօրինաբար արգելափակւած մեր զաւակների։ Արդի աշխարհում, ուր մեծապէս կարեւորւում է մարդկային ազատութիւնների ու իրաւունքների գերակայութիւնը, անհանդուրժելի են նման երեւոյթները եւ պէտք է արժանանան խստագոյն դատապարտման։

Վաղը Ադրբեջանի մայրաքաղաքում նախատեսւում է անցկացնել ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխութեան մասին» շրջանակային կոնւենցիայի մասնակիցների գագաթնաժողովի 29-րդ նստաշրջանը։ Հաւատում ենք, որ Միաւորւած ազգերի կազմակերպութեան առաքելութեան հիմքում դրւած մարդկային կեանքի եւ արժանապատւութեան պաշտպանութեան, արդարադատութեան գործադրման անփոփոխելի ու անզիջելի արժէքները ազդու միջոցներով պիտի իրենց արտայայտութիւնը գտնեն նաեւ մեր գերեալ զաւակների ազատ արձակման եւ արցախահայութեան իրաւունքների պաշտպանութեան գործում։ Այս առումով Մենք պաշտօնապէս դիմել ենք ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար տիար Անտոնիօ Գուտերէշին, որպէսզի ՄԱԿ-ի բարձր ատեանից զօրակցութիւն ցուցաբերւի գերեալների հրատապ ազատ արձակման կարեւոր գործին»:

Այնուհետեւ Հայոց Հովւապետը, Մայր Աթոռի միաբաններն ու ներկայ հաւատացեալ ժողովուրդը աղօթք են վերառաքել առ Աստւած բռնի տեղահանւած արցախահայերի իրաւունքների պաշտպանութեան, մասնաւորապէս գերեվարւած հայորդիների ազատութեան համար։

Նշենք, որ Ամենայն Հայոց Հայրապետի կոչին ընդառաջ՝ Եկեղեցիների Համաշխարհային խորհուրդը եւ Եւրոպայի եկեղեցիների կոնֆերանսը յորդել էին իրենց անդամ եկեղեցիներին ու բոլոր բարի կամքի տէր մարդկանց միանալու Հայաստանի եւ արցախահայութեանը նւիրւած աղօթքի օրւան:

Մասնաւորապէս Ժնեւի Սուրբ Պետրոս տաճարում տեղի է ունեցել աղօթք՝ հայ գերիների տունդարձի համար:

Related Articles

Back to top button