Այլ

Պատգամաւոր Արա Շահվերդեանի հանդիպումները եւ այցելութիւնները

Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Արա Շահվերդեանի գրասենեակից տեղեկանում ենք, որ պատգամաւորը եւ Թ. Հ. Թ. կրթական խորհրդի ատենապետ Կարինէ Բալըքճեանը հանդիպում են ունեցել Թեհրանի Ուսումնադաստիարակչութեան նախարարութեան գերատեսուչ դոկտ. Փարսայի հետ:

Հանդիպման ընթացքում խօսւել է Թեհրանի հայոց դպրոցների խնդիրների, այդ թւում տարրական օղակի երկսեռ դարձնելու հարցով եւ կրթական ոլորտի մասին:

* Պատգամաւոր Արա Շահվերդեանը, իր  գրասենեակում  ընդունել է Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու Եկեղեցական խորհրդի անդամներին:

* Իսկ դպրոցների առումով պատգամաւորը իր գրասենեակում առանձին հանդիպումներ է ունեցել  ՀԲԸՄ-ի «Մարի Մանուկեան» աղջ. դպրոցի տեսչուհու, փոխտեսչուհու  եւ Ծնողական խորհրդի նախագահի հետ, «Արաքս» ազգային աղջկանց դպրոցի տեսչուհու եւ Ծնողական խորհրդի անդամի եւ «Թունեան-Թովմասեան» աղջ. դպրոցի  տեսչուհու, փոխտեսչուհու եւ Ծնողական խորհրդի նախագահի եւ անդամների հետ, որոնք այցելել էին պատգամաւորին, շնորհաւորելու խորհրդարանի օրւայ առիթով:

* Պատգամաւորին են այցելել «Հայ կին» միութեանը կից «Անի» միութեան նորընտիր վարչութեան անձնակազմը: Հանդիպման ընթացքում խօսւել է միութեան հարցերի վերաբերեալ: Նրանք նաեւ շնորհակալութիւն են յայտնել դոկտ. Արա Շահվերդեանին միութեան 45-ամեայ յոբելեանական ծրագրին ներկայութեան համար:

* Պատգամաւորը «Ռաւայաթէ խաթ» խորագրով կազմակերպւած գեղարւեստական ցուցահանդէսին ներկայ գտնւելով այցելել է իրանահայ արւեստագէտ-արծաթագործ Ադիս Կարապետեանի աշխատանքների տաղավարը:

* Պատգամաւորը ներկայ է գտնւել իրանահայ թարգմանիչ Նորայր Մեհրաբեանի միջոցով պարսկերէնի թարգմանւած Աւետիք Իսահակեանի գրչին պատկանող «Աբու Լալա Մահարի» պարսկերէնով լոյս տեսած գրքի շնորհանդէսի արարողութեանը, որը տեղի է ունեցել Իրանի Ազգային գրադարանում, համագործակցութեամբ Իրանում ՀՀ դեսպանութեան: Միջոցառմանը ներկայ էր ՀՀ-ից ժամանած Աւետիք Իսահակեանի տուն- թանգարանի տնօրէնը:

* Պատգամաւոր դոկտ. Արա Շահվերդեանը իր գրասենեակում ընդունել է Իրանի Ազատ համալսարանի հայերէնագիտական ամբիոնի վարիչ դոկտ. Անդրանիկ Սիմոնեանին: Հանդիպման ընթացքում խօսւել է հայերէնագիտական ամբիոնի հարցերի մասին:

* Պատգամաւորը այցելել է Թեհրանում կայացած «Անասնապահութեան, թռչնաբուծութեան եւ դրանց հետ կապւած արդիւնաբերութեան» միջազգային 24-րդ ցուցահանդէսը: Ցուցահանդէսի շրջագծում Արա Շահվերդեանը այցելել է իրանահայ գործարար ճրտ. Մատթէոս Մատթէոսեանի տնօրինութեամբ «Թոյուրան Աբզար» գործարանի տաղավարը եւ զրուցելով գործարարի հետ իրազեկ դարձել աշխատանքների մասին:

Related Articles

Back to top button