Այլ

Գերվերամշակւած սնունդ. հիւանդութիւնների գլոբալ ալիքի լուռ պատճառը

Գիտնականներն աւելի յաճախ են խօսում այն մասին, որ գերվերամշակւած մթերքների տարածումը դառնում է ամբողջ աշխարհում քրոնիկ հիւանդութիւնների աճի հիմնական պատճառներից մէկը։ The Lancet ամսագրում հետազօտողները գրում են, որ նման մթերքներն աստիճանաբար դուրս են մղում սովորական թարմ սնունդն ու տնական խոհանոցը՝ լուռ, բայց շատ նկատելիօրէն փոխելով մեր սովորութիւնները:

Գերվերամշակւած սնունդն արդիւնաբերական եղանակով ստեղծւած եւ յաճախ իր «նախնական» տեսքից հեռու մթերքն է։ Դրանց թւին են դասւում գործարանային պաղպաղակը, երշիկեղէնը, նրբերշիկները, չիպսերի շատ տեսակներ, խանութի՝ զանգւածային սպառման հացը, արագ պատրաստման փաթիլները, թխւածքաբլիթները, գազաւորւած ըմպելիքներն ու պատրաստի կերակրատեսակները։ Դրանք սովորաբար պարունակում են մեծ քանակութեամբ աղ, շաքար, յագեցած ճարպեր եւ յաւելումներ՝ պահպանանիւթեր, էմուլգատորներ, բուրաւէտիչներ եւ գունանիւթեր։ Դրա պատճառով նման սնունդը դառնում է կալորիական, բայց գրեթէ զուրկ է օգտակար նիւթերից՝ վիտամիններից, հանքանիւթերից եւ բջջանիւթից։

Գիտնականներն ընդգծում են, որ նման արտադրանքի կանոնաւոր օգտագործումը կապւած է ճարպակալման, սրտի հիւանդութիւնների, քաղցկեղի որոշ տեսակների եւ անգամ վաղաժամ մահւան բարձր ռիսկի հետ։ Սակայն խնդիրը միայն բաղադրութիւնը չէ։ Հարցն աւելի խորն է. սննդի արդիւնաբերութեան տնտեսական հզօրութիւնը գերվերամշակւած սնունդը դարձնում է էժան, հասանելի եւ ագրեսիւ գովազդւող, յատկապէս՝ երեխաների շրջանում։

Հետազօտողները ոչ բաւարար են համարում առկայ միջոցառումները, որոնք հիմնւած են արտադրողների նախաձեռնութեան կամ պատասխանատւութիւնը սպառողի վրայ դնելու վրայ։ Այդ մթերքները «բարելաւելու» փորձերը՝ շաքարը հանելը, յետոյ ճարպը հանելը, ամէն ինչ քաղցրացուցիչներով կամ համի ուժեղացուցիչներով փոխարինելը, հազւադէպ են լուծում խնդիրը, իսկ երբեմն այն աւելի են բարդացնում։

Հետազօտութեան հեղինակներն առաջարկում են ամբողջութեամբ փոխել մօտեցումը՝ աջակցել բնական, նւազագոյն վերամշակման ենթարկւած մթերքների հասանելիութեանը, կարգաւորել գերվերամշակւած սննդի մարքեթինգն ու վաճառքը, յատկապէս դպրոցներում, եւ զարգացնել աւելի գիտակցւած սնւելու մշակոյթը։

Գիտնականների հիմնական միտքը պարզ է. մենք դատապարտւած չենք սնւելու այնպէս, ինչպէս թելադրում է արդիւնաբերութիւնը։ Եւ որքան շուտ սկսենք վերադառնալ աւելի բնական սննդի, այնքան մեծ կը լինեն առողջութիւնը պահպանելու մեր շանսերը։

News.am

Related Articles

Back to top button