Շաքարի կրճատումը կարող է նւազեցնել երեխայի քրոնիկ հիւանդութիւնների զարգացման ռիսկը
Ըստ ամերիկացի եւ կանադացի գիտնականների ուսումնասիրութեան՝ երեխայի ծնւելուց առաջ մօր՝ քիչ շաքար օգտագործելը եւ երեխաների՝ կեանքի առաջին երկու տարում շաքարի օգտագործումը սահմանափակելը նւազեցնում է հասուն տարիքում քրոնիկ հիւանդութիւնների զարգացման ռիսկը։
«Science» ամսագրում հրապարակւած հետազօտութիւնը ցոյց է տւել, որ երեխաները, ովքեր կեանքի առաջին 1000 օրւայ ընթացքում քիչ են շաքար օգտագործել, նրանք 35%-ով քիչ հաւանականութիւն ունեն 2-րդ տիպի շաքարախտով հիւանդանալու եւ 20%-ով աւելի քիչ՝ չափահաս տարիքում:
Եզրակացութիւնները հիմնւած են UK Biobank-ի տւեալների բազայի վերլուծութեան վրայ, որը պարունակում է կլինիկական գրառումներ, գենետիկ տւեալներ, ապրելակերպի մասին տեղեկութիւններ եւ այլ գործօններ: Այս վիճակագրութեան հիման վրայ ուսումնասիրւել է շաքարի սահմանափակումների ազդեցութիւնը Մեծ Բրիտանիայում բեղմնաւորւած եւ ծնւած մեծահասակների առողջութեան վրայ շաքարի ռացիոնալացման աւարտից առաջ եւ յետոյ, որը ներդրւել է 1942 թւականին եւ ուժի մէջ է մինչեւ 1953 թւականը:
Այս ժամանակահատւածում շաքարի սպառումը միջինը կազմում էր օրական մօտ 8 թէյի գդալ (40 գրամ), բայց երբ շաքարաւազի վաճառքի սահմանափակումները հանւեցին, շաքարի սպառումը բարձրացաւ օրական մինչեւ 16 թէյի գդալ (80 գրամ)՝ ելնելով սննդի մէջ դրա պարունակութիւնից:
Ըստ հետազօտողների՝ մանուկ հասակում շաքարի ընդունման կրճատումը կարող է նւազեցնել ապագայ բժշկական ծախսերը եւ մեծացնել կեանքի տեւողութիւնը:
«Վաղ հասակում շաքարաւազը նոր ծխախոտ է, եւ մենք պէտք է դրան վերաբերւենք որպէս այդպիսին՝ պատասխանատւութեան ենթարկելով սննդի արդիւնաբերութեամբ զբաղւող ընկերութիւններին՝ ստիպելով մանկական սննդի բաղադրութիւնը փոխել աւելի առողջ տարբերակներով, ինչպէս նաեւ կարգաւորելով մարքեթինգն ու երեխաների համար նախատեսւած բարձր շաքարով մթերքի արտադրութեան համար բարձր հարկեր սահմանել»,- ասում է Բերկլիում Կալիֆորնիայի համալսարանի գիտաշխատող, հետազօտութեան համահեղինակ Փօլ Գերթլերը:
ԱՄՆ գիւղատնտեսութեան նախարարութիւնը եւ Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը մեծահասակներին խորհուրդ են տալիս օրական 50 գրամից աւելի շաքար չօգտագործել:
News.am