Այլ

Թէյի կանոնաւոր օգտագործումը կարող է ամրացնել տարեց կանանց ոսկորները

Nutrients բժշկագիտական հանդէսում հրապարակւած նոր մեծածաւալ հետազօտութիւնը պարզել է, որ թէյի օգտագործումը կարող է կապւած լինել տարեց կանանց մօտ աւելի ամուր եւ խիտ ոսկորների հետ, մինչդեռ սուրճի շատ մեծ քանակութիւնը կարող է վնասակար լինել ոսկորների առողջութեան համար: Այս արդիւնքները 65 եւ բարձր տարիքի մօտ 10 հազար կանանց տւեալների վերլուծութեան արդիւնք են, որոնց տասը տարւայ ընթացքում հետեւել են Study of Osteoporotic Fractures ուսումնասիրութեան շրջանակում:

Հետազօտողները չափել են ոսկրային հանքային խտութիւնը (BMD) ազդրոսկրի եւ ազդրոսկրի վզիկի հատւածներում. երկու կարեւոր հատւած, որոնք յատկապէս ենթակայ են օստեոպորոզի՝ միաժամանակ հետեւելով, թէ մասնակիցներն օրական որքան թէյ կամ սուրճ են խմում:

Հետազօտողները պարզել են, որ կանայք, որոնք պարբերաբար թէյ էին խմում, ազդրոսկրի հատւածում մի փոքր աւելի բարձր ոսկրային խտութիւն ունէին, քան նրանք, ովքեր թէյ չէին խմում: Չնայած այս տարբերութիւնը չափաւոր էր, այն վիճակագրօրէն նշանակալի էր, ինչը նշանակում է, որ այն, քիչ հաւանական է, որ պատահականութեան արդիւնք լինի, եւ ոսկրային խտութեան նման փոքր աճը կարող է երկարաժամկէտ հեռանկարում նւազեցնել մարդկանց մեծ խմբերի կոտրւածքների վտանգը:

Սուրճի վերաբերեալ ընդհանուր եզրակացութիւնն աւելի բարդ էր. չափաւոր օգտագործումը՝ օրական մօտ երկու-երեք բաժակ, կապւած չէր ոսկրային առողջութեան վատթարացման հետ: Այնուամենայնիւ, օրական հինգ բաժակից աւելի խմելը կապւած էր ոսկրային խտութեան նւազման հետ, ինչը ենթադրում է հնարաւոր վնաս չափից շատ օգտագործելու դէպքում։

Հետազօտողները նաեւ նշել են, որ սուրճի ազդեցութիւնն աւելի ցայտուն էր այն կանանց դէպքում, որոնք կեանքի ընթացքում մեծ քանակութեամբ ալկոհոլ են օգտագործել, մինչդեռ թէյը կարող է յատկապէս օգտակար լինել ճարպակալած կանանց համար: Հեղինակների կարծիքով, թէյի օգտակար ազդեցութիւնը կարող է պայմանաւորւած լինել կատեխինների եւ այլ միացութիւնների պարունակութեամբ, որոնք, ինչպէս ցոյց են տւել լաբորատոր հետազօտութիւնները, կարող են նպաստել ոսկորների ձեւաւորմանը եւ դանդաղեցնել ոսկրային կորուստը։

Հետազօտութեան հեղինակներն ընդգծում են, որ արդիւնքները չեն ենթադրում սովորութիւնների կտրուկ փոփոխութիւնների անհրաժեշտութիւն. թէյի եւ սուրճի չափաւոր օգտագործումը մնում է անվտանգ, բայց օրական մէկ բաժակ թէյը կարող է լինել պարզ լրացուցիչ միջոց՝ ոսկորների առողջութիւնը պահպանելու համար տարեց տարիքում՝ կալցիումի եւ վիտամին D-ի ստանդարտ ընդունման հետ մէկտեղ:

News.am

Related Articles

Back to top button